Կ. Եղնուկյանը պահանջում է իրեն հոգեբանական խոշտանգման չենթարկել, նա հրաժարվում է մասնակցել դատական նիստերին

Տիգրան Հայրապետյան

Այսօր, ինչպես հայտնի է, դատական նիստի ընթացքում կտրուկ վատացավ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը, և նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ նրան տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց: Հիվանդանոցում, սակայն, Եղնուկյանը մնացել է մի քանի ժամ, նրան դարձյալ ՔԿՀ խուց են տեղափոխել:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Կ. Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հետ:

-Պարոն Հայրապետյան, ներկայումս ինչպե՞ս է գնահատվում Ձեր պաշտպանյալի՝ Կ. Եղնուկյանի առողջական վիճակը, որտե՞ղ է նա:

-Նրան տեղափոխեցին Մասիվի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքում պահեցին չորս ժամ, ապա իր խուց: Ասել են, որ նա հոգեբանական սթրեսի է ենթարկվել, կարգավորվել է ճնշումն ու սրտխփոցը, դրա համար կարիք չկա պահել հիվանդանոցում:

-Խնդիրն ինչո՞ւմն էր, Եղնուկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի՞, թե՞ դատավարության ընթացքում նա սկսեց բողոքել առողջական վիճակից:

-Եղնուկյանն անզորությունից է իրեն վատ զգում, քանի որ ասում է, որ իր հետ կապված դատական նիստը մի օր է լինելու, ամենաշատը երկու օր, ասում է 4 տարի պետք է գնամ-գամ, սպասեմ մի օրվա իմ դատաքննությանն ու այս ամբողջ ժամանակ պետք է կալանավորված մնամ, ինքն ասում է ուղղակի կարող եք մաս անջատել, ինչը չի կատարվում:

-Փաստորեն, Եղնուկյանին և ևս 3 հոգու մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին աջակցելու համար, ու Ձեր պահանջն այն է, որ գործից մաս առանձնացվի, քանի որ Եղնուկյանն ու մյուսները ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների անմիջական մասնակից չեն եղել:

-Այո , բայց դատախազն էլ համաձայն չէ, բայց ավելի վաղ դատարանը 4 հոգու մասով առանձնացրեց, սա նշանակում է, որ դատախազի մերժումը, որ ասում էր՝ հնարավոր չի անջատել, չէր համապատասխանում իրականությանը, քանի որ մի անգամ արդեն նույն դատավորը 14-ից 4-ի մասն առանձնացրեց, այսինքն՝ այստեղ ընդհանրապես խնդիր չկար, սա հաստատեց, որ դատախազի, քննչական մարմնի մոտեցումները մինչ այս ակնհայտ անհիմն են եղել, դատարանն արդեն իր որոշմամբ դա հաստատեց:

-Հիմա, փաստորեն, Կ. Եղնուկյանը գտնում է, որ դատական նիստերին իր մասնակցությունն անտեղի՞ է:

- Ինքն էլ է ասում, որ եթե չի գալիս նիստերին, իրեն նորմալ է զգում, հիմա ոնց որ հոգեբանական խոշտանգում է տեղի ունենում, դատական նիստին որ նստում է, հասկանում է, որ մասնակցում է մի բանի, որի հետ կապ չունի, ինչը նա չի կարողանում հոգեբանորեն տանել, ասում է՝ ավելի լավ է դատարանի ցուրտ նկուղում խոնավ տեղը նստեմ, բայց չգամ դատարան, քանի որ հասկանում եմ, որ 4-5 տարի գալու եմ նստեմ, ոչինչ չանեմ, ասում է՝ մինչ այս կարողանում էի ինձ կառավարել, բայց հիմա այդ նյարդային սրումները չի կարողանում զսպել:

Դիտվել է՝