Անվճար նախակրթարաններ Գյումրիում. ԳԱԼԱ-ի նախագիծն ավագանու նիստի օրակարգ մտցնելու հարցը հանձնաժողովը մերժեց

mankapartez

Ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը պատրաստել է ՀՀ կառավարության ղեկավարին ուղղված ուղերձի նախագիծ, որով տեղեկացվում է, որ Գյումրիում 1700 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Մայրաքաղաքում մանկապարտեզներն անվճար են, Գյումրիում եւ ՀՀ այլ բնակավայրերում՝ վճարովի: Հասկանալի է, որ ստեղծվել է երկակի խտրական իրավիճակ: Մի կողմից, օրինակ, 46 տոկոս աղքատություն ունեցող Գյումրիում ծնողը վճարում է միջինը 7-8 հազար դրամ, իսկ մայրաքաղաքում չի վճարում: Եվ ապա՝ ստեղծված խտրական իրավիճակով պայմանավորված՝ դպրոց հաճախող երեխաներն իրենց գիտելիքներով բաժանվում են երկու խմբի՝ առավել պատրաստված եւ նախնական գիտելիքներից զուրկ: Իրավունքի տեսակետից եւս ստեղծվել են անհավասար պայմաններ երեխաների դաստիարակության համար: Այս խտրականությունը պայմանավորված է Երեւանի բյուջեի առավել բարենպաստ վիճակով՝ մնացած համայնքների համեմատ, ինչն արտահայտվում է ոչ միայն նախակրթարանների ֆինանսավորման ոլորտում:

Գյումրիի ավագանին ուղերձով կարող է դիմել եւ պահանջել իշխանություններից՝ վերացնել խտրականությունը, Գյումրու մանկապարտեզներից անվճար օգտվելու հնարավորություն ընձեռել Գյումրիում բնակվող 4.200 նախադպրոցական տարիքի երեխաներին: Կհղի՞ նման ուղերձ Գյումրի համայնքի ավագանին, բոլոր 4 խմբակցություններն ինչպիսի՞ կեցվածք կորդեգրեն քաղաքի համար այս կարեւոր խնդրին լուծում տալու ուղղությամբ: Ուղերձի նախագիծը դրվել է Ֆինանսավարկային եւ տնտեսական հանձնաժողովի նիստի քննարկմանը: Միայն այս հանձնաժողովի կողմ քվեարկելուց հետո որոշման նախագիծն ընդգրկվում է ավագանու նիստի օրակարգում: Այսօր իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինա Մկրտչյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ բացատրելով, թե որքան կարեւոր է այս հարցը 46 տոկոս աղքատություն ունեցող Շիրակի մարզկենտրոնի համար, ու կոչ է արել հանձնաժողովի ավագանու անդամներին կողմ քվեարկել:

«Եթե հանձնաժողովը հավանություն տա եւ հարցն ընդգրկվի Գյումրու ավագանու նիստի օրակարգ եւ ավագանին էլ այս հարցին լուրջ մոտենա, մենք ուղերձով կդիմենք ՀՀ կառավարությանը:

Գյումրու համայնքային կառույցի հետ ենք իրականացրել մեր հաշվարկները: Մոտավորապես 1 մլրդ 200 մլն-ի կարգի գումար է պահանջվում, որպեսզի Գյումրիում բոլոր փոքրիկներն անվճար նախակրթարան հաճախելու հնարավորություն ունենան: Այս գումարի մեջ մտնում է թե սնունդը, թե աշխատավարձերը:

Գումարի կեսից ավելիի չափ գումար ամեն տարի հատկացնում է Գյումրու քաղաքապետարանը: Եվ պակասում է մոտավորապես 550 մլն դրամի կարգի գումար:

Կառավարությունը կարող է սա տրամադրել գյումրեցի փոքրիկների համար որպես ամանորյա նվեր, եւ մեր փոքրիկները բոլորը մեկ տարի անվճար նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան»:

Այս հարցի հետ կապված մեծ ակտիվություն նկատվեց: Հարցեր ունեին թե համայնքային կառույցի ներկայացուցիչները, թե հատկապես Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները:

«Բալասանյան» դաշինքի անդամները մտավախություն ունեին, որ եթե նախակրթարանները Գյումրիում անվճար դառնան, ապա կստեղծվեն մասնավոր նախակրթարաններ, եւ կավելանա գործազրկությունը: Ի պատասխան այս փաստարկի՝ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչն ասաց.

«Եթե ստեղծվում են մասնավոր նախակրթարաններ, դրանք արդեն իսկ եղածի բազայի վրա են ստեղծվելու՝ եղած դաստիարակներով, աշխատակիցներով: Եթե անգամ նոր բազայի վրա են ստեղծվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում: Այնպես որ, հավասարակշռությունը պահպանվում է: Բացի այդ, չեմ կարծում, որ մեծ թիվ կազմեն այն վճարունակ ծնողները, ովքեր իրենց զավակներին կհանեն համայնքային մանկապարտեզից եւ կտանեն մասնավոր»:

«Բալասանյան» դաշինքի անդամների մյուս փաստարկն այն էր, որ վստահ չեն կարող պնդել, որ կառավարության՝ գումար փոխանցելուց հետո մանկապարտեզ չհաճախող բոլոր երեխաները կհաճախեն:

Ի վերջո, ժամ ու կես տեւած քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության: Հանձնաժողովի 8 անդամներից 4-ը կողմ քվեարկեցին հարցն ավագանու նիստի օրակարգ մտցնելու առաջարկությանը: Կողմ էին ԲՀԿ-ից Սուսաննա Աստոյանը, Ռոման Սարգսյանը, ԳԱԼԱ-ից Արման Գրիգորյանը եւ մեկը «Բալասանյան» դաշինքից: Մյուս չորսը՝ երեք հոգի «Բալասանյան» դաշինքից եւ ՀՎԿ անդամ Հենրիկ Պողոսյանը, ձեռնպահ էին:

Դիտվել է՝