Եթե բոլորի երեխաները ծառայեն բանակում… դասադուլը շարունակվում է

tarketum

Երևանի պետական համալսարանի դիմաց դասադուլ հայտարարած ուսանողների հետ հանդիպեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
«Ես գտնում եմ, որ տարկետման իրավունքը սոցիալական արդարության խախտում է: Բոլորը պետք է ծառայեն հայոց բանակում: Իմ բոլոր ուսուցիչները և՛ դպրոցում, և՛ համալսարանում 5 տարի կռվել են պատերազմում, եկել են դարձել են գիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոսներ: Գիտությամբ զբաղվող մարդուն ծառայությունը չի խանգարում: Ավելին, ծառայությունը նրան կոփում է: Բանակում պետք է ծառայի ցանկացած հայ»,- դասադուլ հայտարարած ուսանողների հետ զրույցում նշեց Մարատ Գրիգորյանը:

Նա հարց տվեց՝ ինչո՞ւ պետք է ղարաբաղցի երիտասարդն առանց տարկետման իրավունքի գնա ծառայության, իսկ հայաստանցին՝ ոչ: «Ի՞նչ ա, մեր արյունը կարմիր ա, նրանցը սև՞»:

«Բանակի համալրումը բոլորիս պարտքն է, մյուս կողմից, բանակում ծառայելը, եթե բոլորն են ծառայում, բանակը հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Եթե բոլորի երեխաներն են ծառայում, անկախ նրա դիրքից, պաշտոնից, զբաղվում ենք բանակով բոլորս: Այս քայլը քաղաքականացված է, շփոթության մեջ են գցում ձեզ, քաղաքականացնում են այս լավ օրենքը»,- ասաց Գրիգորյանը:

Ուսանողները հարցրին՝ ո՞ւմ կողմից է քաղաքականացվում, ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ չգիտի:

«Ցանկացած հայ երիտասարդ 18 տարեկանից պետք է սովորի զենքին տիրապետելու և ծառայի բանակում»:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալը ևս իր կարծիքը հայտնեց օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ բանակը երբեք չի խանգարում գիտությանը. «Խի մենակ անխելքների՞ տեղ ա բանակը: Ինչո՞ւ եք այդ շերտավորումը դնում»:

Այս օրենքով կոռուպցիոն ռիսկերը չեն վերանա, և սոցիալական արդարություն ակնկալելն է անհեթեթություն, նշում էին ուսանողները:

 «Բոլոր այն մարդիկ, որ այս որոշումն ընդունել են, պետք է հաշվի նստեն հասարակության և երիտասարդության հետ: Այս եղանակով նրանք համալրումը չեն կարողանա անել: Եթե այսպես շարունակվի, նաև կնշեն, որ աղջիկներին էլ կտանեն ծառայության: Մի քանի ուսանողների միջոցով չեն կարողանա համալրել բանակը: Ավելի հիմնավոր քայլեր պետք է ձեռնարկեն բանակն ուժեղացնելու ուղղությամբ»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Դիտվել է՝