Գրպանում ընդամենը մեկ դոլարով ճանապարհ դեպի Եվրոպա. Ալեքսան Ստեփանյանի կյանքի պատմությունը

11111

Եվրոպա հասնելու, այնտեղ բազմաթիվ դժվարությունների գնով կայանալու առանձնահատուկ պատմություն ունի Ալեքսան Ստեփանյանը: Անհավատալի պատմություն կարող է թվալ մեկ գիշերում կայացրած որոշմամբ վեր կենալ առավոտյան, ծնողներին տեղեկացնել, որ որոշումն անբեկանելի է, որ պետք է փորձի կայանալ արտասահմանում, գնալ իր ճակատագրի հետեւից, տոպրակում տեղավորել խիստ անհրաժեշտ մի քանի հագուստ, հրաժեշտ տալ տան անդամներին եւ գրպանում ունենալով ընդամենը մեկ դոլար՝ ճանապարհ ընկնել:

Իսկապես կարող է թվալ անհավատալի, սակայն ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, պատմում է Ալիկը եւ հպարտանում՝ 25 մասնագիտություն ունի: Հետո պիտի երկար թվարկի, որտեղ ինչ հասցրեց սովորել՝ օրվա հացը վաստակելու համար, երբեք չտրտնջալ, երբեք չհապաղել՝ հերթական հմտությունը յուրացնելիս:

«Ի՜նչ գործ ասես արել եմ: Սկսած կաշեգործությունից… 12 տարեկանից սկսել եմ քարի գործ, սիրել եմ ճարտարապետությունը: Փոքր հասակից գնում էի արհեստանոցներ, աշխատում վարպետների հետ: Մետաքսյա Սիմոնյանի արձանի վրա եմ աշխատել, էլի հայտնի մարդկանց, անգամ գերեզմանաքարերի արձանների: Շատ-շատ գործեր կան, որ ես այդ ժամանակ, իհարկե ոչ մանրակրկիտ, բայց այդ կոպիտ տաշելու գործերն անում էի առավոտից իրիկուն: Չագուչն ու զուբիլը ձեռքս տաշում էի ու սովորում էի արձան կերտել: Հետո որպես ընտանիքի միակ տղա մաման պապան սկսեցին ամբողջ օրը կռիվ անել, թե էդ ինչ գործ էր, գնացիր կպար դրան, ամառներն արեւի տակ, ձմեռը՝ ցրտի ու ձյան: Ես էլ գժի պես սիրում էի այդ գործը, ասում էի՝ արվեստագետ պետք ա դառնամ, քանդակագործ: Հետո վարպետս տեսավ, որ տանը համաձայն չեն, ասեց՝ ընկեր ունեմ, փայտի գործ է անում, արի իր հետ խոսեմ, գնա այնտեղ: Չորս տարի սովորելուց հետո ես գործս փոխեցի, գնացի մյուս մասնագիտությանս հետեւից՝ կահույքագործ: Սկսեցինք Հայաստանում կահույք արտադրել: Ես ու Գեւորգն էինք՝ վարպետս: Ինքը Հայաստանում շատ հայտնի էր, սիրիացի էր, շատ որակյալ գործ էր անում եւ շատ էր շրջագայում: Ինձ հանձնարարում էր, ինքը գնում, հետո գալիս գնահատում էր: Ես էլ շատ աշխատասեր էի»:

Կյանքը բազմաթիվ փորձություններ էր պատրաստել նրա համար, պիտի դեգերեր աշխարհի մի շարք երկրներում, աշխատեր տարբեր մասնագիտություններով, սովորեր նորերը, մինչեւ որ հասկանար՝ իրեն ավելի հոգեհարազատ է Եվրոպայի սիրտը՝ Բրյուսելը:

Կյանքի խոչընդոտներն ու դժվարությունները չեն փոխել նրան: Ընկերների, հարազատների համար նա շարունակում է մնալ նույն Ալիկը՝ հոգատար, ընկերասեր, յուրաքանչյուրին օգնության ձեռք մեկնող եւ հայրենասեր: Նա իրեն երբեք չի կտրել Հայաստանից՝ մշտապես հեռու ապրելով հայրենիքից:

Ցանկացած երկիր ոտք դնելով՝ փորձել է համախմբել հայերին, ուժեղ սփյուռք ձեւավորելու հարցում իր ավանդն ունենալ: Ոչ միայն հեռվից հետեւել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այլ մշտապես գալ հայրենիք, լինել ականատես՝ ցանկացած փոփոխության, իր լուման ներդնել, մասնակիցը դառնալ:

Ընտանիքի անդամները գիտեն՝ արդեն երկու տասնամյակից ավելի Բրյուսելում ապրելով հանդերձ, իր տան պատերի ներսում պետք է խոսել հայերեն: Անգամ շշուկով հնչած օտար լեզուն հունից հանում է նրան. «Խոսե՛ք հայերեն»,- անմիջապես հնչելու է հորդորը: Հիմա արդեն բոլորը գիտեն, երբ Ալիկը տանն է, ոչ մի օտար լեզու:

66666Հայերեն տառերը դաջված են Բրյուսելի Մոլենբեկ թաղամասի իր տան պատերին: Առաջին հարկում խանութ է հիմնել՝ «Ախթամար»:

Խանութի ներսում եւս իր ուրույն տեղն է գտել հայերենն ու հայկականը… Դե իհարկե կոնյակ, հյութեր, պահածոներ, խաղողի թուփ ու լավաշ: Բրյուսելում ապրող հայը երբեք անմասն չի մնա Հայաստանից բերված բարիքներից:

111111

5555 22222 33333 66666 444444 777777

Հպարտությամբ է Ալեքսանը ցույց տալիս իր ձեռքբերումները: Շուրջբոլորը ամեն ինչ քրտնաջան եւ ազնիվ աշխատանքի արդյունք է, որը ստեղծել է՝ չունենալով ոչինչ… կամ ունենալով ընդամենը 1 դոլար:

«Հիմա այստեղ բացարձակապես բոլոր շինարարական աշխատանքները ես եմ արել՝ էլեկտրիկը ես եմ, վադապռավոդչիկը ես եմ, կաբելչիկը՝ ես եմ, խոհարարը ես եմ: Նոր տարվա արարողություններ ա, Զատիկ ա, թե տոն, բոլորը գիտեն՝ խոհանոցի ասորտիմենտը ես եմ ապահովելու: Կինս էլ մասնագիտությամբ դերձակ է, երկար տարիներ աշխատել է: Նրանից էլ դերձակություն եմ սովորել»,- հպարտությամբ պատմում է Ալեքսան Ստեփանյանը:

Բրյուսելում ապրող հայերը ճանաչում են նրան: Նա ասոցացվում է մարդկանց մոտ որպես վստահելի, ազնիվ ընկեր, ում հետ կարելի է ճանապարհ անցնել, ով անձնուրաց ամեն վայրկյան կարող է կիսել դժվարությունները:00000

1313 111212

Բրյուսել մեկնած լրագրողական խմբերին, եւ ոչ միայն, Ալիկն ուղեկցում է անտրտունջ, ցուցադրում տեսարժան վայրերը՝ անընդհատ եւ անդադար խոսելով Հայաստանից, երազելով ունենալ ավելի լավ երկիր, որտեղ կգնահատվեն մարդու գաղափարները, որոնք սեփական երկրում կյանքի կոչելու համար կլինի պարարտ հող: Ասում է՝ գուցե դրա պակասն է իրեն բերել օտար երկիր…

Լրագրողներից լրագրությունն է յուրացրել, օպերատորներից՝ օպերատորական աշխատանքը եւ այսպես շարունակ: Անընդհատ կրթվելու, նորը յուրացնելու եւ բացահայտելու մղումները նրան շարունակում են հղկել:

Ինքնաբավ է մեր հերոսը, գոհ է այն ամենից, ինչ կարողացել է ստեղծել, գոհ է ընտանիքից, ընկերներից ու հարազատներից: Ամենամեծ պարգեւն ունի արդեն, հրաշք երեխաներ, հասկացող կին ու կյանքի ընկեր, ծնողներ, ովքեր միշտ կողքին են՝ իրենց անփոխարինելի խորհուրդներով:

Իսկ կյանքը զարդարում է գեղեցկուհի դուստրը, ով ցածրաձայն կասի՝ «մեղսի, մադամ», բայց կերգի հայերեն, հայրն է այդպես կամենում՝ գեղեցկուհի հայուհի է, պետք է խոսի հայերեն:

1010 9999

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝