ԳԱԼԱ-ի առաջարկը Գյումրու ավագանուն՝ ուղերձով դիմել Ս. Սարգսյանին եւ հիշեցնել խոստումները Գյումրիի մասին

armenuhi vardanyan

Այսօր Գյումրու ավագանին որոշում կայացրեց սոցիալապես անապահով թվով 160 ընտանիքի համայնքի բյուջեից հատկացնել 10 հազարական դրամի չափով աջակցություն:

Մինչ այդ հարցը զեկուցողին ԳԱԼԱ խմբակցությունից Քրիստինա Մկրտչյանը հարցրեց, թե քանի դիմում է եղել սոցիալապես անապահով ընտանիքներից եւ քանի հոգու են մերժել ու ինչ հիմնավորմամբ:

Ֆինանսիստ Լենա Ջիլավյանը հայտարարեց, թե չգիտի քանի դիմում է  եղել ու քանի հոգու դիմում մերժել են, բայց գիտի, որ 160 դիմումի ընդառաջել են, եւ ընտրողը եղել է սոցիալական հանձնաժողովը:

Ելույթի իրավունքով ԳԱԼԱ խմբակցության ղեկավար  Արմենուհի Վարդանյանը մի քանի կարեւոր փաստեր արձանագրեց.

«Իշխող կուսակցության կողմից վարվող քաղաքականության արդյունքում գնալով խորանում է աղքատությունը: Շիրակի մարզում եւ Գյումրիում այն  հատել է 45-46 տոկոսի շեմը, եւ հասկանալի է, որ սոցիալապես անապահով  հազարավոր մարդիկ կան: Քաղաքի բյուջեն պարզապես չունի այդ հնարավորությունը, բյուջեի միջոցները սահմանափակ են այդ ընտանիքներին բոլորին աջակցելու համար: Իմ կարծիքով փոփոխության է պետք ենթարկել այս կարգը, եւ մենք հանձնաժողովում ունենք ներկայացուցիչ եւ կառաջարկենք»:

Այնուհետ Արմենուհի Վարդանյանը հիշեցրեց, որ ավագանին ուղերձով դիմելու իրավունք ունի, եւ առաջարկեց օգտվել այդ իրավունքից.

«Մենք օրենքով սահմանված կարգով ունենք հնարավորություն ուղերձ հղելու գործող իշխանություններին: Եկեք օգտվենք մեր այդ հնարավորությունից: ԳԱԼԱ խմբակցությունը կարող է  հանդես գալ համապատասխան նախաձեռնությամբ եւ կազմել ուղերձը: Ուղերձին կցենք տարբեր ժամանակներում  Սերժ Սարգսյանի, ներկա ու նախկին վարչապետերի խոստումները, ովքեր ամեն անգամ ընտրություններից առաջ խոստանում են ստեղծել աշխատատեղեր, կրճատել աղքատությունը, բարձրացնել աշխատավարձերը եւ այլն: Ժամանակն է իրենց հիշեցնել խոստումների մասին: Հեռուստաէկրաններ էլ այստեղ կան, շատ լավ է: Եթե կլինի համաձայնություն ավագանու կողմից, կինոդիտում կազմակերպենք եւ տեսնենք Սերժ Սարգսյանի՝ տարբեր ժամանակներում տված խոստումները: Եվ պարզապես ազդակ իջեցնենք, որ բավական է սուտ խոստումներով  խորացնել աղքատությունը: Այլապես ընտրակաշառքի չափ հիշեցնող տասը հազարական դրամներով խնդիր չի լուծվում, աղքատությունը չի նվազում»:

Արձագանքեց «Բալասանյան» դաշինքից Հրայր Կարապետյանը, ով ՀՀԿ-ից է եւ զբաղեցնում է  նաեւ Շիրակի մարզի կրթության վարչության պետի պաշտոնը: Նա կոչ արեց քաղաքական կոչեր չհնչեցնել ավագանու նիստի ընթացքում.

«Հարց ունեք տվեք, քննարկենք. կողմ եք՝ կողմ եք, դեմ եք՝ դեմ եք: Առավել եւս քաղաքական իշխող կուսակցությունից  նստած ներկայացուցիչներին ինչ-որ հորդոր, ինչ-որ բան գրենք, անենք…

Դա ասվում է,  արվում է, պետք չէ ցուցադրաբար, կոնկրետ հարցեր լինեն, կոնկրետ քննարկենք»:

Ի պատասխան Արմենուհի Վարդանյանը պատասխանեց՝ ասելով.

«Ես ուզում եմ հիշեցնել, որ սա քաղաքական հարթակ է, եւ այստեղ ի դեմս Ձեզ, պարոն Կարապետյան, ի դեմս բոլոր ներկաների քաղաքական ֆիգուրներ են, ովքեր ներկայացնում են տարբեր քաղաքական կուսակցություններ: Այնպես որ բացառված չէ, անգամ պարտադիր է, որպեսզի քաղաքական դիրքորոշում ներկայացվի: Համենայնդեպս իմ ասելիքը վերաբերում էր շատ ավելի խոշոր տրամաչափի գործիչներին»:

 

Դիտվել է՝