ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Ադրբեջանին զենքի մատակարարման եւ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու քննարկումների մասին

ivan-valinkin

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել հարցն այն մասին, թե ինչու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակում զինել Ադրբեջանին:

Հիշեցնենք, օրեր առաջ ՌԴ նախագահն էր քննադատել ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումն Ուկրաինային՝ ասելով. «Հակամարտության գոտի սպառազինության մատակարարումը չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլ միայն սրում է իրավիճակը»:

Լրագրողները հարցրին, թե ինչպես է ստացվում, որ մի կողմից Ռուսաստանի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային սպառազինություն վաճառելու համար՝ հայտարարելով, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումը կսրի իրավիճակը, մյուս կողմից ՌԴ-ն շարունակում է հարձակողական սպառազինության լայնածավալ մատակարարումներն Ադրբեջան:

Ի պատասխան՝ Վոլինկինն ասաց. «Դուք ուրիշ թեմա ունե՞ք, ինչքա՞ն կարելի է այդ մասին խոսել: Ռուսաստանի բոլոր ղեկավարներն արդեն արտահայտվել են այդ թեմայի վերաբերյալ»: Ապա հավելեց, որ ՌԴ սպառազինություն է մատակարարում նաև Հայաստանին»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ռազմական ոլորտում հայ-չինական համագործակցությանը, դեսպանն արձագանքեց. «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է հարաբերություններ զարգացնել ում հետ ցանկանում է»: Ապա շարունակեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ են, եւ չի կարելի ընկերություն անել ինչ-որ մեկի դեմ: «Ընկերությունը սրտից է գալիս, իսկ ինչ-որ մեկի դեմ ընկերություն անելն արդեն ընկերություն չէ»:

Վերջում Վոլինկինն անդրադարձավ նաև ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ԱԺ «Ելք» դաշինքի նախաձեռնությանը՝ իր հերթին հարց հնչեցնելով, թե դա որքանով է Հայաստանի շահերից բխում, որքանով է ձեռնտու ՀՀ-ին. «Եթե ցանկանում են հանդես գալ նման նախաձեռնությամբ, խնդրեմ: Ոչ ոք նրանց չի խանգարում: Այլ հարց է՝ որքանո՞վ է դա հարկավոր Հայաստանին: Ես այն համոզմանն եմ, որ ՀՀ բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնությանը: Ժողովուրդը տեսնում է այն ակնհայտ առավելությունները, որ Հայաստանն ունի ԵՏՄ կազմում»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝