Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ի՞նչ կտա ՀՀ քաղաքացուն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

aj

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպվել է «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ միջոցառումը կարեւոր նպատակներ ունի. նախ եւ առաջ տալ հանրային իրազեկման արշավի մեկնարկը՝ համաձայնագրի հետ կապված:

«Կարծում ենք, որ քաղաքական հարթության մեջ հանրային իրազեկումը կարեւորագույն նախապայման է հաջող եւ արդյունավետ համատեղ աշխատանքի համար, քանի որ եւ՛ Հայաստանի կառավարության համար, եւ՛ եվրոպացի մեր գործընկերների դիտարկումներով այս համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավել եւ հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն դարձնելով ավելի բարեկեցիկ եւ արժանապատիվ: Երկրորդ կարեւոր նպատակը հասարակական ներառումն է, որովհետեւ ՀՀ քաղաքացիական հասարակությունն իր բոլոր կառուցվածքներով ունի հսկայական պոտենցիալ, եւ համաձայնագրի դրույթների կյանքի կոչելու, արդյունավետությունը բարձրացնելու համար կարեւոր է նաեւ ապահովել հասարակական հնարավորինս լայն ներառումն այս գործընթացների մեջ: Երրորդ կարեւոր նպատակը հենց խորհրդարանական է: Կարծում եմ, որ այս միջոցառումը կարելի է նաեւ համարել խորհրդարանական վերահսկողության մեկնարկ այս համաձայնագրի կատարման հանդեպ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանն ունի քաղաքական հանձնառություն՝ արագացնելու քաղաքական երկխոսության միջոցով ԵՄ 28 անդամ երկրների ազգային խորհրդարանների հետ Հայաստանի աշխատանքները:

ՀՀԿ պատգամավորը նաեւ ընդգծեց, որ այս համաձայնագրով փաստում են, որ արտաքին հարաբերություններն ընդհանրապես, իսկ Հայաստանի քաղաքական օրակարգը մասնավորապես «վաղուց գծային չեն, այլ դառնում են տարածական»:

«Եվ այս տեսակետից եւս կարծում եմ՝ մեր այս միջոցառումը նույնպես մեր մասնակցությամբ, մեր դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ ընդգծում է այս գաղափարը: Այսօրվա միջոցառմանը հրավիրել ենք ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններին, այլ նաեւ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ դեսպանատան գործընկերներին, ԱՄՆ-ի, Չինաստանի, Վրաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների դեսպանատներին՝ ապահովելով մաքսիմալ ներառական ներկայացուցչություն եւ քննարկումների ձեւաչափ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո ամենակարեւոր հարցը, որ տալիս են խորհրդարանականներին, այն է, թե ինչ է տալու այս համաձայնագիրը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի:

Զոհրաբյանը եւս նշեց, որ լսումները միտված են հանրային իրազեկման լայն արշավ սկսելուն, քանի որ հաջողություն կարող է ունենալ այն ծրագիրը, այն գաղափարը, որը կյանքի կոչելու համար ընդգրկվում է քաղաքացին՝ այդ բարեփոխումները համարելով իրենը:

Դիտվել է՝