«Ծաղր՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ»

pastabanner

ՀՀ փաստաբանների պալատի 184 փաստաբան գործադուլ են իրականացնում: Նրանք ընդվզում են դատարաններում զննության ենթարկվելու պահանջի դեմ, որը համարում են ապօրինի խուզարկություն՝ ստորացուցիչ պայմաններում:

Այսօր փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին ներկա է եղել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի օրերս վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը նախ հարց է բարձրացրել, թե կա՞ր արդյոք որեւէ նախադեպ, երբ փաստաբանը դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, ինչը դրդել է փաստաբաններին խուզարկելու որոշում կայացնել:

«Կամ փորձել է օժանդակել ինչ-որ նախապատրաստվող հանցագործության կամ այլ իրավախախտման: Եղե՞լ է արդյոք նման ինչ-որ դեպք, որին պետությունը կփորձեր նման կերպ արձագանքել, այսինքն, կանխել նման երեւույթները: Իհարկե ոչ: Եվ ես կարծում եմ, որ կիրառվող մեթոդները, գործողությունները բացարձակապես հիմնավոր չեն եւ կամայական մոտեցման արդյունք են: Ես կարծում եմ, որ նման պահանջներն՝ ուղղված փաստաբանին, չեն կարող ստորացուցիչ չլինել, որովհետեւ փաստաբանները, փաստաբանությունը հասարակության մեջ որոշակի տեղ, դեր, նշանակություն ունեցող մարդիկ են եւ մարդկանց համախմբում: Վերաբերվել նրանց նման կերպ՝ ես կարծում եմ, որ անթույլատրելի է»:

Վարոսյանն անդրադարձել է նաեւ արգելված առարկաների ցանկ սահմանելու որոշմանը՝ համարելով դա ծաղր Հայաստանի Հանրապետության հանդեպ:

«Գնալով համոզվում եմ, որ ավելի լավ է պետական մարմինները որեւէ գործողություն չանեն, քան փորձեն ինչ-որ լուծումներ գտնել, որովհետեւ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունն արժանի է ծաղրի: Իսկ այդ փաստաթուղթը ծաղր է պետության նկատմամբ»:

Երվանդ Վարոսյանը խնդրել է գործընկերներին նաեւ ելքեր առաջարկել:

«Ի վերջո, եթե անվտանգության խնդիր իրոք տեսնում է պետությունը, գուցե մենք չենք տեսնում, մի պահ ընդունենք վերապահումով, որ կա այդ խնդիրը, ես կխնդրեի՝ հավաքված գործընկերները առաջարկ ներկայացնեին, թե ինչ ձեւով կարելի է այդ ամեն ինչը կազմակերպել, որպեսզի ոչ մեր իրավունքները խախտվեն, ոչ մենք նվաստացվենք, ոչ օրենք խախտվի»:

Դիտվել է՝