Լևոն Հայրապետյանի հիշատակին Ստեփանակերտում տեղի է ունեցել սգո երթ

74604

Արցախի պետական համալսարանի հանրույթի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի:

Ստեփանակերտում Լևոն Հայարապետյանի հովանավորությամբ կառուցած Սիրո պուրակում երթի մասնակիցներն նախապես իրականացրել են սանմաքրման աշխատանքներ՝ տեղադրելով մեծ հայորդու՝ ծաղկեպսակի մեջ առնված մեծադիր նկարը:22684898_1099980023528994_652132118_n 22657324_1099980136862316_1722233716_n

Այնուհետև երթի մասնակիցները պաստառներով ու բարերարի նկարներով շարժվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցի.այնտեղ էլ նրա հիշատակին կազմակերպվել է մոմավառություն:22686676_1099980030195660_1545480584_n

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանի առաջնորդությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն:22709850_1099980010195662_293250017_n

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանն ասել է, որ իրենք նման նախաձեռնությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին:

«Լևոն Հայրապետյանի մահը մեծ ցավ է պատճառել բոլոր արցախահայերին. այն կորուստ է նաև համայն հայության համար: Այսօր որբության զգացում է ապրում յուրաքանչյուր հայ մարդ, ով երբևէ լսել, ճանաչել է Լևոն Հայրապետյան անհատին: Լ. Հայրապետյանը մարդ էր, ով իր կյանքում, որպես գերագույն առաքելություն, որդեգրել էր բարեգործությունը՝ Արցախի շենացումը, բարգացավճումն ու զարգացումը: Դա խոսում է նրա մեծ ազգասեր, հայրենասեր ու հումանիստ լինելու մասին. հայրենանվիրումը նրա էությունն էր: Լ. Հայրապետյանի գործունեության մասին մարդիկ դեռ երկար տարիներ կհիշեն: Նրա ջանքերով աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը՝ Վանքը, դարձել է զբոսաշրջության յուրօրինակ այցեքարտ: Լ. Հայարպետյանի անունը միշտ վառ կմնա ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության սրտերում»,-ավելացրել է Զ. Սառաջյանը:

Երթի մասնակից Դիանա Սարգսյանն էլ ասել է, որ ինքն էլ է շատերի նման ցավով ընդունել Լևոն Հայրապետյան մարդու մահվան կորուստը:

«Նա անհատ էր, ում շնորհիվ Արցախն էլ ավելի ծաղկեց ու շենացավ: Մենք՝ արցախցիներս, գիտակցում էինք, որ մեր թիկունքում կանգնած է մեծ հայը, ով պատրաստ էր անգամ իր վերջին լուման ներդնելու Արցախի համար: Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ գտնվում էր բանտում, շարունակում էր օգնության ձեռք մեկնել արցախցիներիս: Մենք խոստանում ենք՝ բարձր պահել նրա անունն ու պատիվը, և կաշխատենք մենք էլ հայրենասիրությամբ նմանվել Լ. Հայրապետյանին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում»,-ասել է Դ. Սարգսյանը:

Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։

Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո:

Artsakhpress.am

Դիտվել է՝