Հանդիպումներից հետո՝ էլի զոհեր

naxagah-634x445

Անցյալ շաբաթ Ժնևում հանդիպեցին Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը՝ քննարկելու արցախյան խնդրի կարգավորման հնարավորությունները: Այս հանդիպումը հատկապես հայ հասարակության շրջանում հակասական կարծիքների տեղիք տվեց, քանզի Ս. Սարգսյանի կողմից նախկինում հնչեցրած դիրքորոշման և հանդիպման փաստի միջև առկա էր ակնհայտ նահանջ: Ս.Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել էր, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն, անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն և վստահության մեխանիզմները տեսնելուց հետո հասցեական հայտարարություն անեն: «Մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները: Մենք բանակցություններ սկսենք այստեղ, զինվորականները՝ այնտեղ պատերազմ: Որտե՞ղ եք էդպիսի բան տեսել»,- ասել էր Սարգսյանը:

Առաջարկված ոչ մի կետ չի իրագործվել, սակայն երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը տեղի ունեցավ: Սա ին՞չ է՝ բանակցային դիրքերի թուլացո՞ւմ, դիվանագիտական պարտությո՞ւն:

 Զոհերն ու կրակոցները կան՝ անկախ պայմանավորվածություններից

Հոկտեմբերի 16-ին Ժնևում հանդիպելուց հետո Ս.Սարգսյանը նշեց. «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»: Այդ հանդիպումից երկու օր անց հայկական կողմն ունեցավ էլի մեկ զոհ:

«Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը, որ նա չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որ ընդունել էր Ժնևում: Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ թե հայկական կողմի վրա, այլ սա կրակոց է ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ»,- դեպքից հետո հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը:

Հարց է առաջանում՝ հասարակությունը, ԵԱՀԿ-ի դիտորդները և միջազգային հանրությունը նո՞ր պետք է ճանաչեին Ադրբեջանի խոսքի արժեքը, նո՞ր պետք է գնահատական տային հարևան երկրի՝ պայմանավորվածությունները պերմանենտ խախտելու ու դրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ: Ինչպես այս դեպքից, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ դիտորդների կողմից չի հնչել հասցեական հայտարարություն «կրակող երկրի» հասցեին, չի կիրառվել որևէ պատժամիջոց: Չի՞ նշանակում սա արդյոք, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը պետք է հանդես գա թելադրողի, բանակցային հեգեմոնի դերում:

Շարքային քաղաքացիները, որոնք շատ հեռու են բանակցային սեղաններից, նշում են, որ նմանատիպ հանդիպումներից հետո պետք է սպասել իրավիճակի թեժացմանն առաջնագծում:

Դառնալով Ս.Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշենք, որ դրանց հակադարձեցին ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր գործիչները: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը համոզում էր, որ այդ առաջարկները նախագահի կողմից արվել էին անմիջապես ապրիլյան պատերազմից հետո: Ստացվում է՝ այժմ այլ իրավիճակ է ստեղծվել, և այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը չկա: Իսկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը նույն ռադիոկայանի՝ 22.10.2017թ. եթերում նշեց, որ այդ առաջարկներն առաջ էին քաշվել Մինսկի խմբի համանախագահների կողմից: Հարց է առաջանում. եթե հայանսպաստ ոչ մի առաջարկ հնարավոր չէ կյանքի կոչել, պե՞տք էր արդյոք ժնևյան հանդիպումը և չամրացրե՞ց այն արդյոք պարտված հարևանի դիրքերը:

 2016 թվականի ապրիլին Հայաստան այցելած եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հայտարարել էր. «Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր: Այդ մեխանիզմները, նկատի ունեմ դիտորդներ և հսկման էլեկտրոնային սարքեր, այսինքն՝ վերահսկողությունը պետք է իրականացվի թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկանց օգնությամբ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վայրկյան ստուգելու հրադադարի պահպանման ռեժիմը: Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևիցե դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն» https://www.azatutyun.am/a/27695886.html:

Է. Շարմազանովը նշել էր, որ «այժմ պատերազմ չկա, կա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ»: Առհասարակ, ո՞ր իրավիճակում է կիրառվում «պատերազմ» եզրույթը: Ապրիլյան քառօրյայի օրերին հեռուստաեթերում քաղաքագետներից մեկն էլ ասաց, որ այս լարվածությունը պատերազմ չէ, պատերազմը 90-ականներին էր՝ Արցախում: Եթե ռազմական-քաղաքական գործիչները պատերազմ համարում են միայն այն իրավիճակը, երբ կրակում են տարբեր զինատեսակներից և լայնածավալ գործողություններ են իրականացվում, ապա շարքային քաղաքացիների ընկալմամբ պատերազմն այն է, երբ ամեն օր կամ ամեն շաբաթ ունենում ենք մարդկային կորուստներ, երբ ամեն օր կրակում են, ընդ որում, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:

Ի. Ալիևը դարձել է այդ պատերազմի «գլխավոր նախագծողը»: Ցանկանում է՝ կրակում է, չի ցանկանում ՝լռում է: Նրա ցանկությունները գերակայում են բանակցային գործընթացում ևս: Արդյո՞ք մենք մեզ պահում ենք որպես հաղթող կողմ, արդյո՞ք մենք չպետք է դոմինանտ դեր ունենանք, արդյո՞ք մեզ պետք է պարտադրեն կամ առաջարկեն զիջել կամ փոխզիջել 5 կամ 7 ազատագրված շրջան:

Օրերս Թուրքիայում Ալիևը նշել էր, որ 7 գրավված տարածքներն իրենց պատմական հողերն են: Ըստ էության, դա պետք է լիներ հայկական կողմի հռետորաբանությունը, բայց այդ մասին կրկին հարևան երկիրն է բարբառում: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ալիևին բնութագրել էր որպես «ռացիոնալ գործիչ»: Նման եզրահանգման հիմքը կարող էր լինել նաև հարևան երկրի նախագահի քաղաքական այսօրինակ վարքագիծը:

Նոր զենք` նորից վարկով

Հերթական անգամ Հայաստանը վարկ վերցրեց զենք գնելու նպատակով: Նախորդ՝ 200 մլն դոլարին ավելացավ ևս 100 մլն-ը: Ստացվում է՝ մեր երկիրն այնքան վարկային գումար է վերցնում, որքան ունի, ասենք, հայաստանցի օլիգարխն Ավստրիայում «Մոցարտ» շոկոլադի գործարան գնելու համար (ըստ մամուլի տեղեկությունների՝ 250 մլն եվրո): Կամ՝ պետությունը վարկային այնքան գումար է դնում սերունդների ուսերին, որքան ծախսում է մեկ այլ օլիգարխ զվարճանքի կենտրոն բացելու համար: Այսինքն, ավելի ճիշտ է սերունդներին հրել-գցել «հավերժական պարտքերի փո՞սը», քան ձգել ոմանց ականջնե՞րը:

Եթե մենք կարող ենք պարտքով զենք գնել, ուրեմն կարող ենք և «պարտքով» սահման պահել: Օտտո ֆոն Բիսմարկն, օրինակ, վարձու բանակ էր պահում: Նա ասում էր. «Վարձելով օտարին՝ 4 անգամ շահում եմ: Նախ, իմ բանակ գալիս է մի նոր զինվոր, երկրորդ՝ իմ հակառակորդի բանակը կորցնում է մեկ զինվոր, երրորդ՝ Պրուսիայի քաղաքացին մնում է իր ընտանիքում և բարիք ստեղծում երկրի համար, և չորրորդ՝ եթե այդ զինվորը մահանում է, լալիս են օտար, ոչ թե իմ ազգի մայրերը»: Թերևս, մտածելու տեղիք տվող գաղափար է, այն պարագայում, երբ ամեն օր կորցնում ենք վերարտադրողական տարիքի հայ տղաների:

 

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝