«Աշխարհում շատ հզոր հայ գիտնականներ կան. դա զարմանալի է հայերի նման փոքր ազգի պարագայում». Ա. Օհանով

23667349_1324225331039404_1974052313_n

Նոյեմբերի առաջին օրերին Երևանում անցկացվեց հայազգի երիտասարդ գիտնականների 2-րդ համահայկական համաժողովը: Հավաքի նախաձեռնողները հենց իրենք գիտնականներն էին: Նպատակն էր՝ փոխանցել նոր գաղափարներ, ներկայացնել նորարարություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները: Համաժողովի մասնակիցները նշեցին, որ Հայաստանի և սփյուռքի գիտնականների հետ հարաբերությունները մեծապես նպաստում են գիտական տարբեր ճյուղերի զարգացմանը Հայաստանում: Անհրաժեշտ է միավորել գիտելիքներն ու ջանքերն այդ ուղղությամբ:

 Բորոֆենից դեպի բժշկություն

Երիտասարդ գիտնականների համաժողովի կազմակերպիչներից է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնական Արտյոմ Օհանովը: Նա բյուրեղագետ է, ֆիզիկոս, քիմիկոս, նյութագետ: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ շուտով կդառնա 43 տարեկան, ճանաչված գիտնականը հայտնի է աշխարհում համակարգչային դիզայնի նոր նյութերի ստեղծման մեթոդներով, ինչպես նաև բյուրեղային մասնիկների կառուցվածքի մոդելավորմամբ: Նշում է, որ գիտությունն իրեն հետաքրքրել է չորս տարեկանից: Հենց այդ տարիքից էլ փորձերն ու նորարարությունները գրավել են Օհանովին՝ խորացնելով երկրագնդի գիտական ճանաչման նրա պրպտումները: Բյուրեղների մոդելավորման Օհանովի մեթոդը հիմք հանդիսացավ USPEX ծրագրի համար: Այն օգտագործվում է աշխարհի շուրջ 3800 հետազոտողների կողմից: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Օհանովը հայտնի է որպես «համակարգչային կանխատեսող», այսինքն, գիտնական, ով ստեղծում է նոր նյութեր: Այդպիսի նյութերից է բորոֆենը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արտյոմ Օհանովը նշեց. «Բորոֆենի հիմքում երկչափ բորն է: Այսօրվա դրությամբ մենք ստացել ենք բորոֆենի երկու տեսակ՝ պղնձի եւ արծաթի օժանդակող շերտերով: Նյութը սինթեզվել է 2015 թվականին: Որպեսզի այն կիրառության մեջ դրվի, կպահանջվի մի քանի տարի: Պետք է ասեմ՝ դա գիտության, այսպես ասած, «թեժ ուղղություններից» է»:

Ճանաչված գիտնականն, ունենալով կենսաքիմիական կրթություն, նոր փորձարկումներ է իրականացնում արդեն բժշկության ոլորտում: Ոլորտի համադրումը բժշկության հետ Օհանովի համար նոր մարտահրավեր է, գիտակցված նպատակ և պարզապես օգտակար աշխատանք: «Այդպես է կյանքը, այժմ ես մուտք եմ գործում ինձ համար նոր բնագավառ, որը զուգակցվել է հիվանդությունների դեմ պայքարով: Մշակումները, որոնք մենք այժմ ունենք, դեռևս ավարտուն տեսք չունեն: Դրանք մեթոդներ են, որոնք հնարավորություն են տալիս «կանխատեսել» նոր նյութեր: Իսկ այն, ինչ ունենք հիմա, օգտագործում են աշխարհի խոշորագույն ընկերությունները»,- ասում է գիտնականը:

Մարդիկ, ովքեր «բյուրեղացնում» են իրենց գիտելիքները, իրականում գիտական նոր հարթակ են ստեղծում հետնորդների՝ երիտասարդ մասնագետների համար: Այդպիսի առաքելություն ուներ երիտասարդ գիտնականների Համահայկական երկրորդ համաժողովը:

«Առաջին նման հավաքը մենք անցկացրեցինք 2016 թվականին: Այս տարի Հայաստանի հարկի տակ հավաքեցինք լավագույն հայ գիտնականներին: Պարզվեց՝ նրանք շատ-շատ են: Դա զարմանալի է հայերի նման փոքր ազգի համար: Գիտնականների այդպիսի առաջնակարգ շերտ է ստեղծվել: Այսուհետ էլ ամեն տարի ձգտելու ենք Հայաստան հրավիրել նոր գիտնականների»,- մեզ հետ զրույցում փաստեց Ա. Օհանովը, ով հանդիսանում է նաև ՌԴ Գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր:

- Ինչպիսի՞ն էր համաժողովի մասնակիցների աշխարհագրությունը:

 – Հրավիրյալների աշխարհագրությունը շատ մեծ էր՝ եվրոպական երկրներ, ԱՄՆ, Ռուսաստան: Այդպիսի փոխգործակցությունն ու փոխադարձ շփումները հնարավորություն են տալիս ճանաչել հայ ուսանողների՝ ապագա ակադեմիկոսների և պրոֆեսորների մտավոր հզոր պաշարը: Ես մշտապես հաղորդակցվում եմ Հայաստանի երիտասարդ գիտնականների հետ: Ի դեպ, առանց նրանց օժանդակության չէի կարողանա կազմակերպել այդ հավաքը: Համաձայնեք՝ չապրելով Հայաստանում՝ դժվար է նախաձեռնել նմանօրինակ մեծ գիտաժողով: Երիտասարդ գիտնականները ևս ներկայացրեցին իրենց աշխատանքները: Գտնում եմ, որ սփյուռքը կարող է մեծ նպաստ բերել նրանց կայացման գործում:

-Ինչպե՞ս չվնասել զինապարտ երիտասարդ գիտնականներին

Հայաստանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը միանշանակ չի ընդունվել:

«Դուք ծառայե՞լ եք բանակում» հարցին Արտյոմ Օհանովը պատասխանեց. «Ես ռուսաստանյան բանակի պահեստի լեյտենանտ եմ, ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի ռազմական ամբիոնը, սակայն ես երբեք չեմ ծառայել բանակում: Գտնում եմ, որ գիտնականը չպետք է ընդհատի իր ուսումը՝ բանակում ծառայելով: Երբ երիտասարդ ես, պետք է անդադար սովորես: Ի դեպ, այդ թեմայի շուրջ ես զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ: Ես նրան փոխանցեցի հայ երիտասարդ գիտնականների և ասպիրանտների մտահոգությունները նշված օրենքի վերաբերյալ: Ի պատասխան Ս. Սարգսյանը նշեց, որ եթե պարզվի, որ տաղանդավոր գիտնականը բանակում ծառայելիս կկորցնի իր կայացման տարիները, այդ դեպքում հնարավոր է ազատվի բանակից: Սակայն, ըստ Սարգսյանի, եթե բանակում ծառայության նախատեսվող կարգը չեղարկվի, ապա շատերը «կփախչեն զորակոչից»՝ ասպիրանտուրա ընդունվելու պատրվակով, արդյունքում՝ չի լինի ոչ հզոր բանակ, ոչ հզոր ասպիրանտուրա:

Եթե հասարակությունը կարողանա իր մեջ ուժ գտնել սահմանելու ասպիրանտուրա ընդունվելու խիստ չափորոշիչներ, ապա ասպիրանտներին բանակ հավաքագրումից հնարավոր կլինի խուսափել: Ասպիրանտուրան լավագույնների համար է»:

                                                                                    Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝