«ՀՀ ներքաղաքական զարգացումներում շատ բան, ցավոք, շարունակում է կախված մնալ արտաքին ուժերի դիրքորոշումից». Խուրշուդյան

hovsep xurshudyan

«ԳԱԼԱ»-ի հարցազրույցն «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

-Պարոն Խուրշուդյան, Ձեր գնահատականները երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական վիճակի հետ կապված: Ի՞նչ նոր զարգացումներ են ակնկալվում 2018-ին: Օրինակ, ՀՀ իշխանությունները խոստանում են մինչև 5 տոկոսի տնտեսական աճ: 2018-ի պետական բյուջեի նախագիծն այդ հնարավորությունը տալի՞ս է արդյոք:

- Ցավոք ոչ մի հուսադրող բան 2018-ի համար ակնկալել չեմ կարող: Եվրամիության հետ համաձայնագիրը եթե անգամ կնքվի, դրա ազդեցությունը չի կարող էական լինել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ այն բավականին նեղ շրջանակ է ներառում, ի տարբերություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, որը նախատեսված էր ստորագրել 2013-ին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդպես էլ տեղի չունեցավ: Հակառակը՝ կան մտահոգիչ կանխատեսումներ առ այն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է գնալ երկրի բրեժնևիզացիայի ճանապարհով՝ շարունակելով «կուսակցության գենսեկի» կամ որևէ այլ կարգավիճակով կառավարել երկրում, ինչը է՛լ ավելի կվատթարացնի բիզնես կլիման, և տնտեսվարողների դրական սպասումներն ի դերև կլինեն: Որևէ շոշափելի արտաքին կամ ներքին ներդրում նման պայմաններում ակնկալել ևս անհնար է: Տեսանելի չէ նաև բնակչության, այն է՝ ՀՆԱ ստեղծողների արտագաղթի տեմպերի նվազեցման որևէ նշույլ. արտագաղթ, որը վաղուց արդեն շատ ավելի նման է զանգվածային էվակուացմանը: Նման պայմաններում եթե ՀՆԱ-ի անկում չունենանք, այս իշխանությունների առկայության պայմաններում դա էլ ահագին մեծ ձեռքբերում կարելի կլինի համարել: 5 տոկոս աճը հերթական խաբկանք է. 2018-ի պետական բյուջեի նախագիծն էլ դրա վառ ապացույցն է:

-Ձեր գնահատականն ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությանը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի մասին ի՞նչ կասեք:

- Դեռ վաղ է որևէ գնահատական տալ նորաստեղծ «Հանուն Հայաստան պետության» ճակատին: Մի բան ակնհայտ է, որ այնտեղ հավաքվել են բանիմաց, կարող, հեղինակավոր և երկրի ապագայով ու ինքնիշխանությամբ մտահոգ անհատներ: Բայց երկրում բիզնես միջավայրի, ազատ շուկայական հարաբերությունների, ազատ և օրինավոր մրցակցության հետ մեկտեղ ոչնչացված է նաև քաղաքական համակարգը՝ որպես այդպիսին: Ազգային ժողովի «ընդդիմությունը» կառավարելի է, պատեհ-անպատեհ ամենավերջին բառերով քննադատում է իշխանություններին՝ արդյունքում պայքարի իմիտացիա ստեղծելով և մասամբ պարպելով ժողովրդի դժգոհությունը, սակայն իշխանության համար վճռորոշ և առանցքային հարցերում կամ կողք է քաշվում, կամ էլ աջակցում է դրան՝ այդ թվում դառնալով ներիշխանական ռազբորկաներում գործադրվող գործիքներից մեկը: Դժվար է ասել, թե որքան երկար հնարավոր կլինի նման մեթոդաբանությամբ ժողովրդի դժգոհությունն ուղղորդել պայթյունավտանգ ցնցումներից դեպի պարզ արտագաղթ, սակայն պետք է հասկանալ, որ հենց որ ժողովուրդը դադարի ընդունակ լինել պայքարելու և դիմադրելու, ստիպված կլինենք արձանագրել երկրի և պետական օրգանիզմի՝ արնաքամ, ուժասպառ լինելու հետևանքով առաջացած մահը: Այնպես որ, իրական ընդդիմադիր ուժերի, այդ թվում «Հանուն Հայաստան պետության» ճակատի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առաքելության կարևորությունը ժողովրդին և պետությունն այս ծանր վիճակից դուրս բերելու ուղղությամբ դժվար է գերագնահատել:

-Բավականին քիչ ժամանակ է մնում 2018-ի գարնանը: Ի՞նչ եք կարծում, իշխանության ներսում կա՞ որոշակիություն՝ վարչապետի պաշտոնի շուրջ: Ս. Սարգսյանն ինչպե՞ս կհասնի իր իշխանության վերարտադրության հանգրվանին: Որտե՞ղ է լինելու նա նոր կառավարման համակարգում:

- Երբ ասում եք իշխանության ներսում, պետք է հասկանալ Սերժ Սարգսյանի մտքում, քանի որ այսօր իշխանությունը գերկենտրոնացված է նրա ձեռքերում, և նման առանցքային հարցերի պատասխանները միայն իր մոտ կարող են լինել: Ընդ որում, չկա անգամ երաշխիք, որ նա ամբողջ իշխանական կլանին մի կեղծ ուղղությամբ չի տանում՝ վերջին պահին ինչ-ինչ հանգամանքների «հիմնավորմամբ» փոխելու համար ամբողջ սցենարը, ինչպես որ դա եղավ 2013-ին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի պարագայում: Մի բան ակնհայտ է, որ ի տարբերություն իր նախորդների՝ Սերժ Սարգսյանը կարողացել է (նաև այսօրվա խորհրդարանական «ընդդիմության» աջակցությամբ) այնպիսի սահմանադրություն փաթաթել հայ ժողովրդի վզին, որ 2018-ին կարող է հանգիստ շարունակել պաշտոնավարել որպես երկրի ղեկավար, արդեն վարչապետի պաշտոնում, կամ էլ, ինչպես արդեն ասացի, մնալով «գենսեկ»՝ կառավարել իր կողմից նշանակված խամաճիկներին ՀՀԿ գրասենյակից: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը ոտքի հանել ժողովրդին: Դժվար է ասել: Շատ բան, ցավոք, շարունակում է կախված մնալ նաև արտաքին ուժերի դիրքորոշումից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝