Ո՞րն է կապը Սերժ Սարգսյանի, ԱՄՆ դեսպանի և Կաթողիկոսի միջև Կարո Եղնուկյանի գործում

Գարո Եղնուկյան

Հուլիս 13, 2017-ին «Իրավունք» թերթի բամբասանք բաժնի տակ տպվել էր հետևյալ անհեթեթ հերյուրանքը՝ «Ըստ վստահելի աղբյուրի՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործով կալանավորված Կարո Եղնուկյանն այժմ ուղիներ է որոնում, որպեսզի «քաղբանտարկյալի» կարգավիճակից սեփական շուրթերով հրաժարվելու դիմաց իրեն արտաքսեն Հայաստանից, և դրանով գլուխն ազատի քրեական պատասխանատվությունից։ Սակայն, մեր աղբյուրի խոսքով, ԱՄՆ դեսպանատունը, կարծես թե, այնքան էլ ոգևորված չէ Եղնուկյանին սատարելու գաղափարով»։

Ինչպես ասում են, «առանց կրակ ծուխ չի լինում», և ես այս պատմության «կրակ»-ին չէի անդրադառնա, եթե «ծուխ»-ն այդքան աղավաղված և ցինիկ չլիներ։ Իմիջիայլոց, ես այս «բամբասանք»-ի մասին իմացել եմ ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Ֆրենք Լըվոյից նույն օրը դեսպանատան ամսական այցի ժամանակ։ Նա ուզում էր իմանալ դեսպանի անունից, թե ինչ գիտեմ ես այդ «բամբասանք»-ի մասին, և եթե արդյոք ես գիտեմ, ո՞վ է այդ «վստահելի աղբյուր»-ը՝ միգուցե ակնարկելով, որ ես եմ այդ անձը։

Ես պատասխանեցի Ֆրենք Լըվոյին, որ ես չեմ և ինձնից բացի այդ «բամբասանք»-ի բանակցություններին մասնակցել են նախագահականը, եկեղեցին և դեսպանատունը՝ իրենց առաջին դեմքերի անմիջական ներգրավվածությամբ։ Նշեցի նաև, որ իմ կարծիքով ամենահավանական «վստահելի աղբյուր»-ը նախագահականն է, Սերժիկ Ազատովիչ Սարգսյանի (ՍԱՍ) անմիջական կարգադրանքով՝ հաշվի առնելով, որ «Իրավունք»-ը հայտնի է որպես իշխանական խուսափող դեղին մամուլի մրցանակակիր «բացահայտումներ» անող թերթ։

Հետաքրքիր է, որ դեսպանատունը շատ օպերատիվ էր աշխատել, որ կարողացել է նույն օրը դեղին մամուլի բամբասանքն իմ ականջին հասցնել։ Ի դեպ, ուշագրավ է, որ դեսպանատունն այս 1 տարվա ընթացքում կարող էր տարբեր տեսակի ինֆորմացիա ներկայացնել ինձ, բայց ընտրեց հենց այս բամբասանքը, որը բավականին բացասական արձագանք ստացավ և խոսակցությունների տեղիք տվեց։ Այդ իսկ պատճառով պաշտպանիս խնդրեցի գտնել հոդվածը և փոխանցել ինձ։ Տեսնելով հոդվածը՝ սեպտեմբերի 14-ին որոշեցի դատի տալ «Իրավունք» օրաթերթին և գրել այս բացահայտումն ու պարզաբանումը։

Իմ ձերբակալվելուց հետո Նյու Յորքի հայկական համայնքը կապ է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի Առաջնորդարան՝ Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու հետ՝ պահանջելով ինչ-որ օգնություն եկեղեցու կողմից և եկեղեցու հստակ դիրքորոշումը Հայաստանում շուրջ 70 քաղբանտարկյալների առկայության և նրանց ազատության վերաբերյալ։ Հոկտեմբեր 4, 2016-ին Արևելյան թեմի ներկայացուցիչը կապվում է իմ ընտանիքի անդամի հետ և տեղեկացնում է,  որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոցը (Կաթողիկոս) ցանկանում է հանդիպել Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը կայանում է Հոկտեմբեր 28, 2016 թվականին, որտեղ ներկա են լինում Արևելյան ԱՄՆ-Էջմիածնի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, Կաթողիկոսը և Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչները՝ ներառյալ իմ ընտանիքի անդամները։ Հավաքի հենց սկզբից Կաթողիկոսը նշեց, որ Կարո Եղնուկյանը նյութական օգնություն է ցուցաբերել, որից հետո ներկայացուցիչներից մեկը հերքեց այդ տեղեկատվությունը, որին Կաթողիկոսը հակադարձ պատասխան հնչեցրեց. «Ուրեմն ինձ սխալ են ներկայացրել»: Համայնքի ներկայացուցիչները Կաթողիկոսին ներկայացրեցին Հայաստանում ընդհանուր անարդար վիճակը, և հիմնականում շեշտադրվում էր քաղբանտարկյալների առկայությունը, բայց խոսակցությունը բնականաբար ընթանում էր մեծամասամբ իմ մասին՝ որպես Նյու Յորքի հայկական համայնքի ակտիվ և երկար տարիների (1973 թվականից) բնակիչ։ Հանդիպման ընթացքում պարզվեց, որ Կաթողիկոսը տեղյակ չէ իրավիճակից և ժողովի մասնակիցներին խնդրեց, որպեսզի իրեն տրամադրեն քաղբանտարկյալների ամբողջական ցուցակը և կարճ բնութագիր։

Իմիջիայլոց, նյույորքաբնակ հայերը նախապատրաստվել էին ցույց անել հոկտեմբեր 30, 2016-ին Կաթողիկոսի այցի կապակցությամբ՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը։ Հարգելով Կաթողիկոսի հանդիպում ունենալու ընդառաջումը և ակնկալելով որևէ դրական արդյունք՝ ժողովի մասնակիցները ցույցի կազմակերպիչներին խնդրեցին, որպեսզի ցույցը չեղարկվի, և ցույցը տեղի չունեցավ։

Կաթողիկոսը Հայաստան վերադառնալուց հետո դեկտեմբեր 1, 2016-ին եկեղեցու ներկայացուցչի միջոցով իմ ընտանիքի անդամին հեռախոսազանգով և էլեկտրոնային փոստով հայտնում է, որ Կաթողիկոսը հետաքրքրվել է իմ հարցով իշխանություններից (դուք հասկացեք ՍԱՍ-ից), և իրեն տեղեկացրել են, որ ես մեղավոր եմ հանցանք գործելու մեջ։ Նաև հայտնում է, որ շուտով Կաթողիկոսը խոսելու է ՍԱՍ-ի հետ բոլոր քաղբանտարկյալների վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել դիմել ՍԱՍ-ին, որ ինձ ազատ արձակեն այն պայմանով, որ ես վերադառնամ ԱՄՆ։ Իմ ընտանիքի անդամը պատասխանել է էլեկտրոնային փոստով, որ չի կարծում, որ ես կհամաձայնվեմ այդ առաջարկին, բայց համենայնդեպս կփոխանցի ինձ Կաթողիկոսի առաջարկը (որն իմ կարծիքով իրականում ՍԱՍ-ի առաջարկն է, որն արվում է Կաթողիկոսի անունից)։ Իմ ընտանիքի անդամը նաև վրդովված հայտնում է Կաթողիկոսի բանագնացին, որ այն մարդը, ով հայտնում է, որ ես հանցագործություն եմ կատարել, հենց ինքն է հանցագործ, քանի որ խախտում է իմ անմեղության կանխավարկածը։ Ուշագրավ է, որ դեռևս Կաթողիկոսի կողմից արված այս առաջին առաջարկին իմ ընտանիքի անդամն առանց իմ տեղեկացվածության գրավոր խնդրում է բանագնացին փոխանցել Կաթողիկոսին, որ նա մեղսակից և նախաձեռնող կդառնա հայրենասեր հայրենադարձին հայրենազրկելու գործին, և եթե ՍԱՍ-ն այդքան շատ է դա ուզում, թող ինքն էլ այդ առաջարկն անի, ոչ թե Կաթողիկոսի միջնորդությամբ։ Իմ ընտանիքի անդամն ավելացրեց նաև, որ Կաթողիկոսը պետք է պահանջի իմ ազատությունն առանց որևէ նախապայմանի, քանի որ իր կարծիքով ես չեմ համաձայնվի ինքնաքսորի։ Հետաքրքիր է և զարմանալի, որ բարոյականության տեսանկյունից ես և իմ ընտանիքի անդամներն ավելի ենք մտահոգված եկեղեցու և Կաթողիկոսի պատվի համար, քան իրենք։

Այս նամակագրությունից հետո 2 անգամ իմ խուց այցելեց Կաթողիկոսի ներկայացուցիչը ինքնաքսորի մասին բանակցելու նպատակով։ Առաջին հանդիպման ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ Կաթողիկոսը հասկացել է, որ առաջարկը պետք չի լինի իր կողմից, բայց հավանական է ՍԱՍ-ի խորհրդով Կաթողիկոսի բանագնացը փորձում էր այնպես ձևակերպել, իբրև թե ես եմ դա ուզում, և նա եկել էր ճշգրտելու ինքնաքսորի իմ կողմից ներկայացված պայմանները։ Ես նրան շատ կտրուկ ուղղեցի՝ ասելով, որ առաջարկը եղել է Կաթողիկոսի կողմից, ոչ թե իմ, և ես ձեռքիս տակ ունեմ էլեկտրոնային նամակագրությունը որպես ապացույց։ Ավելացրեցի, որ ես կարծում եմ՝ այդ առաջարկի հեղինակը ՍԱՍ-ն է, բայց իր շախմատային ունակություններով կարողացել է Կաթողիկոսին ծուղակը գցել և իր միջոցով հասցնել այս առաջարկությունը ինձ։ Խորհուրդ տվեցի բանագնացին, որ Կաթողիկոսին և եկեղեցուն զերծ պահեն այս կեղտոտ և հակազգային գործարքից (ինչպես իմ ընտանիքի անդամն էր խորհուրդ տվել Արևելյան թեմի բանագնացին, որոշեցի բանագնացին հավաստիացնել, որ առաջարկը չեմ մերժում, բայց կան բազմաթիվ խնդիրներ՝ «տեխնիկական» հարցեր, որոնք միայն ՍԱՍ-ը կարող է լուծել։ Օրինակ՝ նշեցի.

-Ինչքա՞ն ժամանակով է ՍԱՍ-ն ուզում, որ ինքնաքսորվեմ

-Ինչպե՞ս վարվեմ 2 միլիոն դոլար և ավելի անշարժ և շարժական գույքի հետ, որ ունեմ Հայաստանում

-Ի՞նչ եմ հայտարարելու իմ «բացակայության» մասին

-Ի՞նչ է լինելու ինձ ներկայացված մեղադրանքի հետ

-Ի՞նչ եմ անելու ընտանիքիս հետ, հատկապես 5 զավակներիս (2 անչափահաս և 1 զինակոչիկ), որոնք չեն պատկերացնում իրենց Հայաստանից դուրս և ամենայն հավանականությամբ չեն հեռանա

և մի շարք այլ հարցեր ու խնդիրներ։

Նաև անկեղծորեն հայտնեցի բանագնացին, որ իրականում ազատվելուս պես ես պետք է անմիջապես մեկնեմ ԱՄՆ, քանի որ իմ բիզնեսն այնտեղ բավականին տուժել է իմ երկարատև բացակայության և անհաղորդության պատճառով, և պետք է կորուստները վերականգնեմ, քանի որ ընտանիքիս եկամուտն ամբողջովին դրանից է կախված։ Ավելացրեցի նաև, որ դրանից հետո էլ պիտի ճամփորդեմ բավականին երկար ժամանակ, այնպես որ այդ «ինքնաքսորը» ինքնաբերաբար կստացվեր, բայց Հայաստանը պետք է լիներ իմ բազան, որտեղից ես մեկնելու և վերադառնալու եմ, քանի որ ընտանիքս միշտ այստեղ է լինելու։ Ես նաև պարզ լեզվով հասկացրեցի, որ չեմ համաձայնվի որևէ տեսակի սահմանափակման, դա լինի ազատ խոսքի, շարժի կամ քաղաքական/քաղաքացիական ակտիվիզմի։ Ի սկզբանե սկզբունքորեն դեմ լինելով որևէ տեսակի ինքնաքսորի և վստահ լինելով, որ ՍԱՍ-ը չի կարող, չի ուզում և նույնիսկ առիթ չի ստեղծում, որպեսզի բանակցություններ ընթանան «տեխնիկական» հարցերի լուծման շուրջ կամ իմ պայմանների համաձայնմանը, ես, համենայնդեպս, չէի ուզում կամուրջները վերջնականապես այրել, որպեսզի ՍԱՍ-ին կարթի վրա պահեմ։ Հիմա, որ տեսա այս բամբասանքը և հասկացա ՍԱՍ-ի սահմանը որտեղ է հասնում, որոշեցի բացահայտել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Անցավ երեք ամիս, և նույն բանագնացն ինձ նորից այցելեցն և նրա առաջին իսկ  խոսքերը եղան՝ «դե ի՞նչ մտածեցիր, ի՞նչ առաջարկ անի Կաթողիկոսը»։ Ես մի քիչ զայրացած, բայց հասկանալով Կաթողիկոսի անելանելի դրությունը՝ կրկնեցի նախորդ հանդիպման ժամանակ առաջ քաշած «տեխնիկական» պրոբլեմների լուծման կարիքը և իմ «համագործակցության և հանդուրժողականության» սահմանները՝ ավելացնելով, որ ես «մտածելու» կարիք չունեմ՝ գնդակը ՍԱՍ-ի դաշտում է։ Եվս մեկ անգամ խորհուրդ տվեցի, որ Կաթողիկոսը պետք է միայն իր դիրքից ելնելով բարոյականության և արդարության հիման վրա պահանջի ՍԱՍ-ից իմ ազատումն առանց որևէ նախապայմանների և անձամբ չխառնվի անբարո և հակահայ ՍԱՍ-ի առաջարկներին։ Ինձ համար շատ զարմանալի արտահայտություն արեց բանագնացն՝ ասելով, որ «ՍԱՍ-ը Կաթողիկոսի խնդրանքը կամ հորդորը հաշվի չի առնում»։

Սա իմ և եկեղեցու միջև վերջին «բանակցություն»-ն էր, ու դրանից հետո եկեղեցին խուսափողական դիրքորոշում է ցուցաբերել պատասխան կամ բացատրություն տալու, չնայած որ իմ ընտանիքի անդամները մի քանի անգամ այս վերջին հանդիպումից հետո դիմել են Արևելյան թեմի եկեղեցու բանագնացին։ Ավելացնեմ, որ մինչ օրս Կաթողիկոսը չի անդրադարձել քաղբանտարկյալների գոյությանը, չնայած այն փաստին, որ իր իսկ խնդրանքով իրեն է տրամադրվել բազմաէջանոց փաստաթուղթ քաղբանտարկյալների անուններով և կենսագրականներով։

Առաջին իսկ օրվանից մեր, եկեղեցու և Կաթողիկոսի միջև հաղորդագրության մասին ես և իմ ընտանիքի անդամները ԱՄՆ-ի դեսպանատանը՝ ի դեմս դեսպանի, հյուպատոսի և 2 փոխհյուպատոսների, տեղյակ ենք պահել՝ նույնիսկ ցույց տալով էլեկտրոնային նամակագրությունը, բայց խնդրել ենք, որպեսզի դա չհանրայնացվի եկեղեցու պատիվը պահելու համար։ Մարտ 17-ին դեսպանատան ներկայացուցիչները եկել էին ինձ մոտ հերթական ամսական այցելության համար։ Այս հանդիպման ընթացքում է տեղի ունեցել դեսպանատան կողմից առաջին «հուշումը» ինձ։ Դեսպանատունը իմանալով, որ ՍԱՍ-ը նաև Կաթողիկոսի միջոցով է փորձել «հանգուցալուծում» գտնել իմ հարցի վերաբերյալ, անձամբ ինձ խոստովանեց հյուպատոսի միջոցով, որ «իշխանության ոմն ներկայացուցիչ» առաջարկել է դեսպանին, որ ինձ համոզի համաձայնվեմ ինքնաքսորի ազատության դիմաց։

Ըստ հյուպատոսի՝ դեսպանն ասել է իշխանության այդ ներկայացուցչին, որ ի պաշտոնե ինքը չի կարող այդպիսի բան անել։ Դա ճիշտ է այնքանով, որ պաշտոնապես դեսպանը չի կարող «միջամտել օտար երկրի ներքին գործերին», բայց ոչ պաշտոնապես կարող է, ինչպես որ արեց հյուպատոսի միջոցով։ Փաստորեն, անուղղակի հյուպատոսն ինձ հասկացնել է տալիս ՍԱՍ-ի մտադրությունները։ Երկրորդ անուղղակի հուշումն արվել էր ինձ հաջորդ ամսական այցելության ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 12-ին։ Հյուպատոսը հարցրել էր ինձ, թե ինչու իմ պաշտպանը չի բարձրաձայնում Կաթողիկոսի առաջարկը դատախազին։ Տարօրինակ հարց է, մեղմ ասած, հաշվի առնելով, որ դեսպանը շատ լավ գիտի, որ Հայաստանում այդպես չեն վարվում, բայց ինչպես ասում են, «դուզ խոսքը էշին են ասում», դրա համար կարելի է մեկնաբանել, որ դեսպանն ուզում էր իմանալ՝ ինչու եմ պասիվ և չեմ բանակցում ՍԱՍ-ի հետ ինքնաքսորի վերաբերյալ։ Երրորդ հուշումն արվել է իմ ընտանիքի անդամներին, երբ նրանք գնացել էին դեսպանատուն այցելության ապրիլի 20-ին։ Նմանատիպ հարց, ինչ ինձ էր ուղղվել ապրիլի 12-ին, տրվել էր նաև իմ ընտանիքի անդամներին։ Համենայնդեպս, իրարից անկախ ես և իմ ընտանիքի անդամները պատասխանել ենք նույն կերպ, որ «դա այն հարցն է, որ ՍԱՍ-ն իր իշխանական ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ պետք է ինձ առաջարկի և քննարկի, ոչ թե իմ փաստաբանի միջնորդությամբ մի անհասկանալի գործարքի համար»։

Դեսպանը չորրորդ անգամ հուշում է ՍԱՍ-ի առաջարկի մասին իմ ընտանիքի անդամներին դեսպանատանն իրենց վերջին այցելության ժամանակ՝ հուլիսի 18, 2017-ին, «Իրավունք»-ի բամբասանքի բացահայտումից հետո։ Դեսպանը հարցնում է, թե ինչու “plea bargaining” չեմ անում դատախազի հետ։ “Plea bargaining” բառացի նշանակում է «մեղադրանքի առևտուր», որն ԱՄՆ-ում օրենսդրությամբ ամրագրված դատավարական գործընթաց է, որտեղ դատախազը որպես օրենքով նախատեսված նախաձեռնող կողմ առաջարկում է մեղադրյալի պաշտպանին ավելի մեղմ մեղադրանք։ Եթե մեղադրյալը համաձայնվի դա ընդունել, ապա առանց դատավարության կդատվի նախապես համաձայնեցված պատժի չափով։ Սա համարյա միշտ առաջարկվում է դատախազի կողմից և շատ հաճախ կիրառվում է, քանի որ ոչ մեղադրող կողմը, ոչ էլ մեղադրյալը վստահ չեն, թե ինչպիսի որոշում կընդունեն երդվյալ ատենակալները։ “Plea bargaining”-ը չի ընդունվում մեղադրյալի կողմից միայն այն դեպքում, երբ նա իսկապես անմեղ է և սկզբունքորեն չի ընդունում որևէ մեղք, ինչքան էլ որ դա մեղմ լինի։ Նա ընտրում է գնալ ռիսկի՝ քաջ գիտակցելով, որ երդվյալ ատենակալները կարող են իրեն մեղավոր ճանաչել։ Քանի որ Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտը չկա, ու դատախազն է որոշում՝ ով է մեղավոր, և ոչ դատավորը, այդ իսկ պատճառով օրինական plea bargaining-ը գոյություն չունի։ Բացառվում է, որ դեսպանը սա չիմանար, և սրա փաստացի ապացույցը հետյալն է. իմ ընտանիքի անդամն ասում է դեսպանին, որ Հայաստանում plea bargaining չկա, իսկ նա քմծիծաղով պատասխանում է, որ «ոչ պաշտոնապես»։ Դեսպանը նաև շատ լավ գիտի, որ ես որևէ քրեորեն պատժելի մեղք չեմ գործել, և սա քաղաքական հալածանքի հետևանք է, հետևաբար չեմ ընդունելու որևէ մեղք, ինչքան էլ որ դա մեղմ լինի։ Այսպիսով, կարող ենք հաստատել, որ դեսպանը ոչ թե հուշում էր, որ “plea bairgaining” անենք ավելի մեղմ մեղքի ընդունման համար, այլ հուշում էր ևս մեկ անգամ, որ «լավ կլինի բոլորի համար, եթե ես ընդունեմ ՍԱՍ-ի ինքնաքսորի առաջարկը»։

Մի քանի հարց է առաջանում «Իրավունք»-ի այս «բամբասանք բացահայտում»-ից.

- Ինչո՞ւ է հիմա այս հարցը բարձրաձայնվում իշխանական խոսափողի կողմից որպես բամբասանք

- Ինչո՞ւ ինքնաքսորին ավելացավ նաև քաղբանտարկյալ լինելուց սեփական շուրթերով հրաժարվելն ազատության դիմաց

- Երբվանի՞ց և ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը կարդում, այդքան ուշադրություն դարձնում հեղինակազրկված իշխանական դեղին մամուլի բամբասանքներին և նույն օրը տեղեկացնում ինձ քրեակատարողական հիմնարկում

- Ի՞նչն է կապում ՍԱՍ-ին, եկեղեցուն և դեսպանատանը

Իմ անհիմն ձերբակալությունը և մեկ տարուց ավելի անօրինական նախնական կալանքը վերածվել է մի մեծ և սուր ոսկորի ՍԱՍ-ի, եկեղեցու և դեսպանատան կոկորդներում՝ ոչ կարողանում են կուլ տալ, ոչ էլ հետ տալ։ Երեքն էլ իրենց հերթին չգիտեն՝ ինչպես ձերբազատվեն այդ ոսկորից առանց վնասներ կրելու։ Երեքին էլ ձեռնտու է, որ ես խելոք, սուսիկ-փուսիկ հեռանամ Հայաստանից և այս ամոթալի էջը փակվի իրենց համար։

 Սկզբնական շրջանում վրեժխնդրությամբ լցված ՍԱՍ-ը հույսեր էր փայփայում, որ սուտ և անհեթեթ մեղադրանքներին կավելացնի իմ գործակալ և ֆինանսավորողի մեղադրանքները նույնպես (դա երևում է քրեական գործում ներկա հարցադրումներից միջպետական կառույցների միջև, Կաթողիկոսի արտահայտությունն իմ ընտանիքի անդամին իմ ֆինանսավորողը լինելու մասին և բազմաթիվ ուրիշ տեղեկություններ տարբեր կողմերից), բայց չգտնելով որևէ ապացույց, քանի որ այդպիսիք չկան, և քանի որ գործակալի և ֆինանսավորողի մեղադրանքներն այնպիսին են, որ չեն կարող գործ սարքել, եթե չկան իրական փաստեր, ՍԱՍ-ը հայտնվեց անելանելի դրության մեջ։ Դրա ապացույցն է, որ 1 տարվա ընթացքում ոչ մի փաստ, ցուցմունք կամ նույնիսկ հանգամանք չի ավելացել 5 գաղտնալսված հեռախոսազանգերին, որը կփոխեր իմ մեղադրանքը գործակալ կամ ֆինանսավորող լինելու մեղադրանքի։ ՍԱՍ-ը փոշմանել է ինձ ձերբակալելու և կալանավորելու համար, բայց արդեն շատ ժամանակ է անցել, և դեպքեր են տեղի ունեցել, ու հենց այնպես գործը կարճել չեն կարող՝ առանց բացատրության, որը գոյություն չունի, դրա համար էլ փնտրտուքի մեջ է, թե ինչպես ազատվել ինձնից մինիմալ վնասով։ ՍԱՍ-ին խորհուրդ եմ տալիս գլխացավից ազատվելու համար զրկել ինձ ՀՀ քաղաքացիությունից (որը անձամբ ինքն է ինձ շնորհել 2008 թվականին, հետևաբար նույն կերպ կարող է և հետ վերցնել) և բռնի կերպով, իմ կամքին հակառակ արտաքսել ինձ ԱՄՆ, և քանի որ ես նաև ԱՄՆ քաղաքացի եմ, նրանց համաձայնության կարիքը չկա ինձ ԱՄՆ ընդունելու։ ԱՄՆ-ն ոչ մի խնդիր չունի այդ հարցով, քանի որ ըստ օրենքի ԱՄՆ պարտավոր է դռնբաց ընդունել իր քաղաքացուն։ Սա հուշում եմ ՍԱՍ-ին, քանի որ «Իրավունք»-ի բամբասանքի աղբյուրը տեղյակ չէ, որ դեսպանատունը կամ ԱՄՆ-ն չեն կարող դեմ լինել իմ ինքնաքսորմանը, ինչպես նաև չեն կարող դեմ լինել բռնի և իմ կամքին հակառակ արտաքսմանը։ Այնպես որ, ՍԱՍ-իկ ջան, հուպ տուր ու արխային արտաքսիր ինձ։

Եկեղեցու՝ ի դեմս Կաթողիկոսի, հարցը, ինչպես ասացի, ծուղակ էր, որ ՍԱՍ-ը լարեց, և քանի որ եկեղեցին շուտվանից բարոյականությունից շատ հեռու է, հեշտությամբ ընկավ այդ թակարդը՝ գտնվելով մեծ ճնշման տակ Նյու Յորքի հայկական համայնքի կողմից։ Փաստորեն, եթե ես չհուշեի և չպնդեի, որ Կաթողիկոսը հեռու մնա ՍԱՍ-ի անբարոյական և հակահայկական առաջարկից, ապա նա հիմա շատ ավելի թաթախված կլիներ այս անբարո բազարի մեջ։ Ես միտք չունեի բարձրաձայնել Կաթողիկոսի մասնակցությունն այս հարցում, բայց «Իրավունք»-ի բամբասանքը ստիպեց ինձ ջրի երես հանել իրական խոսակցությունները և գործողությունները բոլոր խաղի մասնակիցների հետ։ Ինչպես ասացի, ունեմ էլեկտրոնային նամակագրություն որպես ապացույց, և ինչքան գիտեմ, Նյու Յորքի համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ ունի ձայնագրություն։ Ես այժմ չեմ բացահայտում եկեղեցու 2 բանագնացների անունները և իմ ընտանիքի անդամների անունները, բայց եթե անհրաժեշտություն լինի, դրանք էլ կբացահայտեմ։

Ինչ վերաբերում է դեսպանատանը՝ ի դեմս դեսպանի, հյուպատոսի և իր 2 տեղակալների, ապա նրանք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացու իրավունքներն օտար երկրում, մանավանդ, երբ այդ քաղաքացին ենթարկվում է քաղաքական հալածանքի։ Բայց միաժամանակ դեսպանատունը սահմանափակված է իր գործողությունների մեջ դիվանագիտական և քաղաքական նորմերով, որտեղ իրենք չեն կարող հանդես գալ բացահայտ և հրապարակային ընդդիմախոսությամբ ՍԱՍ-ի անօրինական գործողությունների դեմ, քանի որ Դավիթ Հարությունյանները կմեղադրեն դեսպանին ներքին գործերին խառնվելու մեջ։ Քանի որ ԱՄՆ-ն դիտում է Հայաստանին որպես «բարեկամ» երկիր, որին ուզում է Ռուսաստանի գաղութացումից հանել, ապա ես իրենց համար դառնում եմ խանգարող հանգամանք, որն իրենք կնախընտրեին ի սկզբանե չլիներ, բայց քանի որ կա, հիմա էլ կուզենան, որ անաղմուկ այդ հարցը լուծվի, օրինակ՝ ինքնաքսորով։ Սա էլ բացատրում է դեսպանատան չորս փորձերը՝ ինձ ուղղակի և անուղղակի հուշումներով և խորհուրդներով ուղղորդելը դեպի ինքնաքսորի տարբերակին։ Նշեմ նաև, որ եթե ես լինեի Ռուսաստանում, ապա քաղաքական պատճառներով ԱՄՆ դեսպանատունը շատ կոշտ կարտահայտվեր, Մագնիցկու ցուցակը օրինակ։

Դեսպանատունն այս մեկ տարվա ընթացքում հյուպատոսի մակարդակով այցելել է ինձ կալանավայրում ամսական մեկ անգամ ստուգելու իմ առողջությունը, կալանքի պայմանները և անձնակազմի վերաբերմունքը իմ նկատմամբ։ Այցելել են համարյա բոլոր դատական նիստերին և դեսպանի մակարդակով միջնորդել են (ոչ հրապարակային՝ ներքին կարգով և բանավոր) բարձրաստիճան պաշտոնյաներին և նախարարներին՝ ՍԱՍ-ին ներառյալ, հետևյալ պահանջներով և խնդրանքով՝ նախնական կալանքի վերացում, գրավի դիմաց ազատում, տեսակցությունների սահմանափակման վերացում և այլ ուրիշ պահանջներ, բայց փաստորեն ՍԱՍ-ը թքած ունի դեսպանի պահանջների կամ խնդրանքների վրա, քանի որ միտք չունի 8 միլիարդ դոլարի ներդրումից օգտվելու Պուտինի և Գազպրոմի թելադրանքով։ ՍԱՍ-ն արդեն արտահայտվել է, որ ես «ազգային անվտանգության սպառնալիք եմ, գործակալ և ֆինանսավորող» և դրա համար էլ երևի ասում է դեսպանին, որ «եթե այդքան ուզում ես Եղնուկյանին ազատել, գնա այդ խոսք չհասկացողին համոզի, որ ինքնաքսոր խնդրի ինձնից»։

Վերջին շրջանում ես ամեն նիստին բարձրաձայնում եմ իմ քաղբանտարկյալ լինելու մասին և ապացուցում եմ դա, ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի չափորոշիչների համաձայն նաև մեջբերումներ եմ անում ՍԱՍ-ի ելույթներից՝ ուղղված դատավորներին և դատախազներին, որտեղ ՍԱՍ-ը հորդորում և հրամայում է նրանց արդարություն կիրառել և չհիմնավորված նախնական կալանքներ չպարգևել դեռ չդատված անմեղներին, բայց փաստորեն ՍԱՍ-ի հրամանները դատավորները և դատախազները շան տեղ չեն դնում։ ՍԱՍ-ը նաև տեղյակ է իմ՝ Եվրոպական միությանը և այլ միջազգային կառույցներին դիմելու մտադրությանը։ Գիտի, որ դիմելու եմ փաստերով, իրավաբանորեն ապացուցված ձևով, որ Հայաստանում շուրջ 70 քաղբանտարկյալներ կան, հետևաբար Եվրոպական միությունը և այլ կառույցներ անպայման պետք է նախապայման դնեն ՍԱՍ-ի առաջ՝ առանց քաղբանտարկյալների ազատման որևէ պայմանագիր չի ստորագրվի և ոչ մի կոպեկ չի տրվի իր ռեժիմին։ ՍԱՍ-ը շատ լավ հասկանում է, որ Եվրոպական միությունը չի կարող անտեսել հիմնավորված և ապացուցված քաղբանտարկյալների ներկայությունը։ Սրան ավելացված նաև այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ն արագացված կարգով քննելու է իմ բողոքն անօրինական նախնական կալանքի վերաբերյալ, որտեղ ես հիմնավորում եմ, որ դա արվում է, քանի որ ես ենթարկվում եմ քաղաքական հալածանքի և քանի որ արդեն 1 տարուց ավելի կալանավորված եմ անհիմն և անօրինական, ապա ես քաղբանտարկյալ եմ։

Հիմա պարզ է դառնում, թե ինչն է այդքան մտահոգել ՍԱՍ-ին՝ քաղբանտարկյալ եզրույթն է և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները, դրա համար էլ 1 տարի հետո ՍԱՍ-ը որոշել է կուլիսներից և ընդհատակից մեջտեղ բերել իր նախնական առաջարկը՝ ազատության փոխարեն ինքնաքսորը, և դրան ավելացրել է իր համար առավել կարևոր հանգամանք՝ իմ՝ քաղբանտարկյալ լինելուց հրաժարումը։

ՍԱՍ-իկ ջան, իշտահիդ քացախ։

Քաղբանտարկյալ՝ Կարո Եղնուկյան

 

Դիտվել է՝