«Դատախազությունն արհամարհել ու չի կատարել Ս. Սարգսյանի հանձնարարականը… Սա մեծ նվեր էր պաշտպանական կողմի համար»

serj-sargsyan-6

«Պետք է այսուհետ կալանքի միջնորդությունները հիմնավոր լինեն. սա Ս. Սարգսյանի հանձնարարականն էր գլխավոր դատախազին, բայց աննախադեպ բան տեղի ունեցավ: Ս. Սարգսյանի հանձնարարականից երեք ամիս անց դատախազն արհամարհեց, ոչ միայն հիմնավոր պահանջ չներկայացրեց, այլև գրավոր միջնորդություն չներկայացրեց, սրանով դատախազությունն արհամարհեց Ս. Սարգսյանի հանձնարարականը, եթե այլ բացատրություն կա սրան, խնդրեմ, թող ներկայացնեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ՀԽ անդամ, ընդդիմադիր ակտիվիստ Գ.Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ով հայտարարում է, որ իր պաշտպանյալի կալանավորումը եղել է օրենքի կոպիտ խախտումներով, գործը կուղարկվի ՄԻԵԴ:

-Պարոն Հայրապետյան, անցած ուրբաթ օրը Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարության ընթացքում մեղադրող դատախազի բանավոր միջնորդությունը՝ ընդդիմադիր ակտիվիստ Գ. Սաֆարյանին կալանավորելու վերաբերյալ, դատավոր Տ. Գրիգորյանը բավարարեց: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ դա անօրինական է: Կմանրամասնե՞ք, թե հատկապես ինչ խախտումներ թույլ տրվեցին:

-Այդ դատական նիստն աննախադեպ էր, աննախադեպ բան էր վերջին տարիներին քրեական դատավարության օրենսդրության մեջ: Փաստորեն մեր քրեական դատավարության օրենսդրությունը 20-25 տարով հետ շպրտվեց, խորհրդային ժամանակներ մինչև, քանի որ 1998 թվականին, երբ որ ընդունվել էր քրեական դատավարության օրենսգիրքը, մի շարք պահանջներ էր ներկայացրել, ու վերջին քսան տարիների ընթացքում այդ պահանջները կալանքի հետ կապված ոչ ոք չէր կարող ոտնահարել, անտեսել, քանի որ դրանք օրենքի իմպերատիվ պահանջներն էին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝