Ուսանողների ակցիան ԱԺ շենքի դիմաց. Ոստիկանությունը հինգ րոպե ժամանակ տվեց

23511357_1583128271746668_7688861767328243729_o

Այսօր արդեն յոթերորդ օրն է, որ մայրաքաղաքում ուսանողները դուրս են եկել փողոց եւ պայքարում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Իսկ ուսանողներից մի քանի հոգի, ինչպես հայտնի է, արդեն երկրորդ օրն է՝ իրականցնում են հացադուլ: Նրանցից մեկի ինքնազգացողությունը երեկ վատացավ, որից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց: Մյուս ուսանողները շարունակում են հացադուլը:

Իսկ ցուցարար ուսանողներն այսօր ակցիա են իրականացնում  Ազգային ժողովի շենքի դիմաց: Որտեղ քիչ առաջ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ մոտ 20 օրերի ընթացքում իրենց պահանջները չեն լսվել, հետևաբար իրենք լռության ակցիա են սկսում։

Ուսանողները հիմա Աժ շենքի դիմաց են, նրանք անդադար վանկարկում են «տարկետում լինելու է»: Քիչ առաջ Դեմիճյան փողոցում, ուր հավաքվել են ուսանողները, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր կենտրոնացրեց, իսկ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ուսանողներին հինգ րոպե ժամանակ է  տրամադրում ակցիան այլ վայր տեղափոխելու համար:

Հիշեցնենք, համաձայն առաջարկվող օրինագծի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Երեկ նաեւ ««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է.

«Մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։

Միաժամանակ սթափության կոչ ենք անում իշխող մեծամասնությանը՝ ընդգծելով, որ ուսանողական շարժումն ունի իշխանություններին անհանգստություն պատճառելու օրեցօր աճող պոտենցիալ։

Հ.գ. Չուշանալ»:

Դիտվել է՝