Մնացականյանը եւ Մամեդյարովը համաձայնել են 2019-ի սկզբին հանդիպել. ԵԱՀԿ

timthumb

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը:

 Այդ մասին ասվում է Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո  համանախագահների տարածած հայտարարությունում:

Համանախագահները ողջունել են հրադադարի խախտման դեպքերի եւ զոհերի մասին լուրերի զգալի նվազեցումը այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջւանի եւ Հայաստանի ղեկավարների զրույցից հետո:

Նրանք դիմել են կողմերին ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը շարունակելու եւ երկրների բնակիչներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կարող է վերսկսվել՝ կոնկրետ արդյունքներին ուղղած երկխոսությունը` հակամարտության արդարացի եւ կայուն կարգավորմանը նպաստելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել են  իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորման եւ հետագա լարվածության նվազեցման համար:

Նրանք համաձայնել են այդ նպատակով եւ բարձր մակարդակի բանակցությունների հասնելու համար հանդիպել 2019-ի սկզբին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նախարարները ընդունել են համանախագահների բարեխիղճ միջնորդական ջանքերը եւ ակտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Դիտվել է՝