«Մեր երկրում կան մարդիկ, ովքեր փողից կուրացած պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել բոլորին, նույնիսկ Ադրբեջանին»

նկկկկ

«Մեր երկրում կան մարդիկ, ովքեր փողից կուրացած պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել բոլորին, նույնիսկ Ադրբեջանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է 1,5 տարվա ազատազրկման դատապարտված և պատիժը կրած «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:

Նա պատմել է, որ նախաքննության ընթացքում 9 ամիս շարունակ զրկված է եղել արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից: Հնարավորություն չի տրվել անգամ շփվել մոր հետ:

Հովհաննիսյանն ասում է, որ դա պատահական չէ: Նպատակ են հետապնդել լռեցնել իրեն: Ձերբակալությունից շուրջ 4 ամիս առաջ Անի Հովհաննիսյանը կայքում տեղեկատվություն է հրապարակել, որ ՀՀ-ում գործող ՎՏԲ բանկում բաժնեմաս ունի Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը:

Այն էլ ապրիլյան պատերազմի օրերին թվում էր, թե երեւույթը պետք է պաշտպաններ չունենար, սակայն ճիշտ հակառակը, ասում է Անին եւ հավելում, որ փողից կուրացածներ, ովքեր պատրաստ են անգամ Ադրբեջանին ծառայություններ մատուցել, կան ինչպես պետական, այնպես էլ լրատվական ոլորտում:

«Դրանք մարդիկ են, ովքեր հանուն փողի ընդունակ են ամեն ինչի: Բառիս բուն իմաստով, ամեն ինչի: ՎՏԲ բանկի մասին առաջին հրապարակումից անմիջապես հետո իմ կյանքում տարօրինակ իրադարձություններ սկսեցին տեղի ունենալ: Իմ ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս միջոցով անընդհատ խորհուրդ էին տալիս զգուշանալ, խորհուրդ էին տալիս, որ ես հեռու մնամ ՎՏԲ բանկի հետ կապված որեւէ թեմայի լուսաբանումից»:

Թեմայի վերաբերյալ հետաքրքրությունն ավելի է աճել, երբ որոշել է չսահմանափակվել միայն լուսաբանումներով եւ ձեռնամուխ է եղել ՎՏԲ բանկի կապիտալից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամին դուրս հանելուն կամ ՀՀ-ում այդ բանկի մասով ՀՀ ազգային անվտանգությանը չսպառնացող գործունեությունը ապահովելու հարցը կարգավորելուն ուղղված ստորագրահավաքին:

«Ի դեպ, հետագայում ՀՔԾ-ն Տիգրան Ուրիխանյանին իբր շորթելու կասկածանքով իրականացրած խուզարկությունների ժամանակ առգրավեց այդ ստորագրահավաքի թղթերը: Չգիտեմ՝ ինչ բացատրություն կտան նրանք այդ գործողության համար, ինչո՞ւ է մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունն այդքան սարսափած շինծու քրեական գործի հետ որեւէ առնչություն չունեցող ստորագրահավաքի բլանկների առգրավմամբ, մնում է միայն ենթադրել: Սակայն, ըստ էության, ինձ համար ամեն ինչ պարզ է»,- նշեց լրագրող Անի Հովհաննիսյանը:

«Ծառուկյան» դաշինքում տեղ զբաղեցրած, մինչ այդ ԲՀԿ-ն լքած եւ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն ստեղծած Ուրիխանյանը սկզբնական շրջանում ինքն է առաջարկել իր ծառայությունները լրագրողին եւ հանդիպում է խնդրել:

«Այդ մարդուն ես առանձնապես լուրջ չեմ վերաբերվել, ուստի եւ չունեի նրա դատարկախոսությունները լսելու ժամանակ: Անորոշ ժամանակով հետաձգեցի հանդիպումը, սակայն Տիգրանը համառորեն զանգում էր ինձ եւ հանդիպում խնդրում: Նրան միացել էր նաեւ նրա օգնականը: Հետագայում իմ պաշտպանի պահանջներին ընդառաջ չգնաց ՀՔԾ-ն եւ այդպես էլ չհանեց իմ հեռախոսի վերծանումները, որպեսզի ես հնարավորություն ունենամ ապացուցելու Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ինձ բազմաթիվ զանգեր կատարելու փաստը»:

Ի վերջո, հանդիպումը կայացել է եւ քննարկվել է ՎՏԲ բանկի հետ կապված հնարավոր համագործակցության հեռանկարները: Ուրիխանյանն անգամ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել է այդ հարցը, որ ՎՏԲ բանկում կա ադրբեջանական կապիտալ:

«Ես այդ ժամանակ չէի էլ կարող ենթադրել, որ Տիգրանին ամեն գնով փորձում են ներդնել իմ շրջապատ, հետագայում քրեական գործ բեմականացնելու նպատակով: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Տիգրանն ինձ առաջարկեց նաեւ գովազդային համագործակցություն: Ես դա մերժեցի ու դա արեցի առաջին հերթին ինքս ինձ համար: Քանի որ չէի պատրաստվում ընդունել չարածս, էլ ուր մնաց չարածիս մեջ հանցակից դարձնեի մարդկանց, ովքեր նույնիսկ անուղղակի կապ չէին կարող ունենալ այս ամենի հետ: ՀՔԾ-ում սկսվեց խուճապը: Նրանք այս սցենարը չէին հաշվի առել: Նրանք ենթադրում էին, որ ես, լինելով կին, շուտ կկոտրվեմ ու լաց լինելով կհամաձայնեմ այդ ստոր գործարքին: Բայց այդպես չէր կարող լինել: Ինձ մեղադրում էին մի բանում, որը ես չէի կատարել: Նույնիսկ եթե ցմահ բանտարկեին, միեւնույն է, ես չէի կոտրվելու: Այդ միտքն ինձանից չէին էլ թաքցնում: Կարեն Կարապետյանն իր հանդիպումների ընթացքում, իսկ հետագայում նաեւ քննիչը, ինձ անընդհատ ասում էին, որ բանտից դուրս գալու միակ ելքը ստորագրելն է իրենց ասածների տակ:

Այնուհետեւ սկսվեց իմ անձի նկատմամբ այնպիսի հետապնդում, որ ինձ սկսեցին մեղադրել հանցանքներում, որոնք ենթադրաբար կատարվել էին ինչ-որ ժամանակահատվածում, երբ ես ոչ այդ մարդկանց էի ճանաչում, ոչ էլ կարող էի կապ ունենալ այդ ենթադրյալ գործողությունների հետ: «Անալիտիկ» ՍՊԸ-ին խոշոր գումար տուգանեցին՝ չգրանցված աշխատողներ ունենալու համար: Պատկերացրեք, ես բանտում եմ, եւ ամեն ամիս ՊԵԿ-ից ստանում եմ հերթական նամակը՝ տույժ ու տուգանքները վճարելու մասին: Աբսուրդն այն աստիճան էր, որ ինձ քողարկված ցանկությունների համար մեղադրանք առաջադրեցին, թ ե իբր ես ունեցել եմ քողարկված ցանկություններ եւ նպատակներ: Ընդհանուր առմամբ իմ նկատմամբ հարուցվեց չորս տարբեր հոդվածներով քրեական գործ, որոնցից երեքով արդարացվեցի: Ամբողջ քրեական գործը բաղկացած է 18 հատորից, որտեղ ընդամենը 80 էջն է ինձ վերաբերում»:

 

Դիտվել է՝