«2018-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկերի գծով մուտքերը կազմել են 880 միլիարդ դրամ». ՊԵԿ նախագահ

davit

2018-ի հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի հավաքագրած գումարները կամ միասնական գանձապետական հաշվին հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով մուտքերը կազմել են 880 միլիարդ դրամ: Այս թվային տվյալը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 759,2 մլրդ դրամ: Անցած 8 ամսում վերադարձվել է 67,2 մլրդ դրամ: Նախորդ տարի վերադարձը եղել է 24,5 մլրդ դրամ:

Խոսելով հարկային օրենսդրության մեջ փոփոխությունների մասին՝ Դավիթ Անանյանն ասաց, որ դրանք միջնաժամկետ են և ավելի հեռանկարային: Այս տարի արդեն մի քանի նախագծեր կներկայացնեն ԱԺ: Դրանցից մեկի մասին օրերս խոսել էր վարչապետն իր տեսաուղերձի ժամանակ: Մտադրություն կա նաև օրենսդրորեն կրճատել այլընտրանքային հարկային համակարգերը. գործող 5 համակարգերի (ինքնազբաղվածներ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, արտոնագրային դաշտում գործողներ, շրջանառության հարկով հարկվողներ և հարկման ընդհանուր համակարգում գտնվողներ) փոխարեն թողնել 3-ը: Վերացվելու են նաև Հարկային օրենսգրքում առկա տարընթերցումները:

ՊԵԿ նախագահին հարց ուղղվեց՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցած շաբաթ ստուգումներ արվե՞լ են: Գլխավոր հարկահավաքն ասաց, որ շաբաթ օրը ստուգումներ չեն եղել: Իսկ հետագայում ստուգումներ կարվե՞ն, երկրորդող հարցին Դավիթ Անանյանը պատասխանեց. «Իրականացվելու են արդյոք՝ այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ կարող է հանկարծ բացահայտեմ քննչական գործողություններ, բայց նախկինում որոշակի գործողություններ իրականացվել են, և դրանք առնչվել են գազալցակայաններին»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դիտվել է՝