ՄԱԿ-ն աջակցում է «Նաիրիտ» գործարանում քիմիական վտանգավոր իրավիճակը գնահատելու հարցում

Nairit_JEU mission-2

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդունել է միջազգային փորձագիտական խմբին, որը Հայաստան է ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում ս.թ. օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։ Այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ/ OCHA) օժանդակությամբ՝ վերջինիս և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) համատեղ ստորաբաժանման միջոցով: Միջազգային երեք փորձագետներից կազմված խումբը Հայաստանում է ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խնդրանքով՝ արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրները գնահատելու հարցում աջակցության ցուցաբերելու համար:

Փորձագետները Հայաստան են ժամանել կիրակի օրը՝ սեպտեմբերի 10-ին, և արդեն իսկ հանդիպել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի ու նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ: Նրանք  հանդիպել են նաև «Նաիրիտ» գործարանի ղեկավարության հետ և այցելել գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին ու գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերի կառավարման հետ կապված իրավիճակին:

Փորձագիտական խումբը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել  է առաքելության նպատակները և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև փոխանցել տեղում իրավիճակի վերաբերյալ տպավորությունները: Պարոն Բուզետտոն շնորհակալություն է հայտնել խմբի արագ ժամանման համար և վերահաստատել առաքելության ողջ ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությունը խմբին:

Փորձագիտական խումբը հավաքագրվել է Ժնևում տեղակայված՝ ՄԱՇՄԾ / ՄԳՀԳ համատեղ ստորաբաժանման (JEU) միջոցով, որը հետևում է միջազգային արձագանքման մեխանիզմների ակտիվացմանն ու զբաղվում բնապահպանական և/կամ արդյունաբերական արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան անձնակազմերի տեղակայմամբ։ Մարդասիրական դոնոր համայնքն անմիջապես արձագանքել է տեխնիկական աջակցության խնդրանքին։ Մասնավորապես, գործի է դրվել Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, որը գործուղել է մեկական քիմիական փորձագետ Շվեդիայից և Ֆրանսիայից։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ապահովել է ևս մեկ՝ շվեյցարացի փորձագետի մասնակցությունն այս գնահատմանը։

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում առաքելությունը կգնահատի «Նաիրիտ» գործարանում թունավոր քիմիական նյութերի հետ կապված վտանգը և կանխարգելման ու ազդեցության մեղմացման վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարությանը։

 Օգոստոսի 28-ին Երևանի «Նաիրիտ» գործարանում հրդեհ էր բռնկվել։ Այրվող քիմիական նյութերի քանակը և բնույթն այնպիսին էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) կարողացավ արագորեն տեղայնացնել կրակը, սակայն հրդեհի լիարժեք մարման համար ժամանակ պահանջվեց։ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը հրդեհի տարածքում և ընդհանուր Երևանում անցկացրեց օդի աղտոտվածության մոնիտորինգ՝ հաղորդելով, որ օդի աղտոտվածության մակարդակը չի գերազանցում վտանգավորության սահմանը։ 

Դիտվել է՝