Դավոս մեկնելու ժամանա՞կ, նպատակահարմարությո՞ւն, թե՞ փող գտավ Հայաստանը. ինչո՞վ է առանձնահատուկ 2018-ը

vrcchhh

Հունվարի 23-ից 26-ը շվեյցարական Դավոսում 48-րդ անգամ կանցկացվի Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ, գործարարներ, գիտնականներ և բազմաթիվ հեղինակավոր անձինք:

48-րդ համաժողովը կրում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» (“Creating a Shared Future in a Fractured World”) խորագիրը: Ֆորումի կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցները կկարողանան գալ ընդհանուր հայտարարի մի շարք խնդիրների շուրջ, որոնք անհանգստացնում են միջազգային հանրությանը՝ մասնավորապես կլիմայի փոփոխություն, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի մարտահրավերները և գլոբալ տնտեսական կապերը:

Բիզնես մագնատները և բարձրաստիճան քաղաքական գործիչները երկխոսության ճանապարհով կփորձեն գտնել համաշխարհային տնտեսության մեջ առկա ճգնաժամային իրավիճակը կանխարգելելու հարցերը: Քաղաքական ուժերի հետ միասին համաշխարհային բիզնեսի առաջատարները կփորձեն հստակեցնել, թե հասարակության լայն շերտերը միջազգային առևտրատնտեսական կապերի արդյունքում ինչ օգուտներ կքաղեն:

Համաշխարհային տնտեսական 48-րդ համաժողովին ներկա կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան մամլո խոսնակը հայտարարել է, որ տնտեսական ֆորումից Թրամփի ակնկալիքն է առաջ մղել սեփական քաղաքականությունը, որն ուղղված է ամերիկյան բիզնեսի, ամերիկյան ձեռնարկությունների և ամերիկացի աշխատավորների շահերի ամրապնդմանը:qqqq

Ներդրումներ գրավելու, առանցքային ռազմավարական և սուր խնդիրներ վեր հանելու աշխարհի խոշորագույն հարթակը Հայաստանի իշխանությունների համար չի կարևորվել, մինչդեռ մեր հարևան երկրները, և ոչ միայն, Տնտեսական համաժողովին մասնակցելով պետության առաջին դեմքի մակարդակով, լրջագույն հարցեր են առաջ մղել:

Համաշխարհային տնտեսական համաժողովը կարևորագույն հարթակ է, որը մատնանշում է՝ ինչ ուղղությամբ է ընթանալու համաշխարհային տնտեսությունը, որոնք են լինելու առանցքային գաղափարները, ուղղությունները, որոնց վրա են շեշտադրելու և իրենց տնտեսությունը կառուցելու աշխարհի պետությունները: Հարկ է նշել, որ լինելով տնտեսական հարթակ՝ Դավոսը երբեք չի սահմանափակվել միայն տնտեսական հարցերի քննարկմամբ: Մշտապես անխուսափելի է եղել նաև քաղաքական թիվ մեկ խնդիրների քննարկումը:

Դավոսի համաժողովներն ու գործընթացներից դուրս շպրտված Հայաստանը

ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է մասնակցել Դավոսի համաժողովին՝ 2009 թվականին, որտեղ ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Հիշեցնենք, 2008-2009թթ. Սարգսյանի կողմից նախաձեռնված ֆուտբոլային անհաջող դիվանագիտության տարիներն էին, և Դավոսում նա, ի թիվս մի շարք հանդիպումների, Թուրքիայի վարչապետի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպեց: Կողմերը Դավոսում արձանագրեցին, որ լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել հարաբերությունների կարգավորման համար: bnnn

Սարգսյանն այլևս չներկայացրեց Հայաստանը Դավոսում: Տարիներ շարունակ տնտեսական լրջագույն խնդիրները, խորացող ճգնաժամը ևս մեր երկրին չտարան Դավոս՝ գտնելու այդ խնդիրների լուծման ուղիները:

Կամ հակառակը, հայաստանյան իշխանությունները, հստակ գիտակցելով իրենց քրեաօլիգարխիկ բնույթը, հասկացան, որ Դավոսն անկարող է «փրկել մեզ», և հրաժարվեցին մասնակցել ամենամյա համաժողովներին:

Փոխարենը սկսեցին «հայկական Դավոս» ոչ պաշտոնական անունը կրող համաժողով անցկացնել Հայաստանի հանգստյան գոտիներում: Մոռացված համաժողովների ժամանակ նեղ շրջանակներում սկսեցին քննարկել գործարարների խնդիրները:

2010 թվական

ՀՀ իշխանությունները հաստատեցին՝ Հայաստանը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին: 2010-ին տարածաշրջանի երկրներից ներկա գտնվեց Ադրբեջանը՝ երկրի առաջին դեմքի մակարդակով: Ալիևը Դավոսում զեկույցով հանդես եկավ՝ «Նավթագազային աշխարհաքաղաքականությունը. նոր սահմաններ» թեմայով: 2010-ին Վրաստանը չմասնակցեց տնտեսական համաժողովին, ինչը երկրի ներսում լրջագույն խմորումների տեղիք տվեց:

Այդ շրջանում ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարեց, որ երկրի չներկայանալը ֆորումին ցուցիչ է, որ ընկել է երկրի վարկանիշը, որ առաջնորդ չուղարկելը Դավոս նշանակում է միջազգային մեկուսացման սկիզբը դնել:

2011 թվական

Համաժողովին մասնակցեցին աշխարհի շուրջ 100 երկրների ավելի քան 2500 գործարարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ 35 երկրների առաջնորդներ, որոնց թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը և այլք: Պաշտոնական Երևանի ներկայացուցիչը բացակա էր:

2012 թվական

Այդ տարի էլ Հայաստանի կողմից անտեսվեց Համաշխարհային տնտեսական համաժողովը: Պատճառաբանությունը զավեշտի էր հասնում: Այդ ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը խնայողաբար է մոտենում պետական միջոցներին, և այդ նկատառումներից ելնելով է, որ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանը շատ հազվադեպ է մասնակցում:

Դավթյանը նաև հայտարարեց, թե Հայաստանի համար Դավոսն այս պահին հետաքրքիր չէ: 

2013 թվական

Դավոսն այդպես էլ հետաքրքիր չդարձավ Հայաստանի համար նաև 2013-ին: Հարևաններն ակտիվորեն շարունակեցին կարևորել և ներկայացնել իրենց երկիրը միջազգային հարթակում: Վրաստանից մասնակցեց երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իսկ Ադրբեջանից, ինչպես նախորդ մի քանի տարիներին, Իլհամ Ալիևը: Ալիևը հայտարարեց՝ իր երկիրը շատ արագ է զարգանում և ցանկանում է հնարավորինս ընդարձակել կապերը միջազգային գործարար համայնքի, հատկապես այն ընկերությունների հետ, որոնք դեռ կապեր չեն հաստատել Ադրբեջանի հետ։

2014 թվական

Այս տարի էլ Հայաստանը չմասնակցեց Դավոսի համաժողովին:

Ադրբեջանը կրկին առաջին դեմքի մակարդակով ներկա գտնվեց և ԵԱՀԿ պաշտոնյաների հետ քննարկեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հակամարտության կարգավորման հարցերը: Վրաստանը ներկայացրեցին վարչապետը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները:

Համաժողովին մասնակցեց նաև Իրանի նախագահը:

2015 թվական

Շվեյցարիայում 45-րդ անգամ անցկացվեց ամենամյա Դավոս համաշխարհային տնտեսական ֆորումը՝ «Նոր գլոբալ ենթատեքստ» խորագրով: Թեման ներառում էր քաղաքական, տնտեսական, սոցիալական այն բոլոր փոփոխությունները, որոնց հետ բախվել էր աշխարհը:

Դավոս ժամանեցին ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից՝ ներառյալ աշխարհի ամենամեծ և ամենահաջողակ բիզնեսների 1000 ղեկավարները, G20 խմբի և տարբեր այլ երկրների կառավարությունների ու կառույցների, ամենախոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանը Դավոսում ոչ ասելիք, ոչ անելիք ունեցավ:

2016 թվական

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» խորագիրը կրող եռօրյա համաժողովին տարբեր երկրների 40 ղեկավարներ մասնակցեցին:

Հարևան երկրներից Վրաստանը ներկայացավ վարչապետի, իսկ Ադրբեջանը՝ նախագահի մակարդակով: Հայաստանի համար խորթ էր նաև «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը»:

2017 թվական

Թե ինչու էր շարունակաբար Հայաստանն անտեսում տնտեսական այս հարթակը, պատասխանեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն՝ ասելով, որ Հայաստանը Դավոսի տնտեսական համաժողովին չի ներկայացել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Կարապետյանը, ով պարբերաբար խոսում էր ներդրումների անհրաժեշտության մասին, սակայն ներդրումներ ներգրավելու այս խոշորագույն հարթակին չներկայացավ Հայաստանը՝ ժամանակ չունենալու պատճառաբանությամբ:

2018 թվական

Երկարատև դադարից հետո Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մեկնեց Դավոս՝ տնտեսական համաժողովին մասնակցելու:

Նախ Ցյուրիխում Կարապետյանը հանդիպեց շվեյցարացի գործարարների հետ և հորդորեց նրանց ներդրումներ անել Հայաստանում: Այնուհետև մեկնեց Դավոս: Համաժողովի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Հարց է առաջանում՝ 2018 թվականն ինչո՞վ է առանձնահատուկ: Դավոս մեկնելու ժամանա՞կ, նպատակահարմարությո՞ւն, թե՞ փող գտավ Հայաստանը: Ինչո՞ւ հիմա որոշեց գնալ, երբ 2009 թվականից հետո տարիներ շարունակ չկարևորեց այդ միջոցառումն անհեթեթ թվացող պատճառաբանություններով:

Այն, թե գուցե «դարձի են եկել» և հասկացել են, որ պետք չէ մեր երկիրը դուրս մղել տարբեր հարթակներում ներկայացնելու հնարավորությունից, քիչ հավանական է, որովհետև իրականում Հայաստանում բան չի փոխվել: Իշխանության ղեկին նույն քաղաքական ուժն է՝ նույն մտածողությամբ, պատկերացումներով ու կարծրատիպերով: Չի փոխվել քաղաքական համակարգի բովանդակությունը:

Հետևաբար իշխանական վերադասավորումներից առաջ այս քայլը կարող է դիտվել հերթական PR ակցիան բաց չթողնելու առիթ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա: Վաղն արդեն Ստրասբուրգում նա ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ:

2018-ի ապրիլին ընդառաջ Ֆրանսիա մեկնումը և Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի հետ հանդիպումը բավականին խորհրդանշական է:

Իր հերթին վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում է հանդիպումներ ունենում, փորձում իր կողմից PR-ի անհրաժեշտ չափաբաժինն ապահովել, մեկնումից մինչև ժամանում՝ օդանավից ու հանդիպումներից լուսանկարներ տարածելով:

Արմենուհի Վարդանյան

 

Դիտվել է՝