ԵՄ ԱլԳ-ը պատերազմի տեղեկանք կտա՞ Բաքվին

zinvor

Ընդամենը 1 օր է մնացել Բրյուսելում Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովին, որի շրջանակներում ակնկալվում է ստորագրել Հայաստան-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը:

Շուրջ 3 տարի պահանջվեց Հայաստանի ու ԵՄ-ի միջև գործընկերության նոր շրջանակ սահմանելու համար այն բանից հետո, երբ 2013թ. նոյեմբերին ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովի ստորագրման սեղանին չհասան Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը (ԽՀԱԱՀ), որոնց շուրջ Երևանն ու Բրյուսելը բանակցել էին 2009թ.-ից՝ շուրջ 3,5 տարի:

2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարություն արեց նոր ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությանն ու նրա Մաքսային միությանը միանալու մասին, ինչն անհնար դարձրեց ոչ միայն ԽՀԱԱՀ, այլև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը: 

Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Այդ ժամանակ Մոսկվայի ուղղակի ճնշումների տակ հայտնված ԱլԳ հատկապես երկու անդամ երկրները՝ Ուկրաինան և Հայաստանը, թեպետ տարբեր ճանապարհներ ընտրեցին, սակայն երկուսի հետ կատարվածն էլ խոշոր հաշվով բացասաբար ազդեց ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի, տեմպերի ու արդյունավետության վրա:

*Ռուսական ճնշմանը դեմ հանդիման ըմբոստության ճանապարհն ընտրած, անվտանգության խնդիրների առջև չընկրկած Ուկրաինան որոշ չափով ընկալվում, իսկ ավելի ստույգ՝ ռուսական քարոզչության ծիրում ներկայացվում է որպես ԱլԳ-ից ու ԵՄ-ի հետ ասոցացումից միայն Ղրիմի կորուստ, իսկ երկրի արևելքում՝ անվերահսկելիություն ու անկայունություն ձեռք բերած երկիր: Իհարկե, Ռուսաստանի ագրեսիային դիմակայելիս այդ քաոսի մեջ ընկղմված Ուկրաինան նաև լուրջ հիմքեր ստեղծեց իր ինքնիշխանությունն ու դիվերսիֆիկացված քաղաքականությունները վարելու համար, իսկ նշվածը ծայրահեղ պրոպագանդայի ու ինֆորմացիոն մանիպուլյացիայի արդյունք է, այդուհանդերձ, դրա հիմքում ընկած Ուկրաինայի կրած տարածքային ու այլ վնասների փաստը նույնպես անժխտելի է:

*Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ռուսական ճնշմանը տեղի տված Հայաստանն էլ, ուզենք թե չուզենք, երեք տարի է՝ ԱլԳ ձևաչափում ներկայանում է անորոշության մատնված, փաստացի սառեցված կամ կախակայված անդամակցությամբ մի երկիր: Հայաստանի գլխավոր ձեռքբերում էլ ներկայացվում է այն, որ նա նախընտրեց զոհասեղան չբարձրացնել Լեռնային Ղարաբաղին, ինչը կարող էր Ուկրաինայի նման կորցնել: Այս առումով, ոչ ամենևին պատահականորեն, Ռուսաստանը բավական հնարամիտ տեխնոլոգիաներով՝ զենքի մատակարարումից մինչև Հայաստանի ազգային շահերի դեմ այլ դեմարշներն ու շանտաժները, Ադրբեջանին դրդեց 2013թ.-ից սկսյալ Հայաստանի ու Արցախի սահմանի ողջ երկայնքով մեծացնել լարվածությունն ու պատերազմի վերսկսման վտանգը, որը հենց ինքն էլ սանձեց 2014թ. ամռանը՝ այդ կերպ ապացուցելով, որ Հայաստանի ու տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն ինքն է և ուրիշ ոչ մեկը:

Այժմ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումն էական բան է փոխում բոլորի համար: Հայաստանի համար այն իր արտաքին ու ներքին քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու, իր արտաքին քաղաքականության մեջ 2013թ. տեղի ունեցած խոտորումը հավասարակշռելու, ինչպես նաև բոլոր համակարգերը ռեֆորմներով արդիականացնելու, արտաքին ու անվտանգության հարցերում ԵՄ-ի հետ երկխոսության ոլորտները որոշակիացնելու, ԱլԳ ձևաչափում իր կարգավիճակը հստակեցնելու և այլ հարցեր է լուծում:

Այն ոչ պակաս կարևոր է նաև ԵՄ-ի համար՝ որպես Կրեմլի տիրակալի «մեկ կրակոցից» մասամբ ցաքուցրիվ եղած ու անորոշության մատնված Արևելյան գործընկերության ձևաչափը վերականգնելու հնարավորություն՝ ի դեմս Հայաստանի վերադարձի: Ի վերջո ձևաչափում ունենալ միայն Վրաստան, որը որքան էլ հստակ եվրաատլանտյան ուղեգիծ ունի, դեռևս չի նշանակում այնտեղ ունենալ Հարավային Կովկաս: Բայց նրա հետ ունենալ նաև եվրոպական ինտեգրման օբյեկտիվ շահագրգռություն և ցանկություն ունեցող, սակայն դրա իրացումից երեք տարի բռնի զրկված Հայաստան, նշանակում է մրցակցության մեջ ներգրավել նաև Ադրբեջանին, որը, թերևս, Կովկասում ամենաքիչ շահագրգռվածն է ԵՄ-ի հետ մերձեցման հարցում: Ավելին, վերջին տարիների Բաքվի վարած ներքին ու արտաքին քաղաքականություններն ավելի հոգեհարազատ են եղել Ռուսաստանին, քան անգամ վերջինիս դաշնակից Հայաստանինը: Հետևաբար, Հայաստանի հստակեցված կարգավիճակով վերադարձն ԱլԳ ձևաչափ չափազանց կարևոր է նաև ԵՄ-ի համար՝ իր կովկասյան քաղաքականության ամբողջացման առումով: Խոշոր հաշվով դա դառնում է 2013թ. Վ. Պուտինի արձանագրած տակտիկական հաջողությունը հետ շրջելու մի մեծ հնարավորություն:

Սակայն վերջին շաբաթներին ի հայտ եկած մի հանգամանք սպառնում է նեղացնել նոյեմբերի 24-ի ԱլԳ գագաթաժողովի այսքան լայն նշանակությունը: Խոսքը վերաբերում է ԱլԳ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրին, որն անդրադառնալու է անցած երկու տարիների ընթացքում ԱլԳ ձեռբերումներին և առաջիկա 2 տարիների անելիքներին: Բաքուն անթաքույց փորձում է խառնել նախկինում դասավորված խաղաքարտերը՝ պահանջելով նոր և միակողմանի մոտեցումներ ամրագրել ղարաբաղյան հակամարտության հարցում, այն դեպքում, երբ լավ գիտի ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների ավանդական դիրքորոշումն այդ կապակցությամբ, որը ձևակերպվեց նաև 2015թ. ԱլԳ Ռիգայի հռչակագրում: Ադրբեջանը դա անում է ինքնուրո՞ւյն, թե՞ Մոսկվայի հետ անբացահայտ համաձայնությամբ, կամ էլ թե՝ լավ իմանալով Մոսկվայի անթաքույց շահագրգռությունն այդ հարցում՝ որքան էլ էական է, սակայն այս պահին նշված հարցերի միարժեք պատասխանն ունենալն անհնար է:    

Ադրբեջանի նախագահականին սպասարկող լրատվամիջոցում նոյեմբերի 21-ին հրապարակված ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասի հետ բացառիկ հարցազրույցից պարզ դարձավ, որ հռչակագրի հետ կապված Ադրբեջանի առարկությունները տակավին պահպանվում են, և տեքստը համաձայնեցված չէ:

Հարցազրուցավարը ներկայացրել էր պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները պնդում են, որպեսզի նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի տեքստում ներառվի «ԼՂ հակամարտության մասին միակողմանի հայտարարության ձևակերպում»-ը (Баку настаивает на введении в итоговую декларацию формулировки одностраничного заявления о конфликте в Нагорном Карабахе): Հաջորդիվ լրագրողը մեկ այլ հարցով անուղղակի հստակեցնում է՝  այսինքն ներառել ԵՄ միակողմանի այնպիսի դիրքորոշում, ինչպիսին արվել է Կատալոնիայի դեպքում՝ հօգուտ Իսպանիայի միասնության և ամբողջականության:

Բաքվում ԵՄ դեսպանը, իհարկե, առարկում է, թե «Կատալոնիայում զարգացումներն ու Ղարաբաղի հակամարտությունը տարբեր նախադրյալներ, կոնտեքստ, իրողություններ, ինչպես նաև՝ դրանք լուծելու տարբեր եղանակներ ունեն» (“События в Каталонии и конфликт вокруг Нагорного Карабаха имеют разные предпосылки, контексты, реалии, а также различные механизмы их решения”), սակայն հավաստիացնում է, թե ԱլԳ գագաթաժողովը բարձրագույն մակարդակով ևս մեկ առիթ կդառնա հաստատելու «ԵՄ գործընկեր բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը» (“Да, ЕС занял четкую позицию по Каталонии, но в то же время ЕС всегда четко поддерживал территориальную целостность, независимость и суверенитет всех партнеров, включая Азербайджан. Саммит ВП станет еще одним поводом подтвердить это на высшем уровне.”)

Դեսպանը նաև բավական հստակ ընդգծում է, որ «ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկությունները, որն այդ հակամարտության քաղաքական կարգավորման առանցքային բաղադրիչն է, ճանաչված/ընդունված նաև Ադրբեջանի կողմից» (“ЕС полностью поддерживает посреднические усилия и предложения сопредседателей Минской группы ОБСЕ, являющегося ключевым компонентом международно сложившегося формата политического урегулирования этого конфликта, принятого и Азербайджаном”)՝ վերջում ընդգծելով, թե այդ ամբողջն ընդունելի է եղել նաև Ադրբեջանի կողմից:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հռչակագիրը կամրագրի ԵՄ աջակցությունը թե՛ Իսպանիայի միասնությանը, թե՛ նաև բոլոր գործընկեր պետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եթե ԵՄ-ը գնա հակամարտությունները տարբերակելու ճանապարհով ու դրույթ ներառի նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա Բրյուսելն ակնհայտորեն հակված է ուղղակի ընդգծել, որ աջակցում է հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ու առաջարկությունները: Սա նույնպես հայտնի ձևակերպում է: Սակայն հենց այստեղ է, որ Ադրբեջանը պահանջում է շեշտել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հայկական կողմն էլ պահանջում է ներառել Հայաստան-ԵՄ նախաստորագրված համաձայնագրի կոմպրոմիսային ձևակերպումը, որը հղում է կատարում հակամարտության խաղաղ կարգավորման երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում:

Ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից ԵՄ-ը պարտավոր է գնալ Հայաստանի առաջարկով, քանզի պաշտոնական Երևանի կողմից հղվող համաձայնագիրը ոչ միայն արդեն նախաստորագրվել է, այլև վերջնական ստորագրվելու է Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում: Ավելին, ԱլԳ գագաթաժողովի հռչակագիրը սոսկ քաղաքական նշանակություն ունի, մինչդեռ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ իրավական պարտադիր ուժ և պետք է արտացոլի արդեն իսկ առկա իրավական կարգավորումները: Նաև, ինչպես նշվեց, Հայաստանի միանալը հռչակագրին նշանակում է նաև նրա վերադարձ ԱլԳ ձևաչափ, ինչը չափազանց կարևոր է հենց ԵՄ ԱլԳ ֆորմատի ռեստարտի տեսանկյունից: Հետևաբար, եթե Հայաստանը հռչակագրի տեքստում անցանկալի ձևակերպումների պատճառով չստորագրի այն կամ վերապահումներ կատարի, ապա ԱլԳ գագաթաժողովի՝ վերը փաստարկված քաղաքական մեծ նշանակությունը նեղանում է, իսկ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ընդամենը դրվում են երկկողմ ռելսերի վրա, ոչ ավելին:

Սակայն առկա է ևս մեկ այլ հետևանք՝ Ադրբեջանի դիրքորոշումներին ընդառաջելը: Հարավային Կովկասում ու ԱլԳ-ում եվրաինտեգրմամբ ամենաքիչը շահագրգիռ ու վերջին տարիներին եվրոպական կառույցների հետ իր հարաբերություններն անդունդին հասցրած Ալիևը միանգամայն այլ տեսակետից է կարևորում հռչակագրում իր տարածքային ամբողջականության մասին միակողմանի հիշատակումը:

Ալիևը հստակ գիտակցում է, որ ԱլԳ-ը երբեք չի զբաղվելու հակամարտության քաղաքական կարգավորմամբ, ոչ էլ ունակ է վերականգնել իր խորհրդային «տարածքային ամբողջականությունը», ինչպես որ դա չի արել ու չի անելու Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հակամարտությունների պարագայում: Նա չի թաքցնում նաև, որ չի հավատում ո՛չ քաղաքական կարգավորմանը, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ավելին՝ Ալիևի վերջին տարիների քաղաքական ախորժակում ամենևին չեն տեղավորվում կարգավորման այն տարբերակները, որոնք առաջարկվում են 2009թ.-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների բազմաթիվ հայտարարություններում: Հետևաբար Իլհամ Ալիևի համար պահանջված ձևակերպումը միայն մեկ նպատակ ունի. միջազգայնորեն լեգիտիմացնել հերթական ռազմական ավանտյուրան ընդդեմ Արցախի Հանրապետության, ինչը չկարողացավ անել 2016թ. ապրիլին՝ «ինքնակամ և միակողմանիորեն հայտարարելով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին» ոչ միայն այն պատճառով, որ հայկական զինուժը գրեթե վերականգնվում էր իր ելման դիրքերի վրա, այլ որ միջազգային հանրությունն էր խնդրում, ինչպես այդ օրերին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը:

Ի վերջո, անթաքույց է, որ Ադրբեջանն այժմ էլ շարունակում է ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությունը, հայատյացության քաղաքականությունն իր երկրում, այլև հստակ նախապատրաստվում է մի նոր պատերազմի՝ սպասելով դրա համար հարմար պահի, շահառու տերությունների ու պատեհ պահի, երբ նաև դրա միջազգային լեգիտիմացիայի ու արդարացման հղումն էլ կունենա ի դեմս հռչակագրի տեքստի…

Ավելորդ է խոսել այն մասին, թե ներքին լսարանում ինչպես կներկայացնի իր նվաճումը ԵԽ-ից դուրս գալ սպառնացող, մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոտնահարման հարցում միջազգային կառույցների պահանջները չկատարող ու ավելի ինքնավստահ, ամբարտավան ու անվերահսկելի դարձող Իլհամ Ալիևը…

Այնպես որ, իրավիճակը, եթե չասենք պատմական կամ ճակատագրական է, ապա կարող է էական լինել հետագա զարգացումների համար: Ադրբեջանի նախագահին պատերազմի տեղեկանք է պետք. տեղեկանք, որը կհաստատի, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) վիճելի կամ կարգավիճակ չունեցող տարածք չէ, այլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հետևաբար, ըստ ադրբեջանական հայտնի մեկնաբանության՝  Բաքուն բոլոր իրավունքներն ունի վերահսկողություն հաստատելու իր տարածքի բոլոր հատվածների վրա, այդ թվում՝ ցանկացած եղանակով: Ի վերջո, վերջին տարիներին, արտահայտվելով մերթ Ուկրաինայի, մերթ Սիրիայի զարգացումների շուրջ՝ Ալիևը հստակ հայտարարել է, որ հակամարտության լուծման միակ ճանապարհն ուժն է, և ուժեղին չեն դատում…

Ու հարց է ծագում. Եվրոպան պատերազմի այդ տեղեկանքն Իլհամ Ալիևին կտա՞, հատկապես, երբ դրանով ոչ միայն կվանի Երևանին ԱլԳ ձևաչափից, ինքն իր ձեռքով կնեղացնի ԱլԳ Բրյուսելյան գագաթաժողովի աշխարհաքաղաքական նշանակությունը, այլ նաև նորմերի կոլիզիա կստեղծի ԱլԳ հռչակագրի և Հայաստան-ԵՄ համաձայնագրի ձևակերպումների, իսկ հետագայում նաև Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ձևակերպումների միջև և վերջապես կբացի պատերազմի դուռն Ալիևի առջև:

Հուսամ՝ Եվրոպայում այս բոլոր հետևանքները հստակ գիտակցողներ կան, ու նման ճակատագրական սխալ թույլ չի տրվի:

Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի

հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և ղեկավար

Դիտվել է՝