ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն ու արցախյան հիմնախնդիրը

eu_armenia

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև նոյեմբերին կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը, ինչպես և ակնկալվում էր, ի թիվս այլ հարցերի անդրադառնում է նաև արցախյան հակամարտությանը։

Ի՞նչ է ասում համաձայնագիրը

Համաձայնագրի տեքստը նշում է, որ կողմերն ընդունում են արցախյան հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։

Այնուհետև նշվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը:

Սովորական ձևակերպո՞ւմ

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստի քաղաքական մասն իր բովանդակությամբ և անգամ կառուցվածքով շատ նման է Մոլդովայի և Վրաստանի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերին։ Այդուհանդերձ այս երկու երկրների ասոցացման պայմանագրերը և Հայաստանի հետ համաձայնագրի քաղաքական մասն ունեն մի հստակ տարբերություն։

Վրաստանի և Մոլդովայի ասոցացման պայմանագրերի մեջ որպես այս երկրների հակամարտությունների կարգավորման համար հիմնարար սկզբունք նշվում է միայն տարածքային ամբողջականությունը, իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին խոսք չկա։ Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագիրը տարածքային ամբողջականության սկզբունքից բացի նշում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

Ավելին, թե՛ Մոլդովայի ու Վրաստանի և թե՛ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրերը նշում են, որ կողմերը հավատարիմ են անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պահպանմանը։ Թեև ուկրաինական կոնֆլիկտն սկսվել է այս երկրի ասոցացման համաձայնագրի պատրաստումից հետո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵՄ-ն հստակ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագրում տարածքային ամբողջականությանը չի տրվում առաջնային նշանակություն։ Այս ձևակերպումը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԵՄ մոտեցումը արցախյան հակամարտությանը տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Միաժամանակ այս ձևակերպումն օրինական հիմքեր է ստեղծում երբևէ ԵՄ կողմից Արցախը պաշտոնապես ճանաչելու համար։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դիտվել է՝