«Սխալ են այն պատկերացումները, որ նախագահները գնում են բանակցությունների՝ կոնկրետ կարգավորման հարցով առաջընթաց ապահովելու»

photo

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ Հայաստանը չունի երաշխիք, որ սկսելով բանակցություններն Ադրբեջանի հետ՝ վերջինս չի խախտի համաձայնությունները եւ չի սկսի ռազմական գործողություններ:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները հարցրին, թե այդ պարագայում ինչու է Հայաստանը գնում բանակցությունների, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն էլ խոսեց երաշխիքների անհրաժեշտության մասին, Քոչարյանը նշեց.
«Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է ընդհանուր առմամբ նրան, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները, դա նաեւ եռանախագահների առաքելությունն է, մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: Այդ երկու հարթությունը միմյանց հետ սերտ կապված են: Հաշվի առնելով հենց նաեւ վերջին ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի հետեւողական ուժային քաղաքականությունը՝ ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա»:

Շավարշ Քոչարյան

Շավարշ Քոչարյան

Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ սխալ են այն պատկերացումները, որ նախագահները գնում են բանակցությունների կոնկրետ կարգավորման հարցով առաջընթաց ապահովելու: Ցավոք, դա դեռեւս այդպես չէ, ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր առաջնային խնդիրը դեռեւս վստահության մթնոլորտն է, որն իր հերթին նշանակում է, որ պետք է սադրանքներին վերջ տրվի:
«Ադրբեջանին բերվի կառուցողական դաշտ, ավելին, պետք է երաշխիքներ լինի, որ ինքը նախկինում դրված իր ստորագրություններից չի հրաժարվի, որ բացառվեն այդպիսի իրավիճակները, որից հետո նոր կարող ենք խոսել առաջընթացի մասին: Քանի դեռ կողմերի միջեւ չկա վստահություն, առաջընթաց անհնարին է: Եթե կրակում են, սադրում են, եթե ամեն օր սպառնում են ուժով, ո՞նց կարող է առաջընթաց լինի»:

Հայկական կողմի նախապայմանի մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, դեռեւս 95 թվականից՝ ստորագրելով եռակողմ համաձայնագիր կրակի դադարեցման ռեժիմը եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին: Սակայն ապրիլյան պատերազմը եւս ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից՝ հարցականի տակ դնելով ցանկացած ապագա համաձայնություն կատարելու պատրաստակամությունը:

«Բաքուն ի սկզբանե ընտրել է ուժային քաղաքականություն ի պատասխան ինքնորոշմանը եւ առ այսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում»,- ասում է Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով՝ միջազգային կառույցների կողմից գնալով ավելի հասցեական են դառնում հայտարարությունները, բացի այդ, համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի միջազգային պարտավորությունները կատարելու եւ հետաքննության մեխանիզմների մասին: Ըստ փոխարտգործնախարարի՝ Ադրբեջանը գնալով հայտնվելու է ճնշման տակ:

«Սա մի իրավիճակ է, երբ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել, եւ այդ պարագայում ակնհայտ է, որ այդ բոլորը չի կարող անվերջ շարունակվել: Նույնը վերաբերում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Վերջիվերջո, ինքը գործ ունի երեք անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որոնք հանդիսանում են միջնորդ: Անվտանգության խորհրդի մշտական անդամների առաքելությունն այն է, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որեւէ ծայրում: Բայց եթե նրանք միջնորդ են, եւ միջնորդ լինելով հանդերձ լինում է ռազմական գործողություն, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք անդամին: Հասկանալով դա՝ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ ձերբազատվել այդ ֆորմատից, որը չի հաջողվի նրան»,- ասում է Քոչարյանը:

Երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ հստակություն դեռեւս չկա:

«Մի նկատառում անեմ: Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Պատահական չէ նույն Ալիեւի սադրիչ հայտարարությունը, երբ որ ինքը փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը եւ այլ բան ներկայացնել: Բայց չեմ կարծում, որ նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»:

«Ադրբեջանը երբ դիմի ԵԱՏՄ անդամակցության համար, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է»,- ընդգծեց Քոչարյանը՝ նշելով, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ում անգամ դիտորդ չի կարողանա դառնալ, որովհետեւ կա պայմանագրի կետ, որի համաձայն դիտորդ չի կարող դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որեւէ անդամ պետության եւ ամբողջ կառույցի:

 

Դիտվել է՝