Քննարկվում է ԱԺ 2018 թ.-ի բյուջեն. կապահովվի միջինում 5%-անոց տնտեսական աճ. Կարեն Կարապետյան

AJ2

ՀՀ ԱԺ-ում  մեկնարկել է 2018 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում է:

«2018 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստին ներկա են նաեւ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ:

Խոսքով հանդես եկավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.

«Հաշվի առնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նպատակադրումները՝  2018թ.-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ ենք կատարել: Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը  շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն  իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝  առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայունության ապահովման հարցում»,- ասաց նա:

Վարչապետը բյուջեի մանրամասներին չանդրադառնալով՝ այդուհանդերձ ներկայացրեց բյուջեում շեշտադրված մի քանի դրույթ:

«Նախ՝ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքինից  ներթափանցող բացասական ցնցումներով, ինչի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար»,- ասաց վարչապետը և նշեց, որ այս տարի ծրագրել են այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կնախորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: 

«Այլ կերպ ասած՝ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայի համար՝ ապահովելով միջինում 5%-անոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները՝ թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, թե՛ սոցիալական բնույթով»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ նշված ցուցանիշին հասնելու համար բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք է պահանջվում: «Սա հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել է տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, սոցիալական ապահովությունը»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ նշված քաղաքականությունը կապահովի զարգացման երկարաժամկետ անվտանգ, կայուն ու ամուր հիմքեր: Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛  գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Նախագիծը կլինի նաեւ ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերում:

Դիտվել է՝