Փախուստ լրագրողներից… անգամ Բրյուսելում. հայաստանյան լրագրողական պատվիրակությունն աշխատեց ինֆորմացիոն վակուումում

1111111

Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովին անդամ պետություններից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) մասնակցում էին տասնյակ լրագրողներ: Ընդհանուր առմամբ գագաթաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ 2000 լրագրող:

Լրագրողների աշխատանքը կազմակերպվում էր մամուլի կենտրոնից, որտեղից կար հնարավորություն խոշոր էկրաններից հետեւելու մի փոքր այն կողմ՝ «Եվրոպա» շենքում տեղի ունեցող իրադարձություններին՝ նախագահների ժամանում, ձեռքսեղմում, լուսանկարման արարողություն եւ այլն:

22222222222

Սեփական երկրի լրագրողական պատվիրակության նկատմամբ հարգանքը սկսվում էր այն պահից, երբ ներս մտնելուն պես տարբեր երկրների եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները մոտենում էին իրենց երկիրը ներկայացնող լրագրողական խմբերին, նրանց հետ շատ կարճ հաղորդակցվում էին, խոսում ԱլԳ գագաթաժողովից ունեցած սպասելիքներից, անելիքներից եւ կարմիր գորգի վրայով շարժվում դեպի լիագումար նիստերի համար նախատեսված դահլիճ: Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող անձը հարկ համարեց միայն ձեռքը թափահարել եւ առանց հետհայացք գցելու արագ շարժվել դեպի դահլիճ:

Ժամանման պահին 1-2 րոպե տեւողությամբ հարցազրույցներ տվեցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Դանիայի վարչապետը, Լյուքսեմբուրգի, Բելառուսի, Հոլանդիայի վարչապետերը եւ այլն…

Մի քանի ժամ ընթացած լիագումար նիստը, որը, հիշեցնենք, փակ է լրագրողների համար, եւ չկա որեւէ ինֆորմացիա՝ ներսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, պետք է որ լրացվեր նախագահական ապարատի կամ արտգործնախարարության մամուլի հետ կապերի՝ իրենց երկիրը ներկայացնող լրագրողների հետ ակտիվ աշխատանքով, ինչը հաջողությամբ կիրառեցին մի քանի երկրներ՝ մեր աչքի առաջ եւ ներկայությամբ:

Գագաթաժողովի ավարտին, երբ պարզ դարձավ, որ ԱլԳ 5-րդ գագաթաժողովի հռչակագիրն ընդունված է, հերթով դեպի մամուլի կենտրոն ժամանեցին տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ՝ արտգործնախարար, վարչապետ… Մոտեցան դահլիճի այն հատվածը, որտեղ իրենց երկիրը ներկայացնող լրագրողներ են, տվեցին հարցազրույց տեղի ունեցած հանդիպումների եւ զարգացումների վերաբերյալ՝ իրենց երկիրը ներկայացնող լրատվամիջոցին իրազեկելով ներսում ընթացող պրոցեսների վերաբերյալ:

Երբ հայաստանցի լրագրողները, գտնվելով հանդերձ իրադարձությունների խառնարանում, նստած էին ինֆորմացիոն վակուումում, իրենց լրագրողական պատվիրակությանը մոտեցավ Վրաստանի վարչապետը, հետո՝ արտգործնախարարը, տալով փոքր հարցազրույցներ՝ նրանք հեռացան: Նույնը՝ մյուս երկրների պարագայում՝ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա…

Ադրբեջանի մասով, անկեղծ ասած, չեմ նկատել, բայց համեմատվելու ցանկություն էլ չունեմ:
Զգացողությունը տհաճ էր: Հայրենիքի, սեփական երկրում ապրող քաղաքացու նկատմամբ հարգանքի բացակայության ակնհայտ դրսեւորում էր: Չկա՞ր ասելիք ՀՀ քաղաքացուն, ինչո՞ւ հայաստանցի լրագրողը չէր կարող իր երկիրը ներկայացնող պաշտոնյայի հետ շփվել, ինֆորմացիան ստանալ նրանից՝ ըստ էության առաջին ձեռքից: Ինչո՞ւ չկա այդ մշակույթը, ի՞նչ վտանգ կարող էր ներկայացնել 1-2 րոպեանոց շփումը լրագրողական պատվիրակության հետ: Արդյոք դա պայմանավորված է գենետիկ վախով, որ կարող են հնչել անցանկալի հարցադրումներ… հնչելու պարագայում ինչո՞ւ նրանք պատրաստ չեն ադեկվատ արձագանքելու:

Թվում է՝ գնալով ստորագրմանը՝ պետք է որ չխուսափեին գործընթացը հանրայնացնելուց, ավելին, պետք է առիթն օգտագործվեր, եւ դուրս գալով լրագրողների խմբին ընդառաջ՝ հայտարարեին, որ ստորագրվեց փաստաթուղթը եւ ինչի սպասի ՀՀ քաղաքացին: Բայց ոչ…

Հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ էին նախագահականի, արտգործնախարարության խոսնակները, ի՞նչ բացատրություն ունի այս կարեւոր իրադարձության ժամանակ նրանց ցուցաբերած անգործությունը, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք էր լրագրողների նկատմամբ:

3333333

Ամենաուշագրավն էլ թերեւս այն էր, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման պահին եւս դահլիճ չթողեցին մտնել հայաստանցի լրագրողներին:

Մեկ-երկու լրատվամիջոց մեծ դժվարությամբ կարողացան գործը գլուխ բերել, պայմանով՝ հարցեր չեն լինի: Հայտնի է, որ անգամ ներս մտնելուց հետո խոչընդոտել են նրանց աշխատանքին՝ փորձելով խլել բարձրախոսը: Դեպքը տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների հետ, երբ ուղիղ եթերում աշխատանքի պահին խլել են բարձրախոսը…

Պարզ ասած, իրադարձությունների կենտրոնում գտնվելով հանդերձ, երբ Հայաստանը կարեւորագույն փաստաթուղթ էր ստորագրում, եւ շատ լրագրողներ պահը պատմական որակեցին, մենք՝ լրագրողներս, այնտեղ չէինք:

444444444444

Այսպիսին էր դեպի Եվրոպա գնացող, բայց եվրոպական արժեհամակարգին խորթ իշխանությունների պահվածքը Եվրոպայի սրտում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝