Կ.Կարապետյանը վստահեցնում է, թե անկախ իր հետագա պաշտոնավարումից՝ ներդրումները Գյումրիում շարունակական են լինելու

22627658_839994316169954_1078512929_n

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Գյումրիում մասնակցեց քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Ռուսթավելու անվան փողոցի բացման արարողությանը: Հիշեցնենք, այն վերանորոգվել է Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագրի շրջանակներում:

Բացման արարողությանը հաջորդեց նորակառույց փողոցի երկայնքով շրջայցը: Գյումրիում հատուկ ընդունելություն էին կազմակերպել, որով, ինչպես Սամվել Բալասանյանը նշեց, շնորհակալություն են հայտնում Կարապետյանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Վերանորոգված Ռուսթավելի փողոցի առանձին հատվածներում ներկայացված էին Գյումրու արհեստների եւ արվեստների նմուշները:

750 մետր երկարություն ունեցող փողոցը սալիկապատվել է, լրագրողների հետ զրույցում, սակայն, Կարապետյանը չմանրամասնեց, թե ովքեր են ներդրում կատարել ծրագրի իրականացման համար, միայն ասաց, որ իր ընտանիքն էլ է մասնակցություն ունեցել՝ ձեռք բերելով մեկ շինություն: Պատասխանելով մեր հարցին, թե 2018 թվականի ապրիլից հետո եթե շարունակի պաշտոնավարումը, ապա Գյումրիում ներդրումները շարունակական լինելո՞ւ են, Կարապետյանը նշեց. «Եթե նույնիսկ չշարունակեմ, շարունակական են լինելու, ներդրումները վարչապետից կախված են մասամբ»:

Ապա ասաց, թե վերանորոգվելու է նաև Շիրազի փողոցը, Ռուսթավելուն հարակից մի քանի փողոցներ ևս, սակայն չհստակեցրեց, թե ՀՀԿ-ում քննարկե՞լ են արդեն՝ ով է լինելու իշխող քաղաքական ուժի՝ վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլից հետո, և բացի այդ, իր հետ ընդհանրապես հետագա պաշտոնավարմանն առնչվող հարցեր քննարկվե՞լ են արդյոք:

Լրագրողների հաջորդ հարցը վերաբերում էր գնաճին: Կարապետյանը թվարկեց՝ թանկացել է կարագը, մսամթերքը, բենզինը, ու նշեց, թե միջազգային գների բարձրացմամբ է դա պայմանավորված: «Կարագը 50 տոկոսով թանկացել է մեկ տարվա մեջ, երբ որ միջազգային շուկան 87 տոկոս է թանկացրել, մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք, մենք չենք կարող այդ խնդիրը զսպել, այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել, բայց նաև մենք ունենք ապրանքներ, որոնց գները նվազել են. ձեթ, բրինձ և այլն, այդ իսկ պատճառով մեր ԱՎԾ-ն ներկայացնում է, թե մեզ մոտ սպառողական շուկան ինչպես է արձագանքում այդ գներին, այդ ամենին պետք է վերաբերվել համբերատար»,- եզրափակեց Կարապետյանը:22554548_839994682836584_368110307_n

Դիտվել է՝