Վիգեն Սարգսյանն անդրադարձավ իր՝ բանակում չծառայելու խնդրին

vigen sargsyan

«Պետք է չծառայելը դառնա ուղղակի անընդունելի»։ Այսօր ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ մի շարք օրենքներում չծառայողների վերաբերյալ սահմանափակումներ դնելով, բազմաթիվ հետեւողական քայլերով այն պետք է դառնա մտածմունքի առարկա:

Ըստ նախարարի՝ 2018-ից զինծառայության տարկետում չի տրվելու։

«Ծառայությունից տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով։ 2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու։ Դա է այս օրենքի փոփոխությունների հիմքը»:

Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ տարկետում հասկացությունը փոխարինվելու է բովանդակային արտոնություններով։

«Եթե քաղաքացին ունի ընտանեկան կամ առողջական հատուկ սահմանափակումներ, պետք է մեխանիզմն այնքան ամրապնդենք, որ խնդիրը լուծելով՝ ծառայության հնարավորություն ընձեռենք նրան»:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր՝ զինվորական ծառայություն անցած չլինելու մասին հայտարարություններին՝ ասելով.

«Շատ երկար քննարկվում էր հասարակությունում՝ արդյոք պաշտպանության նախարարը ծառայե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որով հիմա առաջարկում է իր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական ծառայության, ավարտից հետո սպայական ծառայություն եւ այդ ձեւով երկրին օգտակար լինելու կարողություն»:

Սարգսյանն ի նկատի ուներ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը։

«Ազգ-բանակը տակտիկական հարց չէ՝ ղարաբաղյան հարցը լուծելու, դա ուղղակի ժողովրդի մոբիլիզացվածությունն ապահովելն է: Մի կողմից դա բեռ է, բայց, կարծում եմ, ցանկացած բեռ կարող է դառնալ խթանիչ ուժ, եթե կյանքը պարտադրել է։ Պետք է սովորենք առավելություն դարձնել դա, ոչ թե նվնվանք, թե ինչու մեր տղաները պետք է երկու տարի ծառայեն»,- ասաց նա:

Դիտվել է՝