Փաստաբանները դատարանից պահանջում են անվավեր ճանաչել պալատի նախագահ Ա. Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմը

ara zorabyan

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր 20 փաստաբան գործընկերներով հայցադիմում ենք ներկայացրել դատարան, որով պահանջում ենք անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմը:

Խնդիրը կայանում է նրանում, որ նա 1994-1999թ. ընթացքում առկա ուսուցմամբ սովորելով Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվում՝ հասցրել է միաժամանակ 1996-1998թթ. ընթացքում անցնել ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Մեզ բոլորիս համար միևնույն է և որևէ հետաքրքրություն չի ներկայացնում Ա.Զոհրաբյանի մասնավոր փաստաբանական գործունեությունը, սակայն մենք անթույլատրելի ենք համարում, որ մեր պետության միակ փաստաբանական կառույցի ղեկավարն ունենա մի դիպլոմ, որի վավերությունն առաջացնում է տարակուսանք և կասկածներ: Բազմիցս նշել ենք, որ նրա գործունեությունն այդ պաշտոնում կործանարար է փաստաբանության համար, և դա օրըստօրե դառնում է դառը իրականություն: Եթե դատարանը հիմնավոր համարի մեր փաստարկները, ապա որպես դրա իրավաբանական հետևանք պետք է դադարեցվի նաև փաստաբանական գործունեության արտոնագիրը, և նա պետք է պաշտոնանկ արվի:

Թյուր կարծիքներից և պատկերացումներից խուսափելու համար նշենք, որ մենք չենք գտնում, որ փաստաբանության համար կործանարար վիճակի ստեղծումը պայմանավորված է զուտ մեկ անձի գործունեությամբ, դրան են մեծապես նպաստում ՀՀ փաստաբանների պալատի մենաշնորհային դիրքը, որը թույլ չի տալիս փաստաբանին ընտրել, թե իր գործընկերներից ում հետ նա կարող է միավորվել մասնագիտական միավորման մեջ, ինչպես նաև պալատի ներքին կառուցվածքը, որը բացառում է հակակշիռների գոյությունը: Վերջինիս բացակայությունը հանգեցնում է այլախոհության և տարակարծության բացառմանը և այդ ինստիտուտի լճացմանը, ինչու ոչ, նաև կատարյալ ձախողմանը, որի ականատեսն ենք դարձել վերջին տարվա ընթացքում բոլորս: Ուստի մեր հայցադիմումն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, այլ նպատակ ունի փրկել մեր մասնագիտությունը Հայաստանում և փորձել հիմքեր ստեղծել դրա հետագա վերականգնման համար:

Հ.Գ. Իսկ շարքային, հրետանավոր Ա.Զոհրաբյանից դատավարության ընթացքում ակնկալում ենք մի շարք պարզաբանումներ. մեզ՝ որպես իրավաբանական բուհերի նախկին ուսանողների, ինչպես նաև մեզանից հատկապես նրանց, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն, շատ է հետաքրքիր, մասնավորապես, թե զորանոցային կամ մարտական դիրքերի պայմաններում ինչպես է հաջողվել նախապատրաստվել և հաջողությամբ հանձնել շուրջ 25-30 քննություն ու 30-40 ստուգարք»:

Դիտվել է՝