Ուսանողների բացակայությամբ ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

aj

Այսօր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը 2-րդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

«Մեր նպատակը չէ վնասել կրթությանը եւ մեր նպատակը չէ ամեն գնով տանել ծառայության: Մեր նպատակն է սեղմել այն բոլոր խողովակները, որտեղից տարբեր պատրվակով կարող են խուսափումներ լինել եւ, ցավոք, եղել են: Նաեւ սեղմել այն խողովակները, որ այստեղից խուսափողները կարող են մեկ այլ ճանապարհ փնտրել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ ոչ թե քննարկման է դրվում տարկետումը վերացնելու մասին օրենքն, այլ բազմաթիվ խնդիրների համալիր լուծում տվող նախագիծ:

Արտակ Զաքարյանն, անդրադառնալով ուսանողների բողոքի գործողություններին, նշեց.

«Շատ հասկանալով իրենց պահանջը, իրենց դիրքորոշումները, շատ գնահատելով՝ կոչ եմ անում, որ սա այն ճանապարհը չէ, հացադուլը հատկապես, որով կարելի է հասնել այս ցավոտ, համապետական նշանակության խնդիրներին»:

Զաքարյանն առաջարկեց միասնական քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել օրենքը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց գործընկերներին, որ խոսեն օրենսդրական նախաձեռնության բուն էությունից: Շեշտեց, թե օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն եւ որ նաեւ անվտանգության հիմնախնդիր լուծող նախաձեռնություն է.

«Անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության եւ գիտության խնդիրներին: Ինչո՞ւ, որովհետեւ անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք չենք ստորադասում կրթությունն ու գիտությունը, բայց առանց կայացած մրցունակ անվտանգության համակարգի, առանց կայացած պաշտպանական համակարգի մենք չենք կարող խոսել վաղվա մրցունակ կրթության եւ գիտության մասին»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս կոչ արեց կողմ քվեարկել «հույժ կարեւոր» օրենսդրական նախաձեռնությանը եւ չհակադրել կրթության ու գիտության եւ անվտանգության խնդիրները եւ դիմացինի վրա ցեխ չշպրտել. «Դա որեւէ մեկիս քաղաքական կշիռը չի ավելացնում»:

Դիտվել է՝