Քաղաքական սանիտա՞ր, թե՞ վտարանդի

tclHbfDIyCU

Միխայիլ Սաակաշվիլին վերջին 15 տարիների ամենահակասական քաղաքական գործիչներից է: Եթե նախկինում նրան համարում էին «գունավոր հեղափոխության» զավակ, ապա այժմ՝ պրոֆեսիոնալ հեղափոխական, «թավշյա հեղաշրջումների» գլխավոր «էքսպորտյոր»: Սաակաշվիլին այժմ Ուկրաինայում է նախաձեռնել քաղաքական «սանացիա»՝ փորձելով ազատել երկիրը, իր բառերով ասած, «բառիգների» կառավարումից, կոռուպցիայից, հմտացած հանցագործ կառավարիչներից:

Ո՞վ էր Միխայիլ Սաակաշվիլին վրացական «վարդերի հեղափոխությունից» առաջ

Ծնվել է բժիշկ հոր և թուրքագետ մոր ընտանիքում: Կիևի պետական համալսարանից հեռացվել է արգելված գրականություն տարածելու համար, ապա բարձրագույն կրթությունը շարունակել Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Սաակաշվիլիի աստղը վրացական քաղաքական երկնակամարում փայլեց 2003 թվականին: Էդուարդ Շևարդնաձեի ղեկավարած Վրաստանում նա զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Ժամանակ անց, սակայն, նա սկսեց խաղալ ընդդիմադիր դաշտում:

2003 թվականի նոյեմբերին, ճիշտ այն պահին, երբ Վրաստանի խորհրդարանում ելույթ էր ունենում Շևարդնաձեն, Սաակաշվիլին իր համախոհների հետ՝ վարդերը ձեռքին, ներխուժեց վրացական խորհրդարանի շենք: Երկրի նախագահ Շևարդնաձեն հեռացվեց դահլիճից՝ սեղանին թողնելով թեյով լի իր բաժակը: Աֆեկտի վիճակում Սաակաշվիլին խմել էր այդ թեյը՝ հետո արդեն հայտարարելով, որ սաստիկ ծարավի պահին չէր նկատել, թե ինչ է արել: Այդ երևույթը կարծես քաղաքական նույնպիսի ճակատագրի իրավահաջորդություն նշանակեց՝ յուրօրինակ մենետեկել: https://iz.ru/news/391503: Քաղաքական պրեսինգի արդյունքում Էդուարդ Շևարդնաձեն, ում «սպիտակ աղվես» էին կոչում, հրաժարական տվեց:

«Վարդերի հեղափոխության» հիմքում ընդդիմադիրների բողոքն էր՝ վրացական խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ:

Պետք է նշել, որ հետխորհրդային Հայաստանում քաղաքական 3 նմանատիպ փոփոխություններ և «կատակլիզմներ» արդեն տեղի էին ունեցել: Նախ՝ առանց վարդերի, բայց արմատական վերափոխումների պահանջով հայկական քաղաքական ասպարեզում ի հայտ եկավ ՀՀՇ-ն: Քաղաքական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Մատենադարանի գիտաշխատող, «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հաղթեց կոմունիստական կուսակցության թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին:

1998 թվականի փետրվարին արդեն ՀՀ նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ պաշտոնից՝ իշխանությունը զիջելով «պատերազմի կուսակցությանը»: Քաղաքական կարգերի «թավշյա»՝ առանց կրակոցի ու զոհերի այս փոփոխությունից ընդամենը մեկ տարի անց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, հայոց խորհրդարանում տեղի ունեցավ իշխանության ներկայացուցիչների ֆիզիկական ոչնչացում, գլխատում:

Եթե զուգահեռներ անցկացնենք հայկական և վրացական ընդդիմության այդ տարիների քաղաքական հռետորաբանության միջև, ապա կփաստենք՝ պահանջները նույնն էին՝ բնակչության անվտանգության ապահովում, սահմանների անառիկություն, ազատ, արդար ընտրությունների անցկացում, քաղաքական ազատությունների իրացում, բնակչության սոցիալական խնդիրների լուծում:

Սաակաշվիլին՝ արհեստավարժ հեղափոխական

Սաակաշվիլին չի թաքցրել և չի թաքցնում, որ ինքն «ամերիկյան պրոյեկտ» է: «Վարդերի հեղափոխությունից» մինչև իր շուրջ 10-ամյա կառավարման ավարտը Վրաստանում ակնհայտ է եղել ամերիկյան և արևմտյան մի շարք երկրների «ներկայությունը»:

Ներքին քաղաքականության բնագավառում Սաակաշվիլին կարողացավ իրականացնել ոլորտային, համակարգային փոփոխություններ: Նրա օրոք բարելավվեց, դիվերսիֆիկացվեց տնտեսությունը, աճեցին ներդրումների ծավալները, պետական կառավարման ստորաբաժանումների կառուցվածքում ներդրվեց թափանցիկ աշխատաոճ: Ամենաէական փոփոխությունը Վրաստանի ոստիկանական, իրավական համակարգի վերափոխումն էր: Այս ամենի հետ մեկտեղ էքսցենտրիկ Սաակաշվիլիին չներվեցին Վրաստանի տարածքի 20%-ի կորուստը (Հարավային Օսիա և Աբխազիա), իր հեղափոխական ընկերոջ՝ Զուրաբ Ժվանիայի մահը, որի մեջ մեղադրում են անձամբ Սաակաշվիլիին, «հեղափոխան եռյակի» մյուս անդամի՝ Նինո Բուրջանաձեի քաղաքական մարգինալացումը, անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի՝ աշխատանքից ազատումը: Վերջինս հանդգնել էր բարձրաձայնել Սաակաշվիլու հայ լինելու մասին, ինչը դուր չէր եկել Վրաստանի ղեկավարին: Հայ համայնքի հետ նույնպես նրա հարաբերությունները լարված էին: Բավական է հիշել Վահագն Չախալյանի ազատազրկման փաստը, հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների դասաժամերի կրճատումն ու վերացումը: Մի խոսքով, Սաակաշվիլին ուներ հավասար քանակի բարեկամներ ու թշնամիներ:

Սակայն փաստենք, որ Վրաստանում իրականացրած համակարգային փոփոխությունների հեղափոխական ալիքը ցայսօր չի հասել Հայաստան: Մեզանում ցանկացած խնդրի լուծում փնտրելիս նշվում է համակարգային արմատական փոփոխության անհրաժեշտությունը: Փոխվում ու խմբագրվում են սահմանադրությունը, օրենքները, սակայն բոլորիս մոտ շարունակում է քմծիծաղ առաջացնել իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «կոռուպցիայի դեմ պայքար» արտահայտությունը: Դատավոր ու ոստիկան «նստեցնելը», պարզվում է, չի նպաստում խնդրի լուծմանը, շոշափելի չի դարձնում համակարգային արատների վերացումը: Կոռուպցիան դարձել է աշխատաոճ, կենսակերպ, նույնիսկ՝ բիզնես:

Վրաստանի վերափոխման օրինակն այն դեպքը չէ, երբ ուղղակի ասում են՝ «դե, հարևանի հարսը միշտ էլ լավն է»: Սաակաշվիլիի ռեֆորմիստական քաղաքականությունը, երկիրը երկիր դարձնելու քաղաքական կամքը տվեց իր արդյունքը:

Ցավոք, մենք դեռ փնտրում ենք իշխանությունների խամաճիկը չդարձող, չծախվող ընդդիմադիրների ու պետականաստեղծ քաղաքական ղեկավարների:

Սաակաշվիլին՝ քաղաքական վտարանդի

Վրաստանում քաղաքական նոր դերակատարների ի հայտ գալու արդյունքում Միխայիլ Սաակաշվիլին իր կառավարման ժամկետից շուտ լքեց պաշտոնը և երկիրը: Այդպիսով, նա կրկնեց Շևարդնաձեի ճակատագիրը՝ «կրկին խմելով նրա թեյը»:

Պրոֆեսիոնալ հեղափոխականը դարձավ պրոֆեսիոնալ վտարանդի՝ բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Ուկրաինայում:

Այսօր նա հայտնվում է այնտեղ, որտեղ առկա է իշխանության «ապասրբացման» կամ «դեսակրալիզացիայի» վտանգը: 2004 թվականին նա ակտիվ մասնակցություն ունեցավ ուկրաինական «նարնջագույն հեղափոխության», 2014 թվականին՝ Եվրամայդանի կազմակերպման գործում: Ամենուրեք նա հռչակում է պայքար կոռուպցիայի դեմ: Ունի քաղաքական և ֆինանսական հովանավորներ, համակիրներ, որոնք հատուկ ջոկատայինների նման իրենց «հեղափոխական ուսապարկերով» շատ արագ դիսլոկացվում են ցանկացած երկրում:

Սաակաշվիլին չի ամաչում ու չի խորշում այլ երկրներում իր քաղաքական հավակնությունները ներկայացնելուց: Նա իրեն համարում է քաղաքական համակարգերի սանիտար, որը կարող է «օդափոխել» աշխարհը: Հետաքրքիր է՝ Ուկրաինայից հետո ո՞ր երկիրն է նա «օդափոխելու»:

                                                                                                          Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝