Կոնգրեսական. Միացյալ Նահանգները կարող է օգնել սիրիահայերին

F521F7B0-4DCF-44EF-8A4F-31FBA80186A1_cx17_cy16_cw67_w1023_r1_s

Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.

«Կարծում եմ, մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթեւան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը նույնպես կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»:

Կոնգրեսականի խոսքով, Հայաստանը, որը վերջին տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ է ընդունել Մերձավոր Արեւելքից, նույնպես կարող է ակնկալել օգնություն՝ փախստականներին աջակցելու հարցում.

«Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ: Ուրախ եմ աշխատել նրանց հետ այս հարցում»:

Կոնգրեսական Բիլիրակիսը, ով մասնակցում է Վաշինգտոնում այս օրերին անցնող կրոնական ազատության համաժողովին, ընդգծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հետեւողականորեն պաշտպանի քրիստոնյաների շահերն աշխարհով մեկ, որտեղ էլ դրանք ոտնահարվեն.

«Մենք բազմաթիվ պետությունների տնտեսական աջակցություն ենք հատկացնում: Սակայն, կարող ենք դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որտեղ քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են, որտեղ չկա կրոնի ազատություն»:

Այդ կապակցությամբ կոնգրեսականը կրկին անգամ ընդգծել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կարեւորությունը Կոնգրեսի մակարդակով: Հիշեցնենք, որ Թուրքիան, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պնդում է, թե փոխարենը տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտով պայմանավորված զարգվածային սպանություններ:

Հակառակ կարծիքն ունեն ԱՄՆ-ի 50 նահանգներից 48-ը եւ Եվրոպայի երկրների մեծ մասը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է նաեւ 1981-ին՝ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը: 1975-ին, 1984-ին եւ 1996-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

Այսօր Գաս Բիլիրակիսի կարծիքով, կրկին ժամանակն է բարձրացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցը: Կոնգրեսականն ընդգծում է, որ պատրաստվում է քննարկել այդ հարցը իր՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականներիհետ։ Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մեծամասնություն է կազմում Կոնգրեսի երկու պալատներում.

«Կարծում եմ, բանաձեւը կարող է ընդունվել: Մենք այն կքննարկենք մեր առաջնորդների հետ: Այն սկզբում պետք է արտաքին հարաբերությունների հանձնաժողով մտնի, որտեղ ընդունվելուց հետո, մենք Հայոց ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի մեծ օրակարգ կմտցնենք: Այս հարցը պետք է մեկընդմիշտ ընդունել»:

amerikayidzayn.com

Դիտվել է՝