Հանցակազմ ԵՊՀ պահակների գործողություններում. ներկայացվել է հաղորդում

23172554_747789468747022_7122089257021381614_n

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից բուհերի դռները փակելու փաստի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հաղորդման, ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին: Հաղորդման պատճեններն ուղարկվել էին նաև ՀՀ Քննչական կոմիտե, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ նման կերպ բուհերի անվտանգության և այլ աշխատակիցները ոչ միայն խախտում են դասադուլ անցկացնելու և խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունքը, այլ նաև կատարում են քրեորեն պատժելի արարք՝ ուսանողներին որոշակի ժամանակահատվածով զրկելով ազատ տեղաշարժվելու իրավունքից և փակի տակ պահելով նրանց:

Հղում անելով մի շարք լրատվական կայքերի՝ հաղորդման մեջ ընդգծված է, որ բուհերի անվտանգության աշխատակիցները, որոնց մեծամասնությունը հանդիսանում է մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող տարբեր ընկերությունների աշխատակիցներ, ոչ միայն խախտում են իրենց իսկ՝ որպես պահնորդի, պարտականությունները, ցուցաբերում են ուսանողների նկատմամբ կամայականություններ, այլ նաև կատարում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:

Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված են յուրաքանչյուրի թե՛ ազատ տեղաշարժվելու իրավունքը, թե՛ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը: Եվ անձին ազատությունից ապօրինի զրկելը սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով, իսկ օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը՝ 163-րդ հոդվածով:

Հաղորդման մեջ անդրադարձ է արվել նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքին և արձանագրվել է, որ բուհերի անվտանգության աշխատակիցների գործողությունները հակասում են և չեն համապատասխանում տվյալ օրենքով սահմանված նրանց պարտականություններին և իրավունքներին:

Այսպիսով, հաղորդման մեջ մատնացույց է արվում, որ առկա են ուսանողներին բուհերի տարածքներում ապօրինի ազատությունից զրկելու և օրինական կերպով անցկացվող դասադուլներին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու դեպքեր, պահնորդի կողմից ուսանողի հանդեպ ֆիզիկական ուժի գործադրում, ինչպես նաև պահնորդների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների բազմաթիվ խախտումներ, որոնց համար սահմանված է ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ պահնորդական համապատասխան կազմակերպության համար պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև պահնորդական կազմակերպությանը լիցենզիայից զրկում (այդ գործառույթն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը):

Հաղորդմամբ պահանջվում է, որ իրավապահներն օրենքով սահմանված կարգով իրականացնեն հետաքննություն, բացահայտեն խախտումների և հանցագործությունների դեպքերը, հայտնաբերեն իրական մեղավորներին և ենթարկեն քրեական պատասխանատվության: Միաժամանակ ակնկալվում է, որ ՀՀ ոստիկանությունը կմիջամտի, որպեսզի հետայսու բուհերի մուտքի դռներն անհարկի չփակվեն, ուսանողները փակի տակ չգտնվեն, և նրանք բուհերի տարածքներում, դրանցից խաղաղ կերպով մուտք ու ելք կատարելիս տեղաշարժվելու ազատությունից չզրկվեն, ապօրինի ֆիզիկական ուժի գործադրումների չենթարկվեն և խաղաղ կերպով կարողանան անցկացնել իրենց դասադուլներն ու հավաքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

 

 

Դիտվել է՝