ԳԱԼԱ-ն առաջարկում է դիմել կառավարություն եւ սուբվենցիա պահանջել Գյումրու նախակրթարանների համար

Քրիստինա Մկրտչյան

Գյումրու ավագանու նիստում առաջարկ արվեց արտադպրոցական հիմնարկների՝ այդ թվում նախակրթարանների երեխաների համար սահմանել որոշակի արտոնություններ ուսման վարձավճարի 50-100 տոկոսանոց զեղչային համակարգից օգտվելու համար:

ԳԱԼԱ խմբակցությունից Ք. Մկրտչյանը զեկուցողից հետաքրքրվեց, թե կոնկրետ հայտնի՞ է՝ քանի երեխա է օգտվում ուսման վարձավճարի զեղչից եւ քանի երեխա կոնկրետ նախակրթարան չի հաճախում Գյումրիում:

Քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ իրեն այդ թվերը հայտնի չեն:

ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը հանդես եկավ ելույթ-առաջարկությամբ՝ ասելով.

«Մեր մոտավոր հաշվարկներով ձեր ասած արտոնություններից 200-250 երեխա է օգտվում: Ճիշտ կլինի այնպիսի չափորոշիչներ ընտրվեին, որ գոնե 2000 երեխա օգտվեր: Այսինքն արտոնություն չսահմանենք զուտ սահմանելու համար, այլ որ առարկայական լինի:

Մեր հաշվարկներով շուրջ 1800 փոքրիկ նախակրթարանային տարիքի է, բայց չի հաճախում: Հաստատապես նրանց մի մասը զրկված է նախակրթարաններում կրթությունից՝ ընտանիքներում առկա սոցիալական խնդիրների պատճառով»:

ԳԱԼԱ-ի ներկայացուցիչն ապա ասաց, որ պետք է ջանքեր ներդնել հասնելու նրան, որպեսզի Գյումրիում նախակրթարանային տարիքի բոլոր երեխաներին ի վիճակի լինեն նախակրթարան ուղարկել:

«Հայաստանի տարբեր համայնքներում նախակրթարանների մատչելիությունը տարբեր է, մասնավորաբար Երեւանում նախակրթարաններում ուսումն անվճար է արդեն վեց տարի:

Երկու առաջարկ ունեմ.

1.Ջանքեր ներդնել, միջոցներ հայթայթել, որպեսզի Գյումրիում նախակրթարանային տարիքի բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունենան: Կարիքավոր ընտանիքների համար սահմանել ուսման վարձավճարի այնպիսի զեղչային համակարգ, որ ուսման վճարը խոչընդոտ չլինի մանկապարտեզ հաճախելու համար:

2.Դիմել ՀՀ կառավարությանը, Տարածքային զարգացման նախարարության հետ բանակցություններ վարել եւ հասնել նրան, որ Գյումրուն տրվի տարեկան այն ծավալի սուբվենցիա (պետական դրամաշնորհ), որ Գյումրու նախակրթարանները երեխային ծառայեն անվճար, այնպես, ինչպես մայրաքաղաքում է»:

 

Դիտվել է՝