Կումայրի արգելոցը՝ վարչապետի աչքերով

8742_en_7 (1)

Մեզանում տեղի ունեցող ցանկացած երևույթ կամ իրադարձություն պատահական չի լինում: Դա քողարկված է հստակ նպատակներով և շահերով: Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում խոսվել էր Գյումրի քաղաքի Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգնման նախագծային աշխատանքների մասին, ինչպես նաև հանձնարարվել է խստորեն պահպանել Գյումրիի կոլորիտը: Ինչպես միշտ, այս անգամ էլ նշվել է, որ այս ամենը կնպաստի քաղաքի տնտեսական առաջընթացին, նաև՝ մթնոլորտի փոփոխմանը: Ուշագրավ է, որ եթե նախորդ անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված էր, որ տուրիզմով հարց չի լուծվի, այլ կփոխվի միայն քաղաքի տրամադրությունը, այժմ շեշտադրումները երկու գործոնների վրա են դրվում:

Գյումրին միայն Կումայրի արգելոցը չէ

Այն, որ վարչապետի բազմաթիվ նախաձեռնությունները լոկ խոսքեր են, ակնհայտ դարձավ 2017 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավից հետո: Եթե Կարապետյանն իր պաշտոնավարման առաջին ասուլիսներից մեկում նշում էր, որ իր հետ բերել է «մաքուր թիմ», որի անդամները պատրաստ են ծառայել հայրենիքին, ապա շատ կարճ ժամանակահատվածում մամուլում ի հայտ եկան Կարապետյանի կաբինետի գրեթե բոլոր նախարարների ունեցվածքի մասին տեղեկությունները: Հասկանալի է, որ աղքատ և հաշմված տնտեսություն ունեցող երկրում նմանօրինակ ֆինանսական կարողություն անհնար է ստեղծել «մաքուր հոգով, սրտով ու ձեռքերով»: Այդ տեղեկություններին գումարվեցին Կարապետյանի կողմից իր թիմակիցներին, նույնն է թե՝ նրանց ղեկավարած ոլորտներին շռայլ նվերի տեսքով գումարների տրամադրումը, մասնավորապես, ՊԵԿ-ին շուրջ 3.3 մլն դոլարի հատկացումը:

Մինչդեռ բոլոր քննարկումների ընթացքում փաստվում է, որ երկրի «գլխավոր դրամապանակը» չի լցվում: Դրա պատճառով նախատեսվում են պետական համակարգում աշխատողների օպտիմալացում, հիմնարկների միաձուլում և այլն: Ստացվում է՝ ՀՀ վարչապետն իրեն հատկացված ժամանակն օգտագործում է բաշխումներ իրականացնելու համար: Այդ «նվեր-գումարը» ՀՀ քաղաքացիների հարկերից է գոյացել, այն քաղաքացիների, որոնց մի քանի ամիս հետո կկրճատեն աշխատանքից՝ բյուջեում փող չլինելու պատճառով: 3.3 միլիոն «թմբլիկ» գումարի տեղը, օրինակ, հենց Գյումրին էր: Աղքատ, բայց հպարտ քաղաքի մի էական խնդիր հաստատ կլուծվեր: Բայց չէ, մենք օլիգարխ մուրացկանների նոր սերունդ ենք բուծել՝ հևիհև գռփողների կաստա:

Գյումրին տնտեսական փակուղում է

Վարչապետի «գյումրիասիրությունն» իր բիզնես ծրագրի մի մասն է: Ինչո՞ւ է նա հատկապես հետաքրքրված Կումայրի արգելոցի մաս կազմող մի քանի շենքերով և ենթակառուցվածքներով: Հետաքրքիր է, գիտի՞ արդյոք վարչպետը՝ քանի վթարային սեփական տուն կա Կումայրի արգելոցի տարածքում, քանիսի պատերն են «ետ գնացած», ինչպես են մարդիկ ահ ու դողով գիշերում իրենց տներում: Գիտի՞ նա արդյոք, որ Կումայրի արգելոցը չի սահմանափակվում Ռուսթավելի, Շիրազի ու Հակոբյան փողոցներով: Ճիշտ ու անկեղծ չի՞ լինի՝ ասել, որ արգելոցի փոքր տարածքի մասին Կարեն Կարապետյանի «մտահոգությունը» սկսվում և ավարտվում է իր բիզնես շահերով:

10.11.2017թ. կառավարության հաղորդագրության մեջ նշված է. «…կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքների մասին»: Նշանակո՞ւմ է, որ Գյումրու արգելոցային շենքերը փոխելու են իրենց նպատակային նշանակությունը՝ դառնալով սպասարկման մեծ ու փոքր օբյեկտներ: Պարզ ասած, փորձ է արվում այս ներդրումային ծրագրով ցույց տալ, որ և սարքում են, և բիզնես անում՝ «և՛ գառներն են ողջ, և՛ գայլերը՝ կուշտ» սկզբունքով:

Այն պարագայում, երբ Գյումրու երկրորդական փողոցները «ճպպում» են ցեխակույտերի մեջ, երբ քաղաքը պատված է փոշու մշուշով, երբ կենցաղային աղբը ժամանակին չի հեռացվում փողոցներից, երբ քաղաքի լուսավորված փողոցների թիվը չի ավելացել 2012 թվականից ի վեր, երբ քաղաքում ծառատունկերից հետո ծառերը կանգնած մահանում են, որովհետև չեն ջրվում, Կումայրի արգելոցի տարածք մտնող տուրիստը չի՞ տեսնելու պատմական քաղաքի խորշոմած դեմքը, չի՞ զգալու, որ ընդամենը «շպար» է արված, չի՞ հասկանալու, որ երկրաշարժից 30 տարի անց հանրապետության երկրորդ քաղաքը դեռ վերականգնված չէ: «Գելթոզին» դարձել է փոշու միջազգային տեսա՞կ:

«Գյումրիական» հարցերը՝ անպատասխան

Ինչպե՞ս անել, որ վարչապետի հետաքրքրության ոլորտում հայտնվեն Գյումրու փողոցները ջրելու, աղբահանության կամ լուսավորվող փողոցների թվի ավելացման, քաղաքի երկրորդական փողոցների ասֆալտապատման, ցեխազերծման հարցերը ևս: Եթե Կարապետյանի ուշադրությունը Գյումրու նկատմամբ մեծ է, ապա ինչո՞ւ է նրա դիտակետում միայն Կումայրի արգելոցը: 30 տարի շարունակ դեռևս երկրաշարժի հետևանքներից չազատված քաղաքի բնակիչներին ներդրումային իմիտացիաներով կերակրելը, իր՝ վարչապետի բառերով ասած, ճիշտ չէ:

Մեծ հաշվով, Գյումրու վիճակը չի փոխվելու, քանի դեռ չկան աշխատատեղեր:

Ինչո՞ւ չեն ուսումնասիրվում Գյումրու արտադրական հնարավորությունները, ինչո՞ւ են հանրապետության երկրորդ քաղաքը թողել կքանստած վիճակում: Ինչո՞ւ վարչապետը ներդրումներ չի բերում կոնկրետ ոլորտային աշխատատեղերի ստեղծման համար: Քաղաքի տնտեսական զարգացման ծրագրի փոխարեն «հրում են» տուրիզմի «կոսմետիկ ծրագիրը»: Մարդկանց պահում են «կամավոր մուրացկանների» կարգավիճակո՞ւմ:

Քաղաքը դատարկվում է, գնում են բնիկ գյումրեցիները: Ո՞վ կգա նրանց փոխարեն: Քաղաքի կոլորիտը մարդիկ են, որոնք աղետից հետո չլքեցին Գյումրին: Միմյանց փոխանցելով ոգու ուժը՝ պահեցին քաղաքի պատերը: Նրանք են Գյումրու իրական կոլորիտը:

Այդպես էլ չհասկացան, որ գյումրեցուն իր տունն ու ընտանիքը պահելու հնարավորությունը պետք է հենց Գյումրիում տալ, չհասկացան, որ նրան «փրփուր» խոսքերով չի կարելի կերակրել, չհասկացան, որ Գյումրուց, նախ և առաջ, նրա՝ գյումրեցու համն ու հոտն է գալիս, ու ինքն է տերը քաղաքի:

                                                                                   Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝