Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահություն

news151239630668631DSC_0006s

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:

«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- ասաց Մայքլ Քրիստիդեսը:

Կողմերը քննարկեցին կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, կարևորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով:

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ:

Կազմակերպության շրջանակներում Հայաստանը ստորագրել է «Սևծովյան տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացման մասին» և «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրերը:

Նշված հուշագրերն ունեն Սևծովյան տարածաշրջանում փոխադրումները դյուրացնելու, սահմանների հատման գործընթացները պարզեցնելու և ՍԾՏՀ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտ ներդաշնակեցնելու նպատակ:

Դիտվել է՝