Քաղաքական աճպարարությո՞ւն, թե՞ կանխորոշված ապագա

image

Անցնող օրերի ընթացքում, բացի երկու աղմկահարույց օրինագծերի քննարկումներից, հանրային ուշադրության կենտրոնում են քաղաքական, այդ թվում՝ կեղծ, փոխնակ գործիչների հարցազրույցներն ու ասուլիսները: Դրանցում հնչած կարծիքները կարծես հատուկ շրջանառության մեջ են դրվել հայ հասարակությանն իմպերատիվ կերպով տարբեր գաղափարներ, մտահղացումներ և եզրահանգումներ մատուցելու համար: Դա մտքերի լվացման քաղտեխնոլոգիա է, «փորձնական գունդը» գլորելու և հասարակության «ջերմաստիճանը» ստուգելու, ինչպես նաև որոշակի գործընթացներին նախապատրաստելու հնարք:

Անտեղյակությո՞ւն, թե՞ քաղաքական իներցիա

Մեզանում ակտիվ շրջանառության մեջ է դրվել Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականին Հայաստանի վարչապետ դառնալու դիսկուրսը: Ավելին՝ վարչապետ բառի կոննոտացիան կամ հավելյալ նշանակությունը կապվում է հենց այդ անձի ազգանվան հետ: Կրկին ակտուալ է դառնում վերջինիս արտահայտած հետևյալ արտահայտությունը. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում» http://www.a1plus.am/1310362.html:

Սահմանադրական հանրաքվեի արդյունքում «դակվեց» Սերժ Սարգսյանի «ցանկությանը համապատասխանող ուղին»: Նա այժմ որևէ արգելք չունի իր քաղաքական ցանկությունը կյանքի չկոչելու հարցում: Եվ, ուրեմն, կարևոր չէ, թե ինչպիսի արդյունքներ են արձանագրվել Հայաստանում նրա կառավարման տարիների ընթացքում, դժգոհության ինչպիսի ալիք կա հասարակության շրջանում, կարևորը միայն իր ցանկությունն է, նոր սահմանադրությամբ իր «զգեստավորումը»:

Մոտենում է 2018 թվականը, և Սերժ Սարգսյանը «մտքի առաջատարների», քաղաքական «ոչսուբյեկտների» միջոցով շրջանառության մեջ է դնում իր անփոխարինելիության, հարատև կառավարման գաղափարը կամ, ինչպես ծանոթներիցս մեկն ասաց, վտանգները: Նմանօրինակ մշակված մտքեր օրեր առաջ մատուցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսքի աճպարարության մեջ հմտացած խոսնակը, սակայն, համարձակություն չունեցավ հստակ ասելու, որ Սերժ Սարգսյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Նա երկրորդեց Սերժ Սարգսյանին առ այն, որ. «Այո՛, մի մարդը երկու անգամ չպետք է հավակնի, որովհետև նախագահական համակարգում….»: Նա հավելեց. «Անձնապես իր զինվորն եմ» https://www.azatutyun.am/a/28810154.html: Ասել կուզի՝ քաղաքական իր «հրամանատարի» մտքի ու գաղափարի հիմքում նախագահական ինստիտուտից և նախագահի պաշտոնից հրաժարվելն էր, բայց ոչ մյուս առանցքային պաշտոններից: Ուղերձը հստակ էր. ՀՀԿ առաջնորդը չի ցանկանում լինել «դեկորատիվ նախագահ»՝ սահմանափակ լիազորություններով: Ինչպես ասում են, «նախագահի պաշտոնը կա, բայց մեջը բան չկա»:

Հետևելով Հայաստանի քաղաքական դաշտի վերջին տարիների դերակատարներին և գործընթացներին, պարզ է դառնում, որ ՍերԺ Սարգսյանը ում որ պահին ուզենա, կդարձնի իր «զինվորը»՝ քողարկված և կիսաքողարկված, «ֆուռաժկայով» կամ առանց դրա: Փաստորեն, նրա քաղաքական հպատակներից է նախկինում ընդդիմադիր, այժմ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն: ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն օրերս «կամուֆլյաժային» միտք արտահայտեց պայմանականորեն «գնացող» նախագահի քաղաքական ապագայի մասին: «Հեռացողը՝ չի նշանակում վերացող: Մարդը հեռանում է, բայց պահպանելու է իր ակտիվ գործունեությունը, և ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինչ կարգավիճակ էլ ունենա, իր համար պաշտպանության, անվտանգության հարցերը պետք է մնան առաջին՝ թիվ մեկ հարցն իր կյանքի համար»: Ուշադրություն դարձնենք, որ «ողորկած» միտքն արտահայտելիս քաղաքական փորձառություն ունեցող գործիչը զգուշավորություն է հանդես բերում կոնկրետ պաշտոնում նրան առաջադրելու հարցում: Բայց բոլորովին էլ դեմ չէ նրան տեսնել երկրի ամենաբարձր՝ վարչապետի պաշտոնում: Նա հավելում է. «Ես երբեք չեմ լսել Սերժ Սարգսյանից, որ ինքը պատրաստվում է հեռանալ ասպարեզից: Էդպիսի բան նա երբեք չի ասել, իսկ ինչո՞ւ պետք է ասի»: Արմեն Ռուստամյանի այս հարցադրումը նշանակում է՝ հիմք ու առիթ չկա, որ Սերժ Սարգսյանը հեռանա քաղաքական ասպարեզից: «Ինչո՞ւ, վատ է աշխատե՞լ»,- հասունացնում է նա հաջորդ հարցը:

Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական դաշտի դերակատարները կամ չեն տիրապետում Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի հեռանկարի մասին տեղեկություններին, կամ ունեն կիսատեղեկատվություն, կամ էլ իներցիոն հայտարարություն են անում: Իսկ ավելի հստակ՝ «մանրից» նախապատրաստում են հասարակությանը՝ հերթական «ազգային խնդրանքին» Սերժ Սարգսյանի երկարատև «գահակալության» վերաբերյալ: Քաղաքական խնդրագրերի տեքստն արդեն իսկ փորձարկված է մեկ այլ մարդու օրինակով: Դե իսկ «խնդրողների գունդն» էլ միշտ պատրաստ է՝ «գործին» է սպասում:

Քաղաքական «ծուռ հայելիները»

Զարգացնելով իր «հրամանատարի» քաղաքական երկարակեցությունն ապահովող հնարավորությունները՝ Է. Շարմազանովը նշում է, իր պատկերացմամբ, երեք ձեռքբերումները, որոնք արձանագրվել են Սերժ Սարգսյանի տասնամյա կառավարման ընթացքում: ԱԺ փոխխոսնակը փաստում է բազմաթիվ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Երկրորդ ձեռքբերումը նա համարում է հետևյալը. «Արցախյան խնդրում մենք պահպանել ենք մեր դիրքերը, ոչ միայն պահպանել ենք, այլև ամրապնդել ենք, քառօրյա պատերազմում հաջողության ենք հասել և թույլ չենք տվել Ադրբեջանին որևէ նոր նախապայման դնել: Հայաստանը դարձել է անվտանգություն արտահանող երկիր»: Շարմազանովի երրորդ արարը մեր երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական առաջընթացի մասին է: Նախ, փաստենք, որ երկրի տնտեսական առաջընթացը ոչ թե վերջին, այլ առաջին ցուցիչն է: Մինչդեռ ՀՀԿ ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի տասնամյա կառավարման ձեռքբերումներից է համարում ցեղասպանության ճանաչումը: Եթե ցեղասպանության ճանաչումը համարվում է առաջին ձեռքբերումը, ապա Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք էլ տարբեր երկրների կողմից ճանաչվել և ընդունվել է այդ փաստը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ առաջին դափնին և անուրանալի մեծ ներդրումն այդ հարցում ունեն հայկական սփյուռքը և հայկական լոբբին արտերկրում:

Ինչ մնում է տնտեսական առաջընթացին, ապա երկրի ՀՆԱ-ն 2008 թվականին կազմել է $ 11,7 մլրդ, իսկ 2015 թվականին՝ $ 10,5 մլրդ, աղքատության մակարդակը 2008 թվականին՝ 27.6%, 2014-ին՝ 30.0%, պետական պարտքը 2008-ին՝ $ 1,9 մլրդ, 2015-ին՝ $ 5,1 մլրդ: Հայաստանից դուրս եկած և չվերադարձածների թիվը 2008-2015թթ. շուրջ 300.000 է: Ինչպես ասում էր Յոզեֆ Գեբելսը. «Հարյուր անգամ ասված սուտը դառնում է ճշմարտություն: Ստեք ուժգին՝ այդ ստից ինչ-որ կտոր կմնա»:

Ինչ վերաբերում է արցախյան պատերազմում մեր դիրքերն ապահովելու պնդմանը, ապա բավական է հիշեցնել 800 հեկտարի կորուստը: Այն միտքը, որ Հայաստանը դարձել է անվտանգություն արտահանող երկիր, ևս քննադատության չի դիմանում: Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է պատերազմող երկիրն անվտանգություն արտահանել:

Որպեսզի շատ երկար չմեկնաբանենք կազուիստիկ այս մտքերը, նշենք՝ Սերժ Սարգսյանի թիմակիցը ցուցաբերում է զարմանալի անտեղյակություն կամ դիմում է վերբալ մանիպուլյացիայի: Ինքը՝ երկրի նախագահը, պատասխանելով ռուսաստանցի հայտնի լրագրող Պոզների հարցին իր գլխավոր թույլ կողմի մասին, ասել էր. «Ես չեմ տիրապետում բոլոր այն հարցերին, որոնք պետք է լուծել՝ լինելով երկրի նախագահ» www.youtube.com/watch?v=KmYJQHwu_ns: Գնահատելի ինքնախոստովանություն է, բայց դրանից հետո էլ, ցավոք, նա բավարարում է իր քաղաքական ամբիցիաները, չնայած որ համարվում է ամենաօդիոզ ղեկավարներից մեկը:

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝