Դեպի Եվրոպա՝ փողի հետևից

27489_b

Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ  ԵՄ մի քանի բարձրաստճան պաշտոնյաներ հանդիպեցին ԱլԳ անդամ 6 երկրների լրագրողների հետ՝ ներկայացնելով մանրամասներ, թիրախները, որոնց ուղղությամբ միասին աշխատելու են  ԵՄ-ն և ԱլԳ գործընկեր երկրները, ինչպես նաև ամփոփեցին կատարված աշխատանքները:

2009 թվականին Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ներին՝ նպաստելով 10000 նոր աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկություններին 100.000-ից ավելի վարկերի տրամադրմանը եւ 20.000 մարդու վերապատրաստմանը:  Հաջորդիվ, ԵՄ-ն շարունակելու է  աջակցել ՓՄՁ-ներին: Նախատեսված է շուրջ 100 մլն եվրոյի հատկացում (տեղական արժույթով)՝  ՓՄՁ-ներին վարկավորելու: 

Երիտասարդության և կրթության փաթեթի արժեքն է 340 մլն եվրո:  Կլինի աջակցություն ԱլԳ երիտասարդ առաջնորդներին, փոխանակման եւ շարժունակության ավելի մեծ հնարավորություններ կտրվեն երիտասարդներին:

Եւս 170 մլն եվրո կհատկացվի սոցիալական նորարարություններին, կտրամադրվի աջակցություն ակտիվ քաղաքացիությանը, կբարձրացվի հանրային հաշվետվողականության մակարդակը:

Հիմնական տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերի ընդլայնման նպատակով կհատկացվի 150 մլն եվրո գումար,ևս 225 միլոն եվրոյի ներդրում կարվի էներգետիկ արդյունավետության ուղղությամբ:

Անշուշտ սա չէր կարող անտարբեր թողնել ՀՀ իշխանություններին, որոնց ավելի շատ հետաքրքրում է փողը, քան բուն բարեփոխումները, կամ ասենք եվրոպական արժեհամակարգը: Նրանց Եվրոպա է բերել փողը,   ուստի դժվար թե աչքի առաջ ունենալով միլիոնավոր եվրոներ ստանալու հավանականությունը՝ Սերժ Սարգսյանը հրաժարվի ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը: Իսկ ռազմավարական գործընկերոջը թերևս  բացատրել ու հասկացրել են՝ «որքան կարևոր է»  շրջանակային համաձայնագիրը ստորագրել ԵՄ-ի հետ, որն իրենց համար կունենա դեկլարատիվ բնույթ,  որովհետև չկա որևէ ակնկալիք, որ իշխող ռեժիմը վերջ կտա կոռուպցիոն բարքերին, քրեաօլիգարխիկ բնույթի կառավարմանը և վերստին վերարտադրվելու մղումներին:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի ԵՄ-ը, եթե այս անգամ էլ չստորագրվի համաձայնագիրը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան (անունը հրապարակման ենթակա չէ) նշեց, որ իրենք չունեն նման ինֆորմացիա, որ կարող է Հայաստանը վերջին պահին հրաժարվել ստորագրել համաձայնագիրը:

«ԵՄ-ն Հայաստանի հանդեպ շատ մեղմ մոտեցում  որդեգրեց ու նաև բավականին շռայլ գտնվեց: 2013 թվականից հետո, երբ ամենավերջին պահին մեզ մոտ տեղի ունեցավ շրջադարձ՝  180 աստիճանով,  մի շարք երկրներ ասացին՝ վերջ, մոռացեք այլևս: Երկարատև բանակցություններից հետո Հայաստանը վերջին պահին փոխեց որոշումը: Բայց մենք այդպես չվարվեցինք, այլ համբերատար սպասեցինք մինչև Հայաստանը կմտափոխվեր»,-ասաց ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ կշարունակեն աշխատանքները համաձայնագրի  տնտեսական  բաղադրիչն ավելի ամրապնդելու ուղղությամբ:

ԵՄ պաշտոնյաները սպասվածից ավելին են համարում ստորագրվելիք նոր շրջանակային  համաձայնագիրը, և հույս հայտնում, որ այսօր  այն կստորագրի Սերժ Սարգսյանը:

«Այլապես այնպես չեմ ուզում կրկին բանակցություններ վարել Հայաստանի հետ»,-ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Արմենուհի Վարդանյան

Բրյուսել

Դիտվել է՝