Ինչո՞ւ վարչապետը չի այցելում արեւմտյան երկրներ՝ ներդրումներ բերելու. ԱԺ-ում գործադիր մարմնի ներկայացուցիչները պատասխանում են խորհրդարանականների հարցերին

karen karapetyan

Կառավարության անդամները պատասխանում են խորհրդարանականների հարցերին: «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ առաջին տրանշի աշխատանքներն ավարտվել են, սակայն դեռ չի հանձնվել:

«Դեռ երաշխիքային սպասարկման մեջ է եւ չի վճարված վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին: Ինչ թերություններ որ կան, այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է: Ինչ վերաբերում է տրանշ 2-ին եւ 3-ին, նրանք ֆինանսավորվում են Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ինվեստիցիոն բանկի միջոցներով, աշխատանքները շարունակում են: Ըստ պայմանագրի՝ ավարտը նախատեսվում է 2019 թվականին»,- նշեց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վերահսկողություն է իրականացվում նախարարության կողմից:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին վերջինիս մեկամյա գործունեությանն առնչվող: Պատգամավորը հարցրեց, թե Կարապետյանն ինչու չի գնում արեւմտյան երկրներ ներդրումներ բերելու համար, արդյոք պատճառն այն է, որ չեն հրավիրում արեւմտյան երկրների տարբեր քաղաքներից, թե՞ հրավիրում են, բայց Կարապետյանը մերժում է նրանց:

Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց, թե այցերն ինքնանպատակ չեն:

«Եթե մենք չենք այցելում, դա չի նշանակում, որ մենք արեւմտյան երկրների կամ արեւմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, եւ այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք կունենանք օրակարգ եւ առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»:

Կարապետյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որեւէ այլ շուկայի նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել:

Մարուքյանն արձագանքեց, որ դեմ են կառավարության «տուրիզմին», սակայն իրենց զարմացնում է, որ մեկ տարվա ընթացքում դեռ չի ձեւավորվել այդ օրակարգը:

Կարապետյանը նշեց, թե օրակարգ չկա այց կատարելու, սակայն դա չի նշանակում, որ չկա օրակարգ արեւմտյան գործընկերների (ԵՄ, ԱՄՆ) հետ հանդիպման, եւ կան պոտենցիալ ծրագրեր: Վարչապետը նշեց, որ հարցադրման մեջ կա տողատակ, որի էությունը հասկանալի չէ:

«Անպատճառ պետք է այց ունենանք, դա՞ է ցուցանիշը: Ես չեմ կարծում: Օրակարգ ունեմ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե օրակարգ ունենամ: Հենց Ամստերդամ օրակարգ ունենամ, գնալու եմ Ամստերդամ: Այցի օրակարգ, ոչ թե ներդրումներ բերելու: Դուք ասում եք՝ արեւմտյան Եվրոպայից ներդրումներ բերելու օրակարգ չունեք: Ես այդպես չեմ ասել»,- եզրափակեց Կարապետյանը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝