«Ժ. Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձին սպառնացել են, որ ծառայության մեջ գտնվող որդիներին կվնասեն, եթե հրաժարվի ցուցմունք տալուց»

sefilyan

«Սեֆիլյանը ոչ թե հրաժարվում է ցուցմունք տալուց, այլ համարում է, որ այս ամբողջ միջոցառումը թատերական բեմադրություն է, և ինչ-որ մեկի կողմից սցենար է գրվել, անգամ որ ցանկանա ինչ-որ բան անել, չի կարող, քանի որ իր հետ կապ չունեն, ինչ-որ անձինք զենքեր են տեղափոխել, իրար տվել-առել, որոնցից Պետրոսյանին, օրինակ, ընդհանրապես չի ճանաչում, և հետո վերջում այդ զենքերի փոխադրումը դարձել է, որ Ժ. Սեֆիլյանը փորձել է հեղափոխություն կատարել, այս պարագայում անգամ ցուցմունք տալը ծիծաղելի կլինի, քանի որ եթե անձն ինչ-որ բանից տեղյակ չէ, ինչի՞ մասին պետք է ցուցմունք տա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին նշեց Ժ. Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանն, ինչպես հայտնի է, մեղադրվում է զանգվածային անկարգությունների նախապատրաստման, զենքի ձեռքբերման և դրա միջոցով ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրության մեջ: Սեֆիլյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և տեղի ունեցող դատավարությունն էլ համարում է թատերական ներկայացում:

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյան

Սույն գործով անցնող Հովհաննես Պետրոսյանը միակ անձն է, որ ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, ու վերջինիս տված տվյալների հիման վրա էլ Սեֆիլյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նախորդ դատական նիստին հարցաքննության ընթացքում Հ. Պետրոսյանը մասնավորապես նշեց, թե Ժ. Սեֆիլյանի հանձնարարականով ինքը զենք է ստացել գործով մեկ այլ մեղադրյալ Հրայր Թոփչյանից, որը պետք է օգտագործվեր իշխանափոխության նպատակով զինված հարձակումներ կատարելու համար: Պաշտպան Տ. Հայրապետյանին, սակայն, զարմացրել են Հ. Պետրոսյանի այն հայտարարությունները, որոնցում նա նշում է, թե բազմիցս հանդիպել է Սեֆիլյանի հետ, բայց չի հիշում՝ երբ, որտեղ և կամ ինչ հարցեր են քննարկել: «Նայենք Հ. Պետրոսյանի ցուցմունքների արժանահավատությանը, ինքն ասում է, որ եղել է Ժ. Սեֆիլյանի համակիրներից, ցուցմունքում գրել է, որ Ֆեյսբուքով գրել է Սեֆիլյանին, քանի որ նրա գաղափարների համակիրն է, ցանկանում է հանդիպել, բայց Սեֆիլյանը չի հանդիպել իր հետ, հետագայում ինքը շարժմանը համակրել է ու փորձել է հանդիպել ու ասել, որ գաղափարակից է, Սեֆիլյանին համարում է ազգի հերոս ու պատրաստ է Սեֆիլյանի հանձնարարությամբ ինչ-որ բաներ կատարել: Հարց է առաջանում. եթե այդպես է եղել, այդ դեպքում ի՞նչ փոխվեց, որ ինքը հրաժարվեց Սեֆիլյանի համակիրների հետ կապված ինչ-որ գործունեություն իրականացնել»,- նշում է փաստաբանն ու շարունակում, թե զարմանալի է նաև այն, որ Հ.Պետրոսյանը՝ Սեֆիլյանի գործունեությունից հիասթափված ամբաստանյալը, ՀԽ մյուս անդամների հետ ևս խնդիրներ ունի:

 «Մի պահ ենթադրենք, որ Սեֆիլյանից է հիասթափվել, ապա մյուսներից, ասենք, Գ.Սաֆարյանից ինչո՞ւ է հիասթափվել, որ Սաֆարյանի դեմ նախորդ նիստին չգիտեմ ինչեր էր ասում: Բացի այդ, եթե անձը այսքան նվիրյալ է եղել, փորձել է էդ շարժման մեջ ընդգրկվել, հետո ի՞նչ տեղի ունեցավ, որ այդպես արեց, չկա տրամաբանություն, հետևաբար պատասխանը կարող է լինել այն, որ նա ներդրված անձ է, քանի որ 2014 թվականից նրա հեռախոսները գաղտնալսվել են»,- ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է Հրայր Թոփչյանին, ով ևս նախաքննության փուլում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել, դատարանում հայտարարել է, որ քննչական բաժնում իրեն ստիպել են՝ սպառնալով, որ կվնասեն ծառայության մեջ գտնվող որդիներին: «Այստեղ ակնհայտ է, որ անձը, որ մի քանի դրվագներով զենքի շրջանառություն է կատարել, ակտիվ մասնակցություն ունեցել, իր նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ, բայց մյուսներին ոչ միայն մեղադրանք է առաջադրվել, այլ նաև նրանք կալանավորված են: Հ. Թոփչյանն առաջին երկու օրը պատշաճ ցուցմունք է տվել, հետո ցուցմունք է տվել, որ իր պաշտպանը չի եղել քաղաքում, եղել է ՌԴ-ում, այդ ժամանակ իրենց տեղափոխել են քննչական կոմիտե, առավոտից երեկո պահել են ու ասել, ցուցմունք են դրել իր առջև ու ասել, որ դու պետք է այս տիպի ցուցմունք տաս, նրա երեք տղաները բանակում են եղել, եղբայրն էլ գնդապետ է, ասել են՝ եթե նման ցուցմունք չտաս, տղաներիդ կամ եղբորդ հետ դժբախտ դեպքեր կպատահեն, ուստի որոշել է՝ ավելի լավ է ստոր ցուցմունք տա, քանի որ իր տղաները և եղբայրը գտնվում են վտանգի տակ, դա ինքը դատաքննության ժամանակ է ասել: Ես չգիտեմ, թե որքան կանխամտածված են նրան ներդրել, բայց Հ.Պետրոսյանի քեռու տղան, այսինքն Թոփչյանը, եղել է ամենայն հավանականությամբ գործակալ»,- ասաց փաստաբան Տ. Հայրապետյանը:

Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական հաջորդ նիստը կկայանա ուրբաթ օրը:

 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝