Նոր զոհ՝ Ալիևի «արյունոտ» պատասխանը». ո՞րն է լինելու Ս. Սարգսյանի հակաքայլը

Serj Sargsyan - Aliev

Սարգսյան – Ալիև սպասվող հանդիպումից առաջ այսօր Սոչիում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն էր, որին ներկա էին թե Սերժ Սարգսյանը, թե Ի. Ալիևը:

Ավելին, հյուրընկալող կողմն այնպես էր կազմակերպել, որ նույնիսկ ԱՊՀ երկրների դրոշների ցանկում Հայաստանի ու Ադրբեջանի դրոշներն իրար կողքի էին, Սարգսյանն ու Ալիևը՝ ևս: Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի սահմանում հերթական զոհն ունենայինք:

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորումից զոհվեց 1998թ.-ին ծնված Չապլին Արմենի Մարգարյանը:

Մի կողմից Ադրբեջանը շարունակում է ցույց տալ, որ հավատարիմ է «ավանդական» ձեռագրին, մյուս կողմից՝ սա ընկալվում է նաև որպես Ի. Ալիևի պատասխանը երեկվա՝ Հայաստանի նախագահականի հայտարարությանը:

 Հայաստանը հե՞տ է քաշվել նախապայմաններից

Նախագահների մակարդակով վերջին հանդիպումը 2016թ.-ի ամռանն էր, որը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ:

Դրանից հետո հայկական կողմը մերժում էր հանդիպումների առաջարկությունները՝ թե ԱԳ մակարդակով, թե երկրի առաջին դեմքի:

Հայկական կողմը հայտարարում էր, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դրանք էին՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ գրասենյակի ընդլայնում և այլն: Եվ եթե դրանք չի կատարում, ուրեմն հանդիպումներն անիմաստ են և միտված չեն խնդրի լուծմանը:

Ընդհանրապես կարելի է ասել, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմի մարդկային ու հողային կորուստներից հետո Հայաստանի իշխանությունների «մխիթարիչ խոսքը» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն էին:

ՀՀԿ-ն դրանք մատուցում էր որպես հաղթաթուղթ:

Հայաստանի իշխանությունների նահանջի սկիզբը

Ադրբեջանի իշխանություններն ի սկզբանե հայտարարում էին, որ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել ոչ Վիեննայում և ոչ էլ Սանկտ Պետերբուրգում: Ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ դրանք չի ընդունում և կողմ է բանակցությունների վերսկսմանը՝ առանց նախապայմանների: ՀՀ – Ադրբեջան ԱԳՆ մակարդակով վերջին հանդիպումից և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին հայտարարությունից հետո փորձագետներից ոմանք կռահում են, որ Վիեննայի պայմանավորվածություններն այլևս ի չիք են համարվում, և որ Ադրբեջանը կարողացավ կարճ ժամանակում նոր պայմանավորվածությունների հասնել, հնարավոր է նաև Հայաստանի իշխանությունների հետ:

ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային վերջին այցելությունից հետո ևս տարածված հայտարարությունում ոչ մի նման շեշտադրում չկար:

Ալիևը խոսեց

Տրամաբանականն այն է, որ եթե հայկական կողմը հրաժարվում էր հանդիպումներից՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանն ի վիճակի չէ հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, ուրեմն պետք է շարունակեր սպասել մինչև Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարումը, կամ էլ գնալ հանդիպումների՝ ունենալով երաշխիք, որ կհարգվեն պայմանավորվածությունները:

Նախագահների հնարավոր հանդիպման մասին նախ հայտարարություն տարածեցին համանախագահները, որից հետո Ի. Ալիևը Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը գնում է հանդիպումների Սարգսյանի հետ՝ առանց նախապայմանների:

«Ղարաբաղյան խնդրով բանակցությունները շարունակվում են՝ առանց նախապայմանների՝ չնայած, որ Հայաստանը տարբեր նախապայմաններ ուներ»,- ասել էր Ալիևը՝ շարունակելով, որ «հայկական կողմը նախապայմաններ առաջ քաշելով՝ խափանում էր հանդիպումները, բայց գոնե առայժմ ստիպված է հրաժարվել նախապայմաններից»:

Բաղրամյան 26-ից Ալիևի այս հայտարարությունը որակվեց որպես «մթնոլորտ պղտորելու» փորձեր:

Սերժ Սարգսյանը միտումնավոր Ալիևին պատասխանեց մամուլի քարտուղարի միջոցով:

«Մեր և Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին խաբել։

Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից»,- հայտարարեց Վ. Հակոբյանը:

Արյունոտ պատասխան Ադրբեջանից

Սպասվող հերթական հանդիպումից առաջ՝ այսօր, հայկական կողմը 19-ամյա զինվոր կորցրեց: Գոնե առայժմ պաշտոնական Բաքվի մոտեցումը՝ արցախյան խնդրի լուծման վերաբերյալ, ռազմական ճանապարհից այն կողմ չի անցնում: Եվ հազիվ թե սպասվող հանդիպումներն ինչ-որ բան փոխեն:

Մնում է հասկանալ՝ ինչպես է այս ամենին պատասխանում Հայաստանի իշխանությունը:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝