Եվրամիություն – ԵԱՏՄ. Հայաստանի տնային աշխատանքը

24237

Հայաստանի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում են Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Պետք է նկատել, որ ի տարբերություն 2013 թ.-ի, երբ սեպտեմբերի 3-ին չստորագրվեց Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագիրը, այս նոր քննարկումներում նկատվում է վստահություն, որ Հայաստանը կգնա մինչև վերջ և 2017 թ.-ի նոյեմբերին կստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Պատմական տեղեկանք Եվրամիության մասին

Եվրոպական Միությունը ծագում է եվրոպական երեք՝ Քարածխի և պողպատի (EOYC), Ատոմային էներգիայի եվրոպական (եվրոատոմ) և Եվրոպական տնտեսական համայնքների համագործակցությունից: Դրանց միավորումը բացառապես տնտեսական հիմքի վրա էր: Մաաստրիխտի պայմանագրի հիման վրա, որի հիմնական ճարտարապետներն էին Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը, հիմնադրվեց Եվրոպական Միությունը: Դա 1993 թվականի նոյեմբերի 1-ն էր: 1995 թվականից սկսած եվրոպական փոքր ու մեծ երկրները սկսեցին միանալ այս Միությանը՝ գործածության մեջ դնելով Եվրոպական Միության միասնական արժեդրամը՝ եվրոն: Եվրոպական Միությունը կազմավորվեց 28 երկրից՝ շուրջ 500 մլն բնակչությամբ:

Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունները

Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը սկսվեց 1996 թվականին՝ «Գործընկերության և համագործակցության» համաձայնագրի ստորագրումով: Այն ուժի մեջ մտավ 1999 թվականին: Ինչպես նշվում է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության www.delarm.ec.europa.eu կայքում, այս փաստաթուղթը ներառեց հարաբերությունների ողջ սպեկտրը, բացի ռազմական ոլորտից: Առևտրատնտեսական ոլորտում 1992 թվականից սկսած ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան 500 մլն եվրո: GSP+ ռեժիմը հնարավորություն է տվել հայ գործարարներին արտոնյալ պայմաններով շուրջ 6400 ապրանքատեսակ արտահանել ԵՄ շուկա՝ զրոյական մաքսատուրքերով:

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նախկին հանրապետությունները մնացին «որբացած», ստեղծվեց պատմական մի նոր իրողություն: Քաղաքական դիվերսիֆիկացիայի միջոցով հնարավոր դարձավ ընդլայնել հարաբերությունները «ծանրության տարբեր կենտրոնների» հետ: Կովկասյան տարածաշրջանի երկրներից եվրոպական ընտանիք առաջինը մուտք գործեց Վրաստանը:

1998-1999 թվականներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն անվստահության որոշակի հիմքեր էին ստեղծել եվրոպացիների մոտ: 1999 թվականին «Առավոտ» թերթի վերլուծականներից մեկում նշվում էր. «Մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նախանշեցին այն ուղիները, որոնցով պետք է ընթանար Հայաստանը: Պատրաստված էին խոստումնալից փաթեթներ տնտեսության զարգացման համար, մեծ ծավալի ներդրումային ծրագրեր արդեն պատրաստ էին իրականացման: Սակայն մեկ տարվա ընթացքում այդ ծրագրերը սառեցվեցին. միջազգային հանրությանը պարզ չէ, թե Հայաստանը ինչ է ուզում: Նույնիսկ այն բաց ակնարկները, որ արվում էին և արվում են տարբեր ատյանների կողմից, ՀՀ իշխանությունների համար որևէ եզրակացության տեղիք չեն տալիս» http://www.aravot.am/1999/02/11/784839/: Խոսքը 1998 թվականի «թավշյա հեղափոխության» և երկրի նախագահի անսպասելի հրաժարականի մասին է:

Ուժի ոչ մի բևեռի համար ընդունելի չէ գործ ունենալ անկայուն քաղաքական դիրքորոշում ունեցող երկրների հետ: «Խաղալ» քաղաքական դաշտում չի նշանակում լինել անկանխատեսելի: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Ասոցացման համաձայնագրի ստորագրման չեղարկումը, թերևս, կարելի է բացատրել հայկական քաղաքական այդ «ավանդույթով»: Փաստորեն, պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Կբացվի՞ արդյոք Հայաստանի կիսաբաց թողած եվրադուռը

2013 թվականից անցել է 4 տարի, և եվրոպական կիսաբաց դուռը Հայաստանի համար կրկին կարող է բացվել: Ի՞նչ է մեծ հաշվով փոխվել այս տարիների ընթացքում: Որպես եվրոպական փաստաթղթի չստորագրման հիմնական արգելք նշվում էր Հայաստանի նոր հանձնառությունը՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Բայց Հայաստանն այսօր էլ շարունակում է լինել այդ կառույցի անդամ: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կապվում է ՀԱՊԿ անդամ լինելու հետ: Դա դիտարկվում է որպես տրամաբանական շարունակություն:

Հաջորդը համարվում էր արցախյան հիմնախնդիրը: Սակայն այն այսօր էլ առկա է և դեռ լուծում չունի: Եվ ուրեմն, մնում է ենթադրել, որ փոխվել է կողմերի՝ տարածաշրջանային խնդիրների ընկալումը, նոր մարտահրավերներից և հակամարտություններից բխող հետևությունները, մասնավորապես, BREXIT-ը, ուկրաինական հակամարտությունը, որն, ըստ էության, ծագեց այդ երկրի եվրաինտեգրման համատեքստում, փոխվել է քաղաքական հռետորաբանությունը: Վերլուծելով վերջին օրերին արված հայտարարությունները՝ մեջբերենք ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի խոսքերը. «Հայաստանի Հանրապետությունը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք կա՛մ այս, կա՛մ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»: Այստեղից բխում է, որ Եվրոպան չի կարող և չի տվել ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ: ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում (08.10.2017թ. https://www.azatutyun.am /a/28753650.html) հայտարարեց. «Չես կարող անվտանգությունդ մի համակարգում կազմակերպել, տնտեսական հարաբերությունները՝ մեկ այլ համակարգում: Դա այնքան էլ արդյունավետ չէ, այնպես որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, միանշանակ, բնական է»:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն էլ իր հերթին օրերս հայտարարեց, որ «ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը»:

Այս ամենն ապացուցում է, որ աշխարհաքաղաքական նոր վերադասավորումները նոր ֆոն են ստեղծել: Նոր կոնֆլիկտները, թերևս, ցանկալի չեն, երբ եղածների լուծումը դեռևս գտնված չէ: Նոր առաջացած քաղաքական կոնֆլիկտները փոխել են քաղաքական դերակատարների ընկալումը տարածաշրջանային պետությունների և խնդիրների վերաբերյալ:

Եվրոպացի փորձագետ Կոնրադ Զաշտովտը 168.am-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի մաս կազմող փաստաթուղթը: Ի վերջո, չստորագրելու (նկատի ունի՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը) պատճառներ չկան, թեև անվստահություն առկա է միշտ հայ-ռուսական ռազմավարական խորը հարաբերությունների առկայության պայմաններում: Եվրոպացի փորձագետը հավելել է. «հետագա բովանդակությունը և ծավալը կախված կլինի այս համաձայնագրի կետերի իրականացումից, քանի որ համաձայնագիրը նախատեսում է ժողովրդավարական գործընթացներ, կառավարման ողջ համակարգի արդիականացում: Վիզաների դյուրացման բանակցություններում առաջընթացը կախված կլինի Հայաստանի կատարած տնային աշխատանքից» https://168.am/2017/10/08/852956.html:

Եվրաինտեգրացիան, անշուշտ, բազմաթիվ առումներով շահավետ է: Սակայն չստացվի, որ լավ կատարելով մեր «տնային աշխատանքները»՝ հանկարծ զրկվենք մերից, ազգայինից, որովհետև չկա քաղաքական կամքը դիմադրելու որևէ դաշինքի, միության թելադրանքին: Բրիտանացի քաղաքական գործիչներից մեկը ժամանակին ասել է, որ ազգը չունի մշտական թշնամիներ ու բարեկամներ, ազգն ունի շահեր:

Լիլիթ Աղեկյան

Դիտվել է՝