«Բալասանյան» դաշինքը «ձեռնպահ» քվեարկությամբ խոչընդոտում է, որ Գյումրու ավագանին ուղերձով կառավարությունից գումար խնդրի

koxm 1

Գյումրու ավագանու Իրավական հարցերի և Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովները, ըստ էության, մերժեցին ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ավագանու ուղերձով ՀՀ կառավարությանը դիմելու համար:

Նախագծով Գյումրու ավագանին ՀՀ կառավարությունից 550 մլն դրամի չափով գումար է խնդրում, որպեսզի Գյումրիում ևս մանկապարտեզները գործեն անվճար:

Ուղերձի այս նախագծի քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ ավագանու չորս հանձնաժողովների միացյալ նիստում: Եվ քվեարկության դրվեց առանձին-առանձին՝ սկզբում Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի, այնուհետ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովներում:

Երկու հանձնաժողովներում էլ իրենց ձեռնպահ քվեարկություններով «Բալասանյան» դաշինքի անդամները, ըստ էության, խոչընդոտեցին նախագծի ընդունմանը:

ԳԱԼԱ-ից նախագծի հեղինակ Քրիստինա Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց փաստաթուղթը՝ ներկայացնելով նաև ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները՝ Գյումրիում սոցիալական պատկերի և երեխաների աղքատության վերաբերյալ:

Հեղինակը կոչ արեց կողմ քվեարկել, որպեսզի դիմեն կառավարությանը և գումար խնդրեն կառավարությունից:

Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովում 8 անդամներից մեկը՝ ԲՀԿ-ական Արմեն Բադեյանը, բացակայում էր, «կողմ» քվեարկեցին Քրիստինա Մկրտչյանը (ԳԱԼԱ), Հասմիկ Եղիազարյանը (ՀՎԿ) և Արմենուհի Մխիթարյանը (ԲՀԿ): «Բալասանյան» դաշինքի չորս անդամները ձեռնպահ էին:

Իրավական հանձնաժողովում ևս 8 անդամից մեկը բացակայում էր: Ներկա յոթից կողմ քվեարկեցին Լևոն Բարսեղյանը (ԳԱԼԱ), Անդրանիկ Խաչատրյանը (ԲՀԿ) և Ավետիս Առաքելյանը (ՀՎԿ): Մյուս չորսը «Բալասանյան» դաշինքից դարձյալ քվեարկեցին ձեռնպահ:22

Նկատենք, որ ֆինանսավարկային հանձնաժողովում հարցն ավելի վաղ էր քննարկվել, և հանձնաժողովը քվեարկել էր 4 կողմ, 4 ձեռնպահ:

ԳԱԼԱ-ն այս նախագիծը ներկայացրել էր դեռ հոկտեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ դեկտեմբերի 6-ին:

Նկատենք նաև, որ այս հարցը լսելի կլինի նաև դեկտեմբերի 21-ի ավագանու նիստի օրակարգում՝ անկախ այն բանից, թե հանձնաժողովներն ինչ եզրակացություն են տվել նախագծին՝ դրական կամ բացասական:

Գյումրու քաղաքապետարանի կանոնակարգի համաձայն հանձնաժողովների դրական կամ բացասական եզրակացությունների կցմամբ այս հարցը դրվելու է ավագանու դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում:222

 Նախագիծը՝ ստորև՝

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի, Գյումրի համայնքի ավագանու (այսուհետ՝ ավագանի) կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման նախագիծը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

  1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ք. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Կատարող՝                                   Ք. Մկրտչյան

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N-Ա որոշման

Հայաստանի Հանրապետությունում մանկապարտեզների մատչելիությունը տարբեր է: Մայրաքաղաքում մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեի մեծության շնորհիվ մանկապարտեզներն անվճար են, մյուս բոլոր համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, որտեղ կան համայնքապատկան մանկապարտեզներ՝ վճարովի, իսկ մոտ 500 համայնքներում համայնքապատկան մանկապարտեզներ ընդհանրապես չկան: Այս խտրականության հետևանքով առաջին դասարան գնացող երեխաների մի մասն ունենում է նախնական գիտելիքներ, մյուսները՝ ոչ, ինչը հետո հանգեցնում է ուսման առաջադիմության շոշափելի տարբերությունների՝ դրանից բխող հետևանքներով: Ներկայումս մոտ 46 տոկոս աղքատության մակարդակ ունեցող Գյումրի քաղաքում ծնողը պարտավոր է վճարել ամսական միջին հաշվով 7-8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ՝ որպես մանկապարտեզի ուսման վարձ: Գյումրիում սոցիալական դրության, աղքատության բարձր մակարդակի հանգամանքների բերումով հազարավոր ընտանիքների անվճարունակության պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Գյումրու քաղաքապետարանի տվյալներով 1700 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Գյումրու ավագանին, վերլուծելով ստեղծված դրությունը, համայնքային բյուջեի կարողությունը, գտնում է, որ ինքնուրույն հնարավորություն չունի վերացնելու Գյումրու մանկապարտեզահասակ երեխաների շրջանում այս խտրականությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք ՀՀ պետական բյուջեի կամ այլ հնարավոր միջոցներից տարեկան 550 մլն Հայաստանի Հանրապետության դրամ սուբվենցիա հատկացնել Գյումրի համայնքին: Այդ հատկացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը, մինչև Գյումրին տնտեսապես զարգանա, ինչի արդյունքում կաճի համայնքային բյուջեն, և համայնքը կկարողանա ինքնուրույն հոգալ բոլոր երեխաներին անվճար նախնական կրթություն տալու ծախսերը:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 

ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁԻ 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու, նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելը մատչելի դարձնելու և նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության գործընթացը լիարժեք ապահովելու անհրաժեշտությամբ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 

ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁԻ 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐԻ 

ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունմամբ Գյումրի համայնքի 2017 թվականի բյուջեում էական փոփոխություններ՝ ավելացումներ կամ նվազեցումներ, չեն նախատեսվում:

 

Դիտվել է՝