Կ. Կարապետյանը հայտարարեց, որ իր և Ս. Սարգսյանի միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվել

Serj-Sargsyan-Karen-Karapetyan-720x340-1

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ իր ամփոփիչ ելույթից հետո սկսեց պատասխանել լրագրողների հարցերին:

Քանի որ վարչապետը հայտարարել էր՝ խոստացված ներդրումների դեռևս 45 տոկոսն է իրագործվել, որում ներգրավված են նաև վարկային միջոցները, հետևաբար լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է ճիշտ վարկային միջոցը ներկայացնել որպես ներդրում, և ինչ 1 միլիարդ հնարավորությունների մասին օրերս խոսեց Ս. Սարգսյանը: Կ. Կարապետյանն արձագանքեց. «Ներդրումային ծրագրերը կարող են լինել վարկային, և այդ պատճառով մենք ներդրումային ծրագրերը ներդրումներից տարանջատում ենք, 45 տոկոսն 8 ամսվա ցուցանիշն է, ու վստահ եղեք, որ այդ առումով տարվա վերջ հաշվետվություն կտանք: Նախագահի ասածը դա ներդրողների ակումբն է, որը ժամանակին ստեղծել էինք, ու երրորդ օրը հարց էր հնչում՝ բա ո՞ւր են ներդրումները, իրենք մոտ ժամանակներս շատ հստակ կհայտարարեն»,- ասաց Կ. Կարապետյանը:

Ապա շեշտեց, թե ներկայումս երկրում իրավիճակը գնահատում է հեռանկարային և կառավարելի: Հիմնական խնդիրն, ըստ նրա, օտարերկրյա ներդրողների համար երկրում բարենպաստ միջավայրի ստեղծումն է, սակայն մինչ այդ շատ կարևոր է ակտիվացնել ներքին ներդրողին. «Այս տարվա իմ գնահատականն այն է, որ այդ առումով որոշակիորեն ֆոնը փոխել ենք, այն, որ ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ ու աշխատավարձ չենք բարձրացրել, դա այդպես չէ, բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ կենսաթոշակը կամ աշխատավարձը չեն բարձրացնում, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»,- կարծում է Կ. Կարապետյանը:

Լրագրողներից մեկն էլ ասաց, թե վերջերս շատ է քննարկվում այն հարցը, որ Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի ինքը համաձայնել է հաջորդ տարի լինել փոխվարչապետ, արդյոք կա նման բան, և արդյոք համակարծիք է ՀՀԿ-ականների այն պնդումներին, որ որպես ՀՀԿ նախագահ և ՀՀ անվտանգության թիվ մեկ երաշխավոր Ս. Սարգսյանն անփոխարինելի է. «Այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել եմ, այսօրվա մեր իրավիճակում, ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածություն իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ, նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ պատճառով որևէ պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի վարկանիշին ու հայտանիշին որպես անվտանգության երաշխավորող և որպես մեծ փորձ ունեցող, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ, մնացած մասնավոր կարծիքների վերաբերյալ հարցրեք իրենցից»,- նշեց Կ. Կարապետյանը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝