Սասնա Ծռերի հայտարարությունը փաստաբան Տիգրան Եգորյանին զորակցելու վերաբերյալ

varujan avetisyan

Օրեր առաջ Կենտրոն հեռուստաընկերության եթերից Հաց բերող Արթուր Սարգսյանի և Սասնա Ծռեր խմբավորման մի խումբ անդամների պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանի վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչ Միհրան Հակոբյանի հնչեցրած անհիմն և անբարո արտահայտությունները վերջնականապես հաստատեցին, որ Տիգրան Եգորյանի նկատմամբ շուրջ մեկ տարի շարունակվող պարբերական հալածանքի պատվիրատուն և համակարգողը պետությունը զավթած հանցավոր վարչախումբն է։

Այս հալածանքի պատճառն այն է, որ Տիգրան Եգորյանը և քաղաքական գործերով մյուս պաշտպանները հանուն Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության ու ժողովրդավարության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պայքարի յուրօրինակ առաջամարտիկներ են։

Ոչ միայն մենք՝ Սասնա Ծռեր խմբավորման անդամներս, այլև ամբողջ ժողովուրդն է տեսնում և գնահատում նրանց անշահախնդիր ու ազնիվ գործելակերպը, արդարության ու իրավունքի գերակայության հասնելու նրանց ջանադիր նկրտումը։

Սասնա Ծռեր խմբավորման լիազորությամբ մեր զորակցությունն եմ հայտնում փաստաբան Տիգրան Եգորյանին՝ իր մասնագիտական բարեխղճության և քաղաքացիական արիության համար։

Համոզված ենք, որ համընդհանուր ատելության առարկա դարձած հանցավոր վարչախումբը չի կարողանալու սասանել Տիգրան Եգորյանի վաստակած հանրային վստահությունը, առավել ևս՝ ի վիճակի չէ կոտրել նրա կամքն ու հաղթահարել նրա համառությունը։

Սասնա Ծռեր խմբավորման անունից՝
Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ

«Արմավիր» ՔԿՀ

Դիտվել է՝