Ինչպե՞ս է կարգավորվելու աջ ղեկով մեքենաների խնդիրը. նախարարը հորդորում է «յոլա գնալու» ձևով չդիտարկել հարցը

aj xek

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր դարձյալ անդրադարձել է աջ ղեկով մեքենաների խնդրին: Նա նշել է, որ երբ կլինի օպտիմալ լուծում, կներկայացնեն հանրությանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ քննարկումներից հետո որոշում կայացվի հրաժարվել հավանական փոփոխությունից, Մարտիրոսյանը նշել է՝ ամեն ինչ հնարավոր է, բայց չեմ կարծում:

«Դա այն խնդիրն է, որը մենք պետք է ինչ-որ մի օր լուծենք: Եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պե՞տք է կանոնակարգենք ամեն ինչը՝ օրենքի սահմաններին համապատասխան: Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր ա, չի կարող լինել երկու կողմ»:

Հարցադրմանը, թե ինչ ժամկետներում է հնարավոր որոշում կայացվի աջ ղեկով մեքենաների վերաբերյալ, նախարարը նշեց, որ կաշխատեն այդ որոշումը շուտ լինի:

Այս պահի դրությամբ դեռևս ոչինչ հստակ չէ, դիտարկվում են տարբերակներ, տեղեկացրեց նախարարը:

«Ժամանակ կտրվի, ժամանակի չափը դեռ չգիտենք, մի տարի, տասը տարի, քսան տարի, թե հիսուն տարի: Չգիտեմ: Ոչ մի կոնկրետ բան չկա»:

Հարցին, թե չունե՞ն մտավախություն, որ եթե կատարվի փոփոխություն, դա կհանգեցնի վարորդների շրջանում բողոքի ակցիաների, նախարարը նշեց՝ իհարկե կլինեն, սակայն հավելեց. «Ո՞րն է ավելի լավ. ժողովուրդն ավելի որակով սպասարկո՞ւմ ունենա»:

Մարտիրոսյանը նաև խորհուրդ տվեց նայել ապագային, այլ ոչ թե «յոլա գնալու» ձևով դիտարկել խնդիրը: Իսկ ապագան, ըստ նրա, ոչ թե վառելիքով մեքենաներինն է, այլ էլեկտրական: Նա խորհուրդ տվեց աշխարհի փորձն ուսումնասիրել:

Պետությունը պատրա՞ստ է ֆինանսական բեռ վերցնել՝ ղեկի տեղափոխման և այլ ծախսեր իր վրա վերցնելու: Այս հարցադրմանն ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ որոշում չկա, և այդ հարցն էլ չի քննարկվել:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ «այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա:

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:

Ընդ որում, այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»:

Դիտվել է՝