Շփվեք մեզ հետ, և կհամոզվեք, որ ուղղվել ենք․ Ցմահները՝ Սերժ Սարգսյանին

serj

2003թ.-ին, մահապատժի դատապարտվածները կյանքի իրավունք ստացան նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Մահապատիժը Հայաստանում վերացվեց, իսկ մահվան դատապարտվածները, որոնք 42 հոգի էին, ստացան ցմահ դատապարտյալի կարգավիճակ։ Այս տարիների ընթացքում նրանց մի մասը մահացավ, մյուսները տարիներով փակի տակ մնալուց կորցրեցին առողջությունը, հոգեխանգարմունք ստացան։ Ամենաակտիվները պարբերաբար փորձում են հիշեցնել իրենց մասին, բայց նրանք քիչ են։

Ստեփան Գրիգորյանը, որը 1997 թվականին դատապարտվել է մահապատժի որպես սպանության մասնակից։ Ստեփան Գրիգորյանն արդեն 23 տարի է՝ բանտում է, այդ քչերից մեկն է։ Նա պարբերաբար դիմում է «Արմավիրի» ՔԿՀ ղեկավարությանը, կամ դատարան իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով, բայց մերժում է ստանում։ Երեկ նա հերթական բաց նամակն է գրել ՀՀ բարձրագույն ղեկավարությանը։

«Մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյան, հարգարժան պր-ն Վարչապետ, Ա.Ժ. նախագահ պր-ն Բաբլոյան։ Մենք կյանքի ու մահվան սահմանագծում ենք, սպասում ենք, երբ է ավարտվելու մեր հավերժական պատիժը։ 20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին օրենքը հնարավորություն է տալիս պայմանական վաղաժամկետ ազատվել՝ պայմանով, եթե նրանք ուղղվել են: Հավատացեք, շփվելով նրանց հետ, Դուք էլ կհամոզվեք, որ շատերը փոխվել են, ուղղվել են, զղջացել են իրենց կատարած հանցանքի համար, ապաշխարհում են Աստծուն: Չփոխվել հնարավոր չէր: Բայց չգիտես ինչու, վաղաժամկետ պայմանական ազատման հարցերը «քննող հանձնաժողովը» որպես կանոն բացասական եզրակացություններ է տալիս ցմահ դատապարտյալներին: Էլ ուր մնաց ՔԿՀ փորձառու մասնագետների տարիների աշխատանքը, ջանքը, մեր ուղղման համար ծախսված պետության գումարները։ Էլ ինչո՞ւ եք պետբյուջեի սուղ միջոցներով քրեակատարողական հիմնարկներում փորձառու մասնագետների վարձատրում, եթե հետո ջուրն եք լցնելու նրանց աշխատանքը։

Հիմնարկի աշխատողները երկար աշխատում են, ջանք են թափում, հասնում են արդյունքի, դատապարտյալին ներկայացնում են վաղաժամկետ ազատման, իսկ հանձնաժողովի անդամները 5 րոպեում «ոչ» են ասում, առանց խորանալու, առանց ծանոթանալու մեզ հետ, ճանաչելու ու վերլուծելու, բայց մենք լիովին ուղղվել ենք ու պատրաստ ենք վերադառնալ հասարակություն ու մեր ընտանիքներ։

Ուրեմն, խնայեք պետության փողերը, մի կտրեք մեր թևերը, մի կոտրեք հույսն ու հավատն այն մարդկանց, որոնք ուզում են իրենց կյանքի մնացած տարիները ընտանիքի հետ ապրել: Մենք բոլորս հիվանդ ենք։

Հավատացեք, շատ չենք ապրելու ազատության մեջ։ Դիմում ենք Ձեզ ու խնդրում ենք, կատարեք օրենսդրական փոփոխություններ, այնպիսի նորամուծություն, որպեսզի մեզ համար էլ մի օր կանաչ լույս վառվի։ Այնպես արեք, որ իսկապես աշխարհը զարմանա մեր երկրի ժողովրդավարությամբ, դուք հավատաք, որ մենք փոխվել ենք, և մենք ու բոլորը հավատան, որ դուք բարի և գթասիրտ եք»։

Դիտվել է՝