Արգելված իրերի ցանկում կա՞ դատավորի խրտվիլակ. այն ներս տանել չեն թույլատրել

xrtvilak

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն այսօր ցանկացել են դատարան տանել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի խրտվիլակները, սական դատական կարգադրիչները թույլ չեն տվել ներս տանել դրանք: «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը նշել է, որ իր ձեռքով է պատրաստել տիկնիկները:

«Տաթևիկ Գրիգորյան մարիոնետ տիկնիկն է՝ Սերժ Սարգսյանի մարիոնետը: Այստեղ Սերժ Սարգսյանը թելեր ունի, որով ղեկավարում է: Եվ այս շինծու գործը նա քննում է Սերժ Սարգսյանի կողմից նշանակված այս հանրային փաստաբանի հետ միասին: Երկուսն էլ մարիոնետ կանայք են: Հիմա ես ուզում եմ Սերժ Սարգսյանի այս տիկնիկի հետ ներս մտնել: Ընդ որում, հրապարակված ցուցակը չէր ներառում տիկնիկ: Ներառում էր ընդամենը սողուն, ռումբ, միջատ և այլն: Հիմա ես ասում եմ՝ սա ո՞ր մեկն է այդ ցանկից, որ չեք թողնում, չէ՞ որ տիկնիկ ներառված չէ ցուցակում: Ես մեր սիրելի տիկնիկի հետ ուզում եմ մտնել դատարան: Երկուսն էլ ռեժիմի ձեռքին խաղում են և Ժիրայր Սեֆիլյանի դեմ այս շինծու գործն են առաջ տանում՝ բազմաթիվ անօրինականություններով և ապօրինություններով»,- հայտարարեց Սյուզան Սիմոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ դատաքննության ժամանակ «Հայ կանանց ճակատ»-ի անդամներից մեկի անիվի մեջ բիզ են մտցրել: Սյուզան Սիմոնյանը ներկաներին ցուց տվեց այն և հարցրեց, թե հրապարակված ցուցակի մեջ ինչու չկար այն:

«Ոստիկաններն այս բիզը մտցնում են մեր մեքենայի մեջ, և հետո, երբ հաղորդագրություն ենք տալիս, նրանք չեն արձագանքում: Ես մոտենում եմ ոստիկանների խմբին և ասում, որ ձեր ներկայությամբ այսպիսի հանցագործություն է կատարվել, ինձ ոստիկանը պատասխանում է՝ ինձ չի հետաքրքրում դու ինչ ես գրում թերթերում»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:

Հավելենք, որ «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստից առաջ դարձյալ փաստաբաններին ներկայացվել է զննության պահանջ: Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանից պահանջել են բացել պայուսակը, քանի որ մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել:

21586402_1671294696279101_183401214_n

Դիտվել է՝