Բուռն քննարկումներ Գյումրու ավագանու նիստում. Ս. Սարգսյանը հովանավորելու է, որ Գյումրիում արձաններ տեղադրեն

avaganu nist

Ս. Բալասանյանը Գյումրիում հուշարձան տեղադրելու համար Ս. Սարգսյանից գումար է խնդրել

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրի Գասպարյանն այսօր ավագանու նիստին, զեկուցելով օրակարգային հարցերից մեկը, հայտարարեց, թե Սամվել Բալասանյանն առաջարկում է վերջերս հիմնանորոգված Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրել գյումրեցի անվանի ու ճանաչված մարդկանց արձանները, ինչի համար ավագանու որոշումն է պետք, որպեսզի հանրային լսումներ կազմակերպեն՝ քննարկելու համար, թե կոնկրետ ճանաչված գյումրեցիներից ում արձանն է նպատակահարմար տեղադրել ճեմափողոցում:

Արման Գրիգորյան

Արման Գրիգորյան

ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամներից Արման Գրիգորյանը հետաքրքրվեց՝ նախագծում ներկայացված է, որ այդ հուշարձանները տեղադրվելու են Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, ի՞նչ է սա նշանակում: Պատասխանեց Սամվել Բալասանյանը.

«Դա իմ առաջարկությունն է, որպեսզի լինեն մեր մեծերի արձանները, ամեն մի հենասյան մոտ, այսինքն՝ 12 հենասյուն ունենք, պետք է 12 արձաններ տեղադրենք, ու այնտեղ գրառում է լինելու, ասենք, Վարպետ Իսահակյանի խոսքերից, սա բոլորիս խնդիրն է, ու պետք է մեծ հետաքրքրություն առաջացնենք, սրանով զարգացնենք նաև տուրիզմը, քանի որ ամենակարևոր փողոցն է լինելու:

Ես առաջարկել եմ նման բան, ու նախագահն ընդառաջ գնաց ասեց՝ ես կֆինանսավորեմ, այսինքն՝ ինքը հովանավորելու է այս ծրագիրը, այնպես որ, մենք բյուջեից լումա չենք ծախսելու, ու նույնիսկ եթե գումար պակասեց, մենք բարեգործներով կլրացնենք, ամեն արձանի համար կլինի մրցույթ, կլինի նաև գինը, հանրային քննարկման արդյունքում կունենաք նաև, թե ում արձանը տեղադրենք»,- նշեց Ս. Բալասանյանը:

Քրիստինա Մկրտչյան

Քրիստինա Մկրտչյան

ԳԱԼԱ խմբակցության քարտուղար Քրիստինա Մկրտչյանը Ս. Բալասանյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, ինչու Ս. Սարգսյանից չի խնդրել, որ, օրինակ, քաղաքի անօթևանության հիմնախնդիրը լուծվի. «Քանի որ հարցը, իմ կարծիքով, նաև քաղաքական բաղադրիչ ունի, Ս. Սարգսյանը հակում ունի ցույց տալու Սփյուռքին, աշխարհին, որ անօթևանության խնդիր չկա, սոցիալապես ապահովված է արդեն Գյումրին, չկա 45 տոկոս աղքատություն Շիրակի մարզում: Եվ հետո առաջարկություն ունեմ, ինչո՞ւ տեղադրել այդ փողոցում ու ոչ, ասենք, Կոշտոյան փողոցում կամ Մուշում»,- ասաց Ք. Մկրտչյանը: Արձագանքելով՝ Բալասանյանը նշեց, որ անօթեւանության խնդիրը վերացնելու համար էլ է փող ուզել: Իսկ արձաններ տեղադրելն ընդամենը մի խնդրանքն է եղել, որին Ս. Սարգսյանն ընդառաջել է: Ըստ Բալասանյանի՝ լավ կլինի, եթե  հուշարձանները տեղադրվեն Աբովյան փողոցում, բայց վերջնական որոշում կարող է կայացվել հանրային քննարկումների արդյունքում:

ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանի հարցադրումը վերաբերում էր հատկացվող ֆինանսներին. «Կա՞ ֆինանսի չափ, թե որքան է ծախսելու Ս. Սարգսյանը Գյումրիում, այսինքն ընդհանուր ինչ է արժենալու արձանների տեղադրումը, որ այդպես պատրաստակամ խոստացել է»:

Գլխավոր ճարտարապետն ասաց.

«Երբ որ մենք մրցույթը հայտարարեցինք, արձանների հեղինակները գեղարվեստական ու ճարտարապետական լուծումների հետ կներկայացնեն նաև արժեքը, այդ ժամանակ նոր կքննարկենք»:

Լեւոն Բարսեղյան

Լեւոն Բարսեղյան

Նույն խմբակցությունից ավագանու անդամ Լ. Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից, քանի որ հանրային լսումներ կազմակերպելու համար ավագանու որոշումը պարտադիր չէ. «Հանրային լսում կազմակերպենք, ժողովուրդն իմանա, որ նման գաղափար կա, փող է գալու քաղաք, արձաններ են լինելու, որտեղ տեղադրել, ինչպես տեղադրել, ում արձանները տեղադրել, այդ ամենը քննարկվի, ընդհանուր մի պատկեր գա, հետո նոր բերենք ավագանու նիստին հաստատենք, ասածս այն է, որ հեչ պարտադիր չէ այս հարցով ունենալ ավագանու որոշում»:

Այնուամենայնիվ, Բալասանյանը հարցը դրեց քվերակության: Սակայն մինչեւ քվեարկությունը ԳԱԼԱ խմբակցությունը 15 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո հարցը դրվեց քվեարկության, միաձայն կողմ քվեարկեց միայն Բալասանյան դաշինքը: ԳԱԼԱ-ն ձեռնպահ էր, ՀՎԿ-ից եւ ԲՀԿ-ից մեկական անդամներ էին կողմ, մյուսները ձեռնպահ քվեարկեցին: ԲՀԿ-ից երկու հոգի ուշ ներկայացան նիստերի դահլիճ եւ չմասնակցեցին քվերակությանը:

Արդյունքում, հարցը ընդունվեց  20 կողմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝