Հաց բերողի հարցով Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու Եվրոպական դատարանում

Երվանդ Վարոսյան

Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը անփառունակ կերպով շարունակվում է… ես գիտեմ, որ ՓՊ-ն ծանր վիճակում է գտնվում, և այդ վիճակում է այդ բողոքի «ստեղծագործման» պահից։

Ինչևէ մեկ կարևոր հարց չեմ կարող չշրջանցել. խորհրդի անդամ ու միաժամանակ Արա Զոհրաբյանի տեղակալ Նելլի Հարությունյանի կողմից նիստի ժամանակ ներկայացված դիրքորոշումից պարզ դարձավ, որ Արա Զոհրաբյանը համառորեն փորձում է առաջ տանել այն թեզը, թե Տ.Եգորյանը վարույթն իրականացնող նախաքննական մարմին չի ներկայացրել պաշտպանյալի հիվանդության մասին փաստաթղթերը։ Այս թեզը առաջ է տարվում անգամ այն բանից հետո, երբ պարզվեց, որ փաստաբանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է պաշտպանյալի կալանքի հարցը քննող դատարան, ապա նաև վերադաս դատական ատյաններ…

Համոզված եմ` խորհրդի անդամներին (անգամ երբևէ վարույթն իրականացնող մարմին չտեսած) պարզ է արդեն, որ դատական ատյաններում կալանքի հարցի քննարկման ժամանակ ներկա են լինում ու առկա փաստաթղթերին ծանոթանում են թե քննիչը, թե նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, և նրանց հավելյալ, կրկին, երիցս, նորից, լրացուցիչ, ևս մեկ անգամ նույն բանը ներկայացնել-չներկայացնելը «կեղծ օրակարգ է»։ Ակամայից հարց է ծագում, թե նաև պալատի հետ առնչվող փաստաբանների տարօրինակ մասնակցության մասին բացահայտումներին զուգահեռ, այս ողջ ներկայացումն ինչու է շարունակվում…

Վերջին նիստից հետո ողջամիտ կասկած ունեմ, որ Տ.Եգորյանի կարգապահականը ավելի լուրջ ու խորքային հիմք ունի, իսկ պալատն ավելի վատ բան է անում, քան Արա Զոհրաբյանին դուր չեկող փաստաբանին պատժելը։

Հաց բերող Արթուր Սարգսյանի հարցով, բնական է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու Եվրոպական դատարանում, նման լույսի ներքո ակնառու է դառնում պետության պատասխանատվությունը որևէ մեկի, անգամ փաստաբանի վրա բարդելու փորձը, թե այ տեսեք, մենք գտանք մեղավորին, նա քննիչին հայտնի թղթերը 11-րդ անգամ նրան չի հանձնել, այլապես Արթուրին բան չէր պատահի… Սա իհարկե անբարոյականություն կլինի, բայց սարսափելի է մտածել, որ այս հարցում իր «դերը» կարող է ունենալ նաև Փաստաբանների պալատը` փաստաբանների իրավունքները պաշտպանելու, նրանց ազատ ու անկաշկանդ աշխատանքը ապահովման համար ստեղծված կառույցը…

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝