Գյումրու ավագանու նիստ. Գումարային նվիրատվություններ արվեցին մի շարք կառույցների ու կազմակերպությունների

avagani gyumri

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստը տեղի ունեցավ: Նիստի օրակարգ ընդգրկված 10 հարցերի մեծ մասով նախատեսվում էր դրամական նվիրատվություն այս կամ այն կառույցին:

Նախ առաջարկվեց փոփոխություններ կատարել Գյումրու ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ, որը թույլ է տալիս դրամական տեղաշարժ իրականացնել և սպորտային բաժնի մրցումների համար նախատեսված 1 միլիոն 200 հազար դրամ գումարը հատկացնել Գյումրու սպորտային մարմնամարզության դպրոցի հիմնանորոգման ծախսերի համար:

Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվում էր «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն համայնքային բյուջեից հատկացնել 1 միլիոն 200 հազար դրամ գումար՝ կառույցի ծրագրերում ընդգրկված Գյումրի քաղաքի 400 ծերերի համար ձմեռային վառելիք ձեռք բերելու նպատակով:

Մեկ այլ հարցով էլ, ինչպես քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետը ներկայացրեց, առաջարկվում է Գյումրիում գործող 4-րդ երաժշտական դպրոցի համար նոր գործիքակազմ ձեռք բերելու համար կառույցին հատկացնել 2 միլիոն դրամ գումար: Ավագանու ԳԱԼԱ խմբակցության քարտուղար Քրիստինա Մկրտչյանը նշեց. «Կուզենայինք մենք էլ ունենայինք այդ գործիքների ցանկը, թե կոնկրետ ինչ են գնելու, և կամ որոնք են, որ օտարվելու են: Դուք ներկայացրիք, որ երաժշտական գործիքները մաշվել են, պետք է հրաժարվել: Կուզենայինք մեզ տրամադրեիք նախ մաշված գործիքների ցանկը, որոնցից հրաժարվելու եք: Եւ ինչ է ձեռք բերվելու, նորերի ցանկը: Բացի այդ հետաքրքիր է նաեւ գնման գործընթացը. ինչպես է կազմակերպվելու եւ ով է կազմակերպելու»:

Ի պատասխան Լենա Ջիլավյանն ասաց. «Մենք ամբողջը ձեզ կներկայացնենք, ինչ գործիք ուզում է ձեռք բերվի, դա պետք է համարվի հիմնական միջոց ու արտացոլվի մեր համայնքի հաշվեկշռում, հենց որ գործիքները ձեռք բերեցին, մենք կբալանսավորենք, ու այդ բալանսավորած միջոցների հիմնական ցանկը բոլորդ կունենաք»,- նշեց Լ. Ջիլավյանը:

««ԱՌՏ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Գյումրի քաղաքում հեծանվային ուղի ունենալու համար որպես նվիրատվություն համայնքից խնդրել է 250 հազար դրամ գումար»,- ներկայացնելով հաջորդ հարցը՝ հայտարարեց ֆինանսների բաժնի ղեկավարը:

ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց՝ հնարավոր չէ՞ արդյոք գումարային հատկացումները ձևակերպել ոչ թե նվիրատվություն, այլ որպես դրամաշնորհ.  «Պայմանագիր ունենալ կազմակերպության հետ, պայմանագրի կողմն իր պարտավորություններն ունենա, հետո էլ հաշվետվություն ներկայացնի, որպեսզի վերահսկելի լինի»:

Ի պատասխան Լ. Ջիլավյանն արձագանքեց.  «Մենք անպայման պայմանագիր ենք կնքելու, անպայման գումարը տալուց հետո կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կվերցնենք»:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝